Ամռան գալստի հետ Երևանում սկսել են ակտիվանալ հեծանվասպորտի սիրահարները, որոնք քաղաքում ունեն մի քանի հավաքատեղի, սակայն ամենից հայտնին դարձել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող այգին:
Գրեթե ամեն օր այստեղ կարելի է տեսնել հեծանվորդների, որոնք հիմնականում հարակից թաղամասերի բնակիչներն են: Բայց իսկական «անիվային իրարանցումը» սկսվում է շաբաթ և կիրակի օրերին, երբ մայրաքաղաքի գրեթե բոլոր թաղամասերից այստեղ են հավաքվում տասնյակ հեծանվորդներ: Եվ նրանց թիվը յուրաքանչյուր շաբաթ ավելանում է:
Երևանի լանդշաֆտի անհարթություններն այդքան էլ բարենպաստ չեն հեծանիվ վարելու համար, իսկ ճանապարհներն ի սկզբանե չեն ունեցել հեծանիվների համար առանձնացված ուղիներ: Մինչդեռ մի խումբ հայ հեծանվորդներ, անտեսելով այս դժվարությունները, որոշել են քաղաքում հեծանվային շարժում սկսել, որպեսզի վարորդներին և հետիոտներին սովորեցնեն հեծանվորդների ներկայությանը` դառնալով քաղաքային երթևեկի մի մաս:
«Երևանում հեծանիվ վարելու պայմաններ չկան: Վարորդներն անբարյացկամ են վերաբերվում` ազդանշան են տալիս կամ ճանապարհը չեն զիջում, այնպես են նայում, կարծես այլմոլորակային լինենք», – ասում է պրոֆեսիոնալ հեծանվորդ Սամվել Հովհաննիսյանը:

Հեծանվային շարժման մեջ ավելի շատ մարդկանց ներգրավելու և հեծանիվի օգտակարությունը քարոզելու նպատակով Սամվելը մի քանի հեծանվորդ կամավորների օգնությամբ ամեն շաբաթ օր հեծանիվ վարելու դասընթացներ է կազմակերպում, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք:
Սամվելը նաև հեծանիվներով է ապահովում, որոնք բերում է այգուց քիչ հեռու գտնվող իր հոր հեծանիվների արհեստանոցից (քաղաքում կա հեծանիվների վերանորոգման երկու արհեստանոց): Նույն հեծանիվներն օգտագործվում են նաև քաղաքից դուրս կազմակերպվող արշավների ժամանակ և տրամադրվում են նրանց, ովքեր դեռ չեն հասցրել ձեռք բերել սեփական ոտնակներով նժույգներ:
«Դասընթացներին հիմնականում աղջիկներ են մասնակցում, որոնցից շատերը երբևէ հեծանիվ չի էլ վարել: Մեկ-երկու օրում սովորում են: Այգիներում վարելուց հետո կազմակերպում ենք արշավներ քաղաքի փողոցներով՝ մոտ տարածությունների վրա: Երբ աստիճանաբար հմտանում են, մասնակցում են մեզ հետ քաղաքից դուրս կազմակերպվող արշավներին», – ասում է Սամվելը:
Հեծանվային դասընթացների ակտիվ մասնակիցներից է 25-ամյա Քնարա Տեր-Հովհաննիսյանը և ինչպես ինքն է ասում` սովորում է ոչ միայն հաճույքի համար: «Պլանավորում եմ հեծանիվը հետագայում որպես փոխադրամիջոց օգտագործել: Պատրաստվում եմ հեծանիվ գնել և դրանով գնալ աշխատանքի: Թեպետ աշխատավայրս տնից բավական հեռու է, կարծում եմ կկարողանամ հաղթահարել այդ ճանապարհը, եթե, իհարկե, լավ սովորեմ», – ասում է Քնարան:
Արշավներին մասնակցում են մոտ 30 հեծանվորդ, երբեմն նրանց թիվը հասնում է 100-ի:
Հեծանվային արշավների մասին ակտիվիստները տեղեկացնում են facebook-ում բացված Cycling Armenia (http://www.facebook.com/group.php?gid=33513142324) էջի միջոցով, որտեղ արդեն գրանցված են 300-ից ավելի համակիրներ: Վերջերս այստեղ տեղադրվել էր հայտարարություն այն մասին, որ քաղաքի դեղատներից մեկը փնտրում է հեծանվորդ-առաքիչ քաղաքի կենտրոնում պատվերներ կատարելու համար:
«Մենք պարզապես զզվել ենք երթուղային տաքսիներից, դրանցում հնչող երաժշտությունից, քաղաքի մշտական խցանումներից: Ես ինքս ինձ երթուղային տաքսու մեջ չեմ պատկերացնում: Քաղաքի կենտրոնում հեծանվով ավելի արագ ես տեղ հասնում, քան երթուղայինով», – ասում է հեծանվային շարժման ակտիվիստ Տիգրան Կուչատյանը:
«Հեծանիվը էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց է, որը պահպանում է բնությունն ու առողջությունը և ի տարբերություն այլ փոխադրամիջոցների այն մահացու չէ», – ասում է Տիգրանը:
Հեծանվային շարժման անդրանիկ մասնակիցներից են Հայաստանի երիտասարդ բնապահպանները: Արդեն երկու տարի է, ինչ բնապահպանները Մարիամ Սուխուդյանի նախաձեռնությամբ կազմակերպում են հեծանվային արշավներ դեպի Հայաստանի այն տարածքներ, ուր բնությունը պաշտպանության կարիք ունի անտրոպոգեն ազդեցություններից: Այդպես նրանք արշավել են դեպի Թեղուտի անտառներ, Ազատ գետի կիրճում «Քարերի սիմֆոնիա» անունը կրող բազալտե քվադրերի ուղղությամբ և այլն:
Մի քանի ամիս առաջ հեծանվորդները դիմել են Երևանի քաղաքապետարան այսուհետ կառուցվող բոլոր նոր ճանապարհներում հեծանվի համար առանձին ուղիներ նախատեսելու պահանջով:
«Քաղաքում գոյություն ունեցող ճանապարհներն առանց այն էլ նեղ են, անիրական է հեծանվային ուղիներ պահանջել, բայց գոնե նոր ճանապարհներ կառուցելիս նման ուղիներ նախատեսեն», – ասում է Տիգրանը և խոստովանում, որ քաղաքապետարանի պատասխանը հուսադրող չի եղել:
Աննա Բարսեղյանը Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող է: