«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակումը կարող է դադարեցվել զուտ այն պատճառով, որ հեռուստաընկերությանը պատկանող հեռարձակող ալեհավաքը դատարանի որոշմամբ պետք է մեկ ամսվա ընթացքում ապամոնտաժվի հեռուստաաշտարակի վրայից:
Փետրվարի 17-ին նման որոշում ընդունեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` այսպիսով վերջակետ դնելով երկու տարի ձգձգվող Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ԳԱԼԱ» ՀԸ սեփականատեր «Չապ» ՍՊԸ-ի և «Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությանը:
Վեճի առարկան հեռուստաաշտարակն էր, որը գտնվում է Գյումրու Վազգեն Սարգսյան 6/1 հասցեում: Այն երկար ժամանակ անտեր էր, սակայն 2007 թ-ին սեփականաշնորհվեց Գյումրու քաղաքապետարանի կողմից, որն էլ պահանջեց ազատել հեռուստաաշտարակը «ԳԱԼԱ»-ին պատկանող սարքավորումներից:
Երկու տարի շարունակ երկարատև ընդմիջումներով գործը լսելուց հետո դատավոր Շիրակ Հակոբյանը ընթերցեց վճիռը` բավարարելով միայն Գյումրու քաղաքապետարանի պահանջը: «Հարկադրել հեռուստաընկերությանը մեկամսյա ժամկետում Վ.Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «Չապ» ՍՊԸ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը (անտենան) և մալուխը», նշվում է դատավորի վճռի մեջ:

54 մետր բարձրություն ունեցող այս աշտարակը մինչև 1977 թիվը սպասարկել է Լենինականի հեռուստառադիոհեռարձակումները: Այնուհետև այն գրեթե պարապուրդի մատնվեց, քանի որ 1977 թ-ին Լենինականում տեղադրվեց 185 մետր բարձրությամբ հեռուստաաշտարակ: «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը աշտարակը օգտագործում է 2005 թվականի օգոստոսից` թեթև նորոգումից հետո:
Ըստ «ԳԱԼԱ»-ի սեփականատեր Վահան Խաչատրյանի, սա «ԳԱԼԱ»-ին եթերազրկելու հերթական փորձն է, և այս անգամ «գործիք» են դարձրել Գյումրու քաղաքապետին: Ի դեպ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կտրուկ հրաժարվում էր հեռուստաաշտարակը վարձակալական հիմունքներով տրամադրել հեռուստաընկերությանը:
Նա 2008 թ-ին հեռուստաաշտարակը ազատելու պահանջով դատի տվեց «ԳԱԼԱ»-ին. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ թեև բավարարեց քաղաքապետի պահանջը, սակայն կարճ ժամանակ անց գործը հասավ Վճռաբեկ դատարան, որն էլ բեկանեց այն` նորից քննության ուղարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Վճռաբեկ դատարանը գտավ, որ խախտվել է դատական կողմերի հավասարության սկզբունքը, այսինքն` դատարանը «ԳԱԼԱ»-ի փաստաբան Կարեն Թումանյանին զրկել է ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:
Այս անգամ փոխվեց դատարանի կազմը ու գործը հանձնվեց դատավոր Շիրակ Հակոբյանին: Վերջինս հարկադրված եղավ միաժամանակ լսել նաև հեռուստաընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի:
«ԳԱԼԱ»-ի փաստաբան Կարեն Թումանյանը պահանջում էր հարկադիր անվճար կիրառելություն սահմանել հանրային նշանակություն ունեցող հեռուստաաշտարակի նկատմամբ, որտեղ տեղադրված էր ԳԱԼԱ-ի ալեհավաքը: Ըստ փաստաբանի, տվյալ դեպքում քաղաքապետարանը պարտավորվում էր բավարարել հասարակության տեղեկատվություն ստանալու իրավունքը:
Նշենք, որ հեռուստաաշտարակը երկու անգամ դատատեխնիկական փորձաքննության է ենթարկվել. մի անգամ եկել է այնպիսի պատասխան, որը ըստ էության չի պատասխանել որևէ կողմի հարցին, իսկ մյուս եզրակացությամբ տեղեկացվել է, որ 33-րդ կապուղին շահագործելու համար «Չապ» ՍՊԸ-ն տվյալ տարածքում այլընտրանքային հեռարձակման վայր չունի, և որ վերջինիս հեռարձակումն ապահովելու համար առնվազն անհրաժեշտ է կառուցել նմանատիպ հեռուսատաաշտարակ:
«Չապ» ՍՊԸ-ի սեփականատեր Վահան Խաչատրյանը իր տարածած հայտարարության մեջ, դատապարտելով դատավոր Հակոբյանի կայացրած վճիռը, մասնավորապես ասում է. «Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Իսկ այս գործի նախապատմությունը, երկարաժամկետ հետաձգումները, կասեցումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պարզապես իշխանություններն իրենց առաջ խնդիր էին դրել ժամանակ շահել և ճիշտ պահին լռեցնել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը համարում ենք ակնհայտ կողմնակալ և ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության և հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար»:
«ԳԱԼԱ»-ն նախորդ տարի մասնակցեց հեռուստաընկերությունների թվային հեռարձակման հաճախականությունների մրցույթին` 2010 թ-ի դեկտեմբերին պարտվելով նույն հաճախականության համար դիմած «Ցայգ» ՀԸ: Այնուամենայնիվ, «ԳԱԼԱ»-ի անալոգային հեռարձակման համար ստացած լիցենզիան ընկերությանը հնարավորություն է տալիս Գյումրիում հեռարձակում իրականացնել մինչև 2015 թ-ի հունվարի 1-ը, եթե, իհարկե, այս ընթացքում «Չապ» ՍՊԸ-ն կարողանա մեկ այլ աշտարակ գտնել հեռարձկման ալեհավաքի տեղադրման համար:
Աղբյուր` JNews.am