Թվում էր, թե 2015-ի ամառը Շենգեն գոտի առաջին անգամ մուտք գործելով էր նշանավորվելու, բայց կենցաղավարությունն ավելի ուժեղ գտնվեց: Այս ամռան մասին նախնական պատկերացումներս խախտվեցին աննախատես հանգամանքներով, և ես, որ գրեթե երբեք ներգրավված չէի եղել տնային գործերում, եկա դրանց գլուխ:
Մայրս հոգատար կին է, ամեն ինչ տանող, չտրտնջացող, չբարդացնող: Քանի որ սովորում ենք՝ նա ինձ ու քրոջս միշտ հեռու է պահել տնային ամենօրյա հոգսերից: Բայց ստացվեց այնպես, որ ամռան սկզբում ընկավ և շատ լուրջ վնասվածքներ ստացավ: Քույրիկն աշխատում էր, ուստի, ես էի այն մեկը, ով պետք է հոգ տաներ և՛ մայրիկի, և՛ տան մասին:
Ես հայտնվեցի ռուս կինոռեժիսոր Լեոնիդ Գայդայի ”Операция «Ы» и другие приключения Шурика” եռապատում ֆիլմի գլխավոր հերոսի դերում: Շուրիկի և իմ միջև կա երկու ընդհանրություն՝ երկուսս էլ ակնոց ենք կրում և հեռու ենք կենցաղավարությունից: Եթե ընդհանրություններից առաջինն ակներև է, ապա մյուսը բացահայտվում է այս ֆիլմի երրորդ հատվածում, երբ Շուրիկը պետք է խնամեր գիշերային հերթափոխի գնացած տանտիրուհու թոռնուհուն: Ստացվեց այնպես, որ կաթը եռաց և թափվեց, մինչ նա ճաշ էր պատրաստում՝ թթխմորը նույնպես «հունից դուրս եկավ», երեխայի ձեռքերը հայտնվեցին դրա մեջ, ափսեները կոտրվեցին, կտրվեց լվացքի պարանը…

Իմ դեպքում մայրիկն առավելագույնն էր անում օգնելու համար, բայց, նման գործերից անտեղյակ լինելու պատճառով, հաճախ էր ամեն ինչ իրար խառնվում: Օրինակ, լվացքի մեքենայից հանելուց հետո շորերը մի քանի ժամ պարանին չէին հայտնվում, քանի որ դրանց մասին մոռանալով՝ նախորդ օրվանից մնացած կեղտոտ ամաններն էի լվանում, հետո ջուր հավաքում (մեզ մոտ չկա շուրջօրյա ջրամատակարարում): Երբ հիշում էի լվացքի մասին ու սկսում դրա՝ պարանին փռելու գործընթացը, գալիս էր ամենատհաճ պահը. պետք է կերակուր պատրաստել: Տապակած յուղի թռչող կաթիլներ, տհաճ հոտ, տաքություն՝ ամռան շոգին: Չէէէէէ, մինչ այդ պետք է սոխը մաքրել, կտրատել, ավելացնել յուղ, տոմատի մածուկ, հետո տապակել, ավելացնել ջուր, կարտոֆիլ, մի քիչ բրինձ, աղ ու կանաչի: Պարզվեց, որ ճաշ պատրաստելն իմ պատկերացրածի, ավելի ճիշտ՝ չպատկերացրածի պես բարդ չէր:
Այս ամենի մասին մայրս կատակեց՝ եթե իմանար, որ այդպես գործ անել կսովորեի, ավելի շուