Skip to content

Մենք

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունն իր հիմնադրման պահից [2007թ.] ակտիվ գործունեություն է ծավալում հայաստանյան լրագրության, վիճակագրական տվյալների, հեղինակային իրավունքի պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և մեդիա կրթության ուղղություններով:

Մենք իրականացնում ենք մեդիա ոլորտին առնչվող դասընթացներ, հետազոտական գործունեություն, հրատարակում մասնագիտական գրքեր, ստեղծում ենք ինովացիոն հարթակներ և հանդես գալիս հասարակական նախաձեռնություններով:

Մեր տեսլականը

Մենք հավատում ենք, որ կայուն և ապահով ապագա հնարավոր է, երբ բոլոր մարդիկ իրար հետ ազատ հաղորդակցվելու հնարավորություն ունենան: Եվ այստեղ է, որ մենք մեր կարողությունների չափով փորձում ենք նպաստել համացանցից և սոցիալական ցանցերից օգտվողների ավելացմանը և տեղեկատվական գրագիտության ձևավորմանը:

Մեր առաքելությունը

Կազմակերպությունը խրախուսում է տեղեկատվության բազմազանությունը, այլընտրանքային տեղեկատվության տարածումը, խոսքի ազատ և անկախ արտահայտումը, անկողմնակալ լրատվամիջոցների զարգացումը՝ բարձր պահելով լրագրողի մասնագիտական որակները և արժևորելով հասարակության վստահությունը: Պաշտպանելով այս սկզբունքները՝ մենք հույս ունենք ձևավորել առավել տեղեկացված և ներգրավված հասարակություն, ինչպես նաև մեդիա դաշտ, որն ավելի հաշվետու կլինի իր լսարանի առջև:

Մեր տարիների ձեռքբերումները

Հետհայացք նետելով գործունեության անցած տարիներին՝ կարող ենք վստահ նշել, որ միշտ հետևել ենք մեր իսկ որդեգրած առաքելությանը, և թե’ ինքնակրթության, և թե’ վերապատրաստման ծրագրերի արդյունքում ստացած գիտելիքն ու փորձը, տարբեր նախաձեռնությունների միջոցով փոխանցել ենք Հայաստանի և տարածաշրջանի մեր գործընկերներին` լրագրողներին, ուսանողներին, դասախոսներին և քաղհասարակության ներկայացուցիչներին: Այս տարիների ընթացքում կազմակերպել ենք տասնյակ միջոցառումներ, որոնց մասնակցել են շուրջ 4000 մարդ: ՀԿ-ն ունի նաև փոքրիկ գրադարան՝ հեղինակային գրքերով և ուսումնասիրություններով, որից կարող եք օգտվել այստեղ:

Մեր մրցանակներ

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության արդյունավետ գործունեության վառ ապացույցը հանդիսացել է մի շարք մրցանակների արժանանալը․

  • 2012թ․ փետրվար, Պրահա, Չեխիա․ «Համացանց. հաղորդակցության հավասար հնարավորություն խուլերի համար» ծրագիրը «One World Social Innovation Competition» միջազգային մրցույթում պաշտոնապես ընտրվեց որպես 22 հաջողված ծրագրերից մեկը:
  • 2012թ. սեպտեմբերի 28, Երևան, Հայաստան․ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից կազմակերպվող «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, ԼՀԱ-ն ճանաչվեց տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած հասարակական կազմակերպություն: Որպես բաց և լավ աշխատանքի խորհրդանիշ, կազմակերպությանը շնորհվեց «Ոսկե բանալի» և վկայական:
  • 2013թ. փետրվար, Երևան, Հայաստան․ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության ժամանակ, Հանրային թղթակցի անվանակարգում առաջին մրցանակը տրվեց ԼՀԱ-ի լրագրողին:
  • 2016 թ․ սկսած «Ամփոփ Մեդիան» լրագրողական տարբեր մրցույթներում արժանացել է 10-ից ավելի մրցանակների, և բոլորն առաջատար տեղերում: