Լոռու մարզի Այրում գյուղում մի անլուծելի համարվող խնդիր կա, որ տարիներ շարունակ գյուղի ղեկավարները ոչ թե միջոցներ, այլ համարձակություն չեն ունեցել լուծելու, այսինքն` պայքարելու մարզի ու հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների դեմ:
Մոտ 400 հա հողատարածք ունի գյուղը, որի կեսից ավելին նախկին ու ներկա պաշտոնյաների ձեռքին է: Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղի պահուստային, այլ գյուղացիների սեփական հողատարածքների մասին է:
«Որ գյուղացուց հողը վերցնեն, հարուստներին տան, գյուղացու վիճակը ո՞նց կլինի»,-հարցնում է Մանվել Վարդանյանը և ինքն իր հարցի պատասխանը տալիս, – «Արդեն մի քանի տարի է` ես չեմ կարողանում իմ հողին տեր կանգնել: Սոցիալական վիճակս շատ ծանր է»: Վարդանյանը պատմում է, որ այգի է ունեցել 80 բերքատու ծառերով: Իր սեփական հողի նոր «տերերը» հիմքից կտրել են ու տեղը ցորեն են ցանում:
Լոռու մարզի Այրում գյուղում մի անլուծելի համարվող խնդիր կա, որ տարիներ շարունակ գյուղի ղեկավարները ոչ թե միջոցներ, այլ համարձակություն չեն ունեցել լուծելու, այսինքն` պայքարելու մարզի ու հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների դեմ:
Մոտ 400 հա հողատարածք ունի գյուղը, որի կեսից ավելին նախկին ու ներկա պաշտոնյաների ձեռքին է: Ընդ որում, խոսքը ոչ միայն գյուղի պահուստային, այլ գյուղացիների սեփական հողատարածքների մասին է:
«Որ գյուղացուց հողը վերցնեն, հարուստներին տան, գյուղացու վիճակը ո՞նց կլինի»,-հարցնում է Մանվել Վարդանյանը և ինքն իր հարցի պատասխանը տալիս, – «Արդեն մի քանի տարի է` ես չեմ կարողանում իմ հողին տեր կանգնել: Սոցիալական վիճակս շատ ծանր է»: Վարդանյանը պատմում է, որ այգի է ունեցել 80 բերքատու ծառերով: Իր սեփական հողի նոր «տերերը» հիմքից կտրել են ու տեղը ցորեն են ցանում:
Պատմությունը սկսվել է դեռ 10 տարի առաջ, երբ Լոռու մարզպետը Հենրիկ Քոչինյանն էր (պաշտոնավարել է 1998-2007 թթ.): Գյուղացիներից ոմանք, ովքեր չեն կարողացել մշակել իրենց հողերն ու նաեւ վճարել հարկերը, մի օր տեսել են, որ իրենց սեփական հողը մարզպետի եղբայրներն են մշակում: (Նրանցից մեկը` Հովհաննես Քոչինյանը, ԱԺ նախկին պատգամավոր է, մյուսը` Հայկազ Քոչինյանը մինչ այսօր հարեւան գյուղի` Շնողի գյուղապետն է): Գյուղացիները նշեցին նաեւ ՀՀ ոստիկանության Ալավերդու բաժնի պետ Արտուշ Բոշյանի անունը` որպես գյուղի խոշոր հողօգտագործող:
Երիտասարդներից ոմանք, ովքեր նոր ընտանիք են կազմել, գյուղում ապրուստի միջոց ունենալու համար անձամբ դիմել են գյուղապետ Պապիկ Առուշանյանին գյուղի պահուստային հողերից վարձակալության կարգով տարածք ստանալու խնդրանքով, սակայն գյուղապետը մերժել է, ասելով որ գյուղում ազատ հող չկա: «Բայց ինձ մոտ Երեւանից գյուղապետին զանգեց մի շատ հայտնի մարդ, նրա նույն խնդրանքն իհարկե չմերժեց: Այս գյուղի հողերի մոտ 80 տոկոսը դրսի ազդեցիկ մարդկանց ձեռքին է»,-ասաց Արմեն Ասլանյանը:
«Կեռասի հարյուրավոր հեկտար այգի կա գյուղում: Հողը մեր վրա է գրանցված, բայց ուրիշն է մշակում: Չեմ կարող անունը տալ: Իսկ այդ հողի հարկերը մենք ենք վճարում: Եթե չենք վճարում, պարտքին տուգանք է ավելանում»,-ասաց մի ուրիշ գյուղացի:
Խոսակցությանը միացան մարդիկ, ովքեր հավաստեցին, թե իրենցից ստիպողաբար չեն վերցրել հողատարածքը, այլ իրենք վաճառել են, կամ էլ թույլատրել այն օգտագործել: Սակայն մյուսներն ասացին, թե երբեւէ սեփական հողերի մասին իրենց հետ պայմանավորվածություն չի եղել:
Գյուղապետի օգնական Վեներա Դանիելյանը մոտեցավ գյուղացիներին ու արձագանքեց նրանց բողոքներին. խորհուրդ տվեց նախ վճարել տեղական բյուջեի նկատմամբ ունեցած պարտքերը:
Երիտասարդներից մեկը հակադարձեց նրան. «Այսօր գյուղի հողերի միայն 20 տոկոսի տերն է Այրումի բնակիչը: Անգամ եթե բոլորս վճարենք հարկերը, դրանից տեղական բյուջեն չի լցվի ու ստացված գումարը չի բավարարի գյուղի խնդիրները լուծելու համար: Իսկ հիմնական խոշոր հողօգտագործողները հարկեր չեն վճարում: Հարցրել եք` ինչու»:
Վեներա Դանիելյանը հիշեցրեց, թե իրավունք ունեք պայքարելու հողի նկատմամբ ունեցած իրավունքի համար: «Նույն Քոչինյան եղբայրներն իմ հողին էլ էին այդպես տիրանում, բայց ձեռքներից վերցրեցի: Պայմանագիր կնքեցին ու խաբեցին ժողովրդին: Երեք տարվա հողի հարկը` ավելի քան 300 հազար դրամ ես վճարեցի: Ինչո±ւ պիտի ես վճարեի: Տեր կանգնեք ձեր հողին»,- ասաց գյուղապետի օգնականը:
Այրումի գյուղապետ Պապիկ Առուշանյանը չժխտեց ազդեցիկ հողատերերի առկայությունը: Ընդ որում ասաց, որ իսկապես հարկեր չեն վճարել ու շարունակում են պարտքեր կուտակել տեղական բյուջեում: Սակայն նրանց նկատմամբ օրենքով սահմանված միջոցներ գյուղապետը չի կիրառել: Դրա փոխարեն հարցերն ընկերական կարգով լուծելու տարբերակ կա:
«Գյուղապետարանը պարտքերը պահանջելու լծակներ ունի, բայց չենք պահանջել, ընկերություն ենք արել: Այսինքն պահանջել եմ, բայց դատարան չեմ դիմել»,- ասում է գյուղապետ Առուշանյանը, բայց հրաժարվում է պարզաբանումներից:
«Չեմ դիմել դատարան: Չեմ կարող ասել, թե ինչու: Վերջ»:
2008 թվականի հոկտեմբերի 19-ին Այրումում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ձայնի առավելությամբ ընտրվեց գործող գյուղապետ Պապիկ Առուշանյանը:
Սակայն ՀՀ վարչական դատարանի որոշմամբ այստեղ ընտրություններն անվավեր ճանաչվեցին ու նոյեմբերի 9-ին վերաքվեարկություն կայացավ: Գործող գյուղապետ Պապիկ Առուշանյանի վերընտրության հարցում շահագրգիռ էին ու հաճախ գյուղ էին այցելում Լոռու մարզպետը, ոստիկանության Ալավերդու բաժնի պետը, ԱԺ պատգամավորներ նույնիսկ այլ մարզերից:
Բազմիցս նրա մրցակցին` Սահակ Նազարյանին հորդորում էին հանել թեկնածությունը, որի նախընտրական քարոզչության հիմնական ասելիքն այն էր, որ «ընտրվելու դեպքում խոշոր հողատերերի ձեռքից կվերցնի ապօրինի զբաղեցրած տարածքներն ու կհանձնի գյուղացիներին: Նրանցից կպահանջի տեղական բյուջեին ունեցած պարտքերը»:
Գյուղապետի թեկնածու 29-ամյա Սահակ Նազարյանը 50 ձայնի տարբերությամբ պարտություն կրեց գործող գյուղապետ 70-ամյա Պապիկ Առուշանյանի նկատմամբ:
Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Դասընթացը կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն: