Օրերս պարզ դարձավ, որ Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունն այսուհետ հասանելի կլինի 13 նոր լեզուներով, այդ թվում` հայերեն: Gmail-ի հայերեն տարբերակի ստեղծման արդյունավետությունը կնկատվի միայն կիրառության ծավալները չափելիս: Ժամանակը ցույց կտա`արդյոք, հայ օգտատերերը կանցնեն փոստային ծառայության հայերեն տարբերակին, թե կշարունակեն օգտվել դրանից իրենց համար արդեն հարմար լեզվով` անգլերենով կամ ռուսերենով:
Համակարգչային տերմինաբանության հայերեն թարգմանությունը նոր գործընթաց չէ: Իսկ վերջին շրջանում նկատելի է դառնում որոշակի ակտիվություն թե մասնագիտական խմբերի, թե ջատագով կամավորների կողմից` նպաստելու համակարգչային և ցանցային ծրագրերի հայացման գործընթացին: Սակայն վերջինիս չհամակարգված լինելու պատճառով հայերենը չի դառնում հայ օգտատերերի շրջանում գերիշխող լեզուն:
JNews-ը փորձել է պարզել`ի՞նչ խնդիրներ կան համակարգչային եզրերի հայերեն թարգմանության գործում և ի՞նչ մեխանիզմների կիրառմամբ պետք է թարգմանված բառերը շրջանառության մեջ դնել:
[[wysiwyg_imageupload:236:]]
Օրերս պարզ դարձավ, որ Gmail էլեկտրոնային փոստային ծառայությունն այսուհետ հասանելի կլինի 13 նոր լեզուներով, այդ թվում` հայերեն: Gmail-ի հայերեն տարբերակի ստեղծման արդյունավետությունը կնկատվի միայն կիրառության ծավալները չափելիս: Ժամանակը ցույց կտա`արդյոք, հայ օգտատերերը կանցնեն փոստային ծառայության հայերեն տարբերակին, թե կշարունակեն օգտվել դրանից իրենց համար արդեն հարմար լեզվով` անգլերենով կամ ռուսերենով:
Համակարգչային տերմինաբանության հայերեն թարգմանությունը նոր գործընթաց չէ: Իսկ վերջին շրջանում նկատելի է դառնում որոշակի ակտիվություն թե մասնագիտական խմբերի, թե ջատագով կամավորների կողմից` նպաստելու համակարգչային և ցանցային ծրագրերի հայացման գործընթացին: Սակայն վերջինիս չհամակարգված լինելու պատճառով հայերենը չի դառնում հայ օգտատերերի շրջանում գերիշխող լեզուն:
JNews-ը փորձել է պարզել`ի՞նչ խնդիրներ կան համակարգչային եզրերի հայերեն թարգմանության գործում և ի՞նչ մեխանիզմների կիրառմամբ պետք է թարգմանված բառերը շրջանառության մեջ դնել:
[[wysiwyg_imageupload:236:]]
Տառաստեղծ, թարգմանիչ Ռուբէն Թարումեանը (Հակոբյան) կարծում է, որ, վերցնելով պատրաստի բառեր, չեն օգտագործվում հայերեն լեզվի բառակազմական հնարավորությունները, որն էլ հանգեցնում է լեզվի աղքատացմանը: «Իսկ եթե մտածում ենք, որ կարող է ճիշտ չթարգմանենք, ապա պետք է հասկանալ, որ բառերի իմաստը հասարակական պայմանավորվածության արգասիք է»,- համոզված է փորձառու թարգմանիչը, ով «ԲԻԼԱՅՆ» ընկերության ծրագրերի միջերեսների (անգլ. interface) հայացման խմբի համակարգողն է:
Ըստ նրա` ոչ մի երաշխիք չկա, որ տարբեր լեզուներից վերցրած բառերը կկիրառվեն հայերենում ճիշտ այդ նույն իմաստով. ամեն դեպքում լինելու են տարբեր երանգներ: Այսինքն` ինչ տարբերակ էլ որ առաջարկվի, այդպես էլ ավանդաբար շարունակվելու է:
Ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը, ով Յունիքոդ կոնսորցիումի անդամ է և իր համեստ ներդրումն ունի համակարգչային ծրագրերի և ՏՏ ոլորտի վերաբերյալ նյութերի թարգմանության ու տեղայնացման գործում, մասնավորապես` ՄեդիաՎիքի, Դռուպալ, Ֆայրֆոքս և շատ այլ ծրագրերի, կարծում է, որ այսօր մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում դիտարկչում (անգլ․ browser), քան խոհանոցում, պլանշետն (հայերեն տարբերակ` սալիկ) ավելի շատ են օգտագործում, քան խոհանոցային դանակը, իսկ մկնիկի ցուցիչը ավելի շատ են այս ու այն կողմ տանում էկրանին, քան գրիչը թղթի վրա։
