Հունիսի 23-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության ստորաբաժանումները, բիրտ ուժ կիրառելով, ցրել են մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում իրականացվող՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, ֆիզիկական բռնության են ենթարկվել 13 լրագրող ու օպերատոր, խոչընդոտվել է տարբեր ԶԼՄ-ների մոտ 15 ներկայացուցչի օրինական մասնագիտական գործունեությունը, կոտրվել կամ վնասվել են նրանցից շատերի նկարահանող սարքերը, ոչնչացվել են տեսագրություններ ու լուսանկարներ։
Տուժած լրագրողների վկայությամբ՝ ոստիկանների հարձակումները նպատակաուղղված բնույթ էին կրում, եւ նույնիսկ ներկայանալն ու լրագրողի վկայականը ցույց տալը, կամ տեսախցիկների վրա նշված լրատվամիջոցների անունները իրենց զերծ չեն պահել բռնություններից։ Այսպես, ծեծի են ենթարկվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Պապյանը և օպերատոր Գարիկ Ազիբեկյանը, 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը և Գոռ Հովհաննիսյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, Panarmenian.net-ի թղթակից Նիկոլայ Թորոսյանը եւ ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, «Ասպարեզ» թերթի և «Asparez.am»-ի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը։
Ոստիկանները բռնի ուժով խլել են «News.am»-ի եւ «iLur.am»-ի թղթակիցներ Աիդա Հովհաննիսյանի եւ Հակոբ Կարապետյանի ֆոտոխցիկները։

Այն լրագրողներն ու օպերատորները, որոնք համառություն են ցուցաբերել եւ հրաժարվել են իրավապահներին հանձնել տեսագրող ու լուսանկարող խցիկները եւ դրանց հիշողության սարքերը, ուժի գործադրմամբ բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ։ Այդ անձինք են՝ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Մկրտիչ Կարապետյանը, Panarmenian.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, news.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը, «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը և Հրանտ Գալստյանը, Epress.am-ի օպերատոր Տիգրան Հակոբյանը, 1ին.am-ի աշխատակից Արեն Մկրտչյանը, «Ասպարեզ» թերթի և «Asparez.am»-ի գլխավոր խմբագիր Լեւոն Բարսեղյանը։ Չենք բացառում, որ տուժած գործընկերների իրական թիվն ավելին է։
Այսպիսով, ինչպես հաճախ է լինում նման միջադեպերի ժամանակ, ոստիկանները ոչ միայն բարենպաստ պայմաններ չեն ստեղծել լրագրողների գործունեության համար, ինչը պարտավոր են անել, այլև կատարելով իրավապահ համակարգի՝ միջնադարյան մտածելակերպ ունեցող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հրամանները, դաժանաբար խոչընդոտելով լրագրողների աշխատանքը՝ 21-րդ դարում ապարդյուն փորձել են հայաստանյան ու միջազգային հանրությունից թաքցնել այն վայրագությունները, որոնք իրականացնում էին խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Այդ գործողությունները հրահանգավորվում էին հատկապես Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի եւ ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար Լյովա Երանոսյանի կողմից։ Վերջինս աչքի է ընկել նաեւ փողոցային հայհոյախոսությամբ՝ ուղղված ԶԼՄ-ների ներկայացուցիչներին։
Ցավոք, այս բոլոր հանգամանքներն անտեսվել են եւ՛ ՀՀ դատախազության, եւ՛ ՀՀ ոստիկանության հունիսի 23-ին տարածած հայտարարություններում։ Ավելին՝ ոստիկանությունը փորձել է ինչ-ինչ փաստարկներ բերել լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ, որոնք, մեղմ ասած, համոզիչ չեն։
Մենք՝ ներքոստորագրյալներս, պնդում ենք, որ լրագրողները կատարել են իրենց օրինական մասնագիտական գործունեությունը եւ տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք.
ՀՀ նախագահից՝
-բացատրություններ տալ երկրի քաղաքացիներին՝ ցուցարարների ու լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների եւ ստեղծված իրավիճակի վերաբերյալ,
-հանձնարարել ՀՀ ոստիկանապետին ծառայողական քննություն սկսել մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում ուժային գործողությունների ընթացքում ապօրինություններ ու չարաշահումներ թույլ տված ոստիկանության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար,
-գործուն միջոցներ ձեռնարկել ապագայում այսպիսի իրավախախտումները բացառելու նպատակով, քանի որ վերջին տարիներին նմանատիպ բազում փաստեր են արձանագրվել։
ՀՀ դատախազությունից՝
– սույն հայտարարությունը, ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներն ու իրադարձություններին առնչվող տեսագրություններն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ հետեւողականություն ցուցաբերել լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքները խախտողներին հայտնաբերելու եւ պատասխանատվության ենթարկելու համար,
ՀՀ ոստիկանությունից՝
-անհապաղ ազատ արձակել տարբեր բաժիններում դեռ գտնվող բոլոր լրագրողներին եւ ԶԼՄ-ների մյուս աշխատակիցներին, վերադարձնել նրանց պատկանող տեսախցիկները, ֆոտոխցիկներն ու դրանց հիշողության սարքերը, իսկ սարքավորումների կոտրված լինելու դեպքում փոխհատուցել պատճառված վնասը։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