«Եթե այդ բառերը մեր առօրյայի անբաժանելի մասն են, բնականաբար, անհրաժեշտ է ունենալ յուրաքանչյուր այդ հասկացության համար լիարժեք հայերեն տարբերակը։ Դա նույնքան բնական է և պարտադիր, որքան գրիչ, խոհանոց, ձեռք, թուղթ և այլ կենցաղային բառերն ունենալը»,- նշում է Չալաբյանը:
Ալեքսեյը հիշում է, որ 90-ականներին ավագ սերնդակիցները նշում էին, որ անհրաժեշտ է լավ անգլերեն իմանալ, քանի որ դա է «համակարգչի լեզուն»։
«Բայց այդ պնդումը իրականության հետ որևէ կապ չուներ թե այն ժամանակ, թե այսօր։ Եթե հոլանդացի երեխան համակարգիչն օգտագործում է մայրենի հոլանդերենով, ֆրանսիացի թոշակառուն` նույնպես, ռուսական գյուղի ուսուցիչը` ռուսերեն լեզվով, լեհ գյուղացին` լեհերեն, պարսիկ բժիշկը` պարսկերեն, ապա ինչու՞ հայ երեխան, թոշակառուն, գյուղացին, բժիշկն ու գործարարը պետք է օտար լեզու սովորեն, որ կարողանան առաջին անհրաժեշտություն դարձած սարքավորումից օգտվել»,- իր մտահոգությունն է հայտնում Չալաբյանը։
Թարումեանը համոզված է, որ խնդիրը կիրառության մեջ է: «Թարգմանությունները պետք է գործածվեն, և միայն այդ դեպքում կարելի է ասել, որ արժեքավոր բան է արվում: Թարումեանն իր թիմակիցների հետ (մասնագիտությամբ ծրագրավորողներ և լեզվաբաններ), մշակել են մոտ 3000 համակարգչային բառերի հայերեն տարբերակ:
Թարումեանն անձամբ հեղինակ է մի քանի հաջողված թարգմանությունների` նիշք (անգլ. file), պատճենաշնորհ (անգլ. Copyright ©), ներբեռնում (անգլ. download): Նա մեծ ուշադրություն է դարձնում ԶԼՄ-ների միջոցով շրջանառության մեջ մտնող նոր հասկացություներին և առաջարկում է իր թարգմանությունները (դրանց և հեղինակի այլ թարգմանություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ` http://tarumian.am/glossword/1.8/index.php/list/2/1.xhtml):
«Օրինակ` Selfie -ինքնակ, Relfie -զուգնակ, Teaser -տիզազդ, Prime-time — ճոխ ժամ, Mascot — համակերպար, Bonus — պարգև: Սակայն դրանք սոսկ առաջարկներ են, ու դեռևս ոչ ոք չի գործածում»,- նշում է թարգմանիչը:
Ըստ Թարումեանի` այն թարգմանութունները, որոնք հնչում կամ գործածվում են հեղինակավոր ամբիոններից, ինչպիսիք են հեռուստատեսությունը, կամ հայտնի ընկերությունները, շատ արագ մտնում են շրջանառության մեջ:
Նրա խոսքով` կա մի հանրություն, որը զբաղվում է թարգմանություններով, սակայն համագործակցությունը շատ մեծ չէ. վերջին հաշվով մարդիկ իրենց տարբերակները դնում են ցանցում, իսկ մյուսներն օգտվում են դրանից կամ թարգմանելու ընթացքում խորհրդակցում են ծանոթ թարգմանիչների հետ: Սակայն անհատները միանձնյա չեն կարող ոլորտում անհրաժեշտ կարգավորումներ իրականացնել:
Համակարգչային տերմինների թարգմանությունները վերջնական հանգուցալուծման այդպես էլ չեն գալիս, քանի որ չկա մեկ համընդհանուր համակարգ, որը կկարգավորեր կամ կֆիլտրեր նույնանման բառահոսքը:
Ինչպես հայտնում են Լեզվի պետական տեսչությունից, այս հարցում տեսչությունը որևէ գործառույթ չի իրականացնում:
Տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանը նշում է, որ թարգմանությունների ճշգրտման և հաստատման գործառույթ պետք է կատարեր Տերմինաբանական կոմիտեն, որը դե յուրե ի զորու չէ:
«Այն շատ կարևոր կառույց է եղել, սակայն այժմ գործում է որպես խորհրդատվական մարմին Լեզվի պետական տեսչության կազմում. որոշումներ կայացնելու իրավունք չունի»,-պարզաբանում է Հովյանը:
Նա նույնպես այն կարծիքին է, որ թարգմանությունների հարցում այսօր Հայաստանում բարձիթողի վիճակ է. ոլորտը չի վերահսկվում:
«Մենք առաջարկել ենք փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում, սակայն դրանք չեն ընդունվել».- նշում է Հովյանը:
[[wysiwyg_imageupload:237:]]Չալաբյանի կարծիքով` եթե չկա կենտրոնացված հեղինակավոր մարմին` ի դեմս երբեմնի Տերմինաբանական կոմիտեի, ապա թարգմանությունների հարցում մնում է ինքնակազմակերպումը և ինքնավերահսկումը, ինչը թե լեզվի, թե ՏՏ ոլորտի համար բնական և միանգամայն նորմալ է:
Ըստ նրա` անհրաժեշտ է տեղայնացնողների (ծրագրեր թարգմանողների) և, առհասարակ, ոլորտի մասնագետների ավելի ակտիվ շփում և գործողությունների համաձայնեցում։ Նրա խոսքով`եթե թարգմանությունները կիրառվեն առանց համաձայնեցման, ապա էկրանին միանգանից մի քանի ծրագրեր բացած օգտագործողի համար անհարմար կլինի տարբեր կերպ թարգմանված ծրագրերից օգտվել:
Բանախոսները համակարգչային եզրերի հայերեն թարգմանություններն արագ շրջանառության մեջ դնելու իրենց տարբերակներն են առաջարկում:
«Ես գտնում եմ, որ օրենքով պետք է պարտադրվի, որ պետական հիմնարկներում օգտագործվեն միայն ու միայն թարգմանված արտադրանքներ, հատկապես, որ Windows, Microsoft office, Mozzila, Explorer ծրագրերն ունեն հայերեն թարգմանված տարբերակներ: Հարց է ծագում` ի՞նչն է խանգարում, որ օգտագործվի միայն հայերենը»,- նշում է Թարումեանը:
Չալաբյանի խոսքով էլ` դրանք պետք է գործածել դպրոցում` թե դպրոցական համակարգիչներում, թե դասագրքերում, համալսարանում, կենցաղում, խանութում, ԶԼՄ–ներում։ Եթե նոր բառ է ստեղծվում կամ ունեցած բառի նոր իմաստ կամ իմաստային երանգ է փոխանցվում, այն պետք է սկսել գործածել, որ այդ հասկացությունը նաև մեր մշակույթի մաս դառնա։
«Անգլերենում ամեն տարի մի քանի հազար նոր հասկացություն և բառ է ավելանում։ Օրինակ` գուգլել, սելֆի, թվիթել. դրանք պաշտոնապես անգլերենի բառարանում են։ Եթե մենք ուզում ենք շարունակել մնալ քաղաքակրթության մաս, ապա պետք է այդ ռիթմի մեջ ընկնել, և ոչ թե սպասել, տեսնել բառը կընդունվի, թե ոչ, և նոր օգտագործել այն»,-նշում է Չալաբյանը` որպես օրինակ բերելով երկար ժամանակ ձգվող «ֆայլ» ընդդեմ «նիշք»-ի քննարկումները։
«Սմարթֆոնը խելախոս անվանել, թե ոչ դեռ քննարկում ենք, բայց այդ բառն արդեն դուրս է եկել գործածությունից անգլերենում, քանի որ գրեթե ամեն հեռախոս արդեն «խելացի» է: Մինչև հայերով իրար կհասկանանք, արդեն այդ հասկացությունը պետք չի լինի հայերենում։ Նեթբուք բառի համար մինչ համարժեք էինք գտնում, այդ ապրանքների դասն արդեն վերացավ, համապատասխանաբար, նաև` բառն ունենալու անհրաժեշտությունը»,-նշում է Չալաբյանը։
Թարումեանի խոսքով` հասարակությունը սկսել է կիրառել թարգմանված բառերը`հաղթահարելով հոգեբանական խոչընդոտները: Ըստ Թարումեանի` այսօր արդեն ամոթ է ասել «քոմփյութեր», նույնն է, թե ասել «տելեվիզոր»: Նրա կարծիքով` շատերն էլ հրաժարվում են կիրառել թարգմանությունները, որպեսզի չհամարվեն մաքրամոլ:
«Այդ ով է տեսել մաքրությունից մարդիկ վախենան»,- եզրափակում է Թարումեանը:
Համակարգչային եզրերի հայերեն թարգմանություններին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքերում` dict.am, Armeniandictionary.com
Այս ոլորտում թարգմանություններ ունի նաև «Թումո» կենտրոնի խորհրդատու Վիոլետ Գրիգորյանը` http://www.tert.am/blog/?p=9476
Չի բացառվում նաև այլ էլեկտրոնային աղբյուրների առկայությունը:
Սույն հրապարակումը պատրաստվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ կողմից հրատարակվող «Համացանց և Իրավունք» հատուկ տեղեկագրի շրջանակում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: Սույնի բովանդակությունը,արտահայտած տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին, և հնարավոր է` չհամընկնեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: «Համացանց և Իրավունք» տեղեկագրի բոլոր նյութերին ծանոթացեք այստեղ:
Աղբյուր` JNews.am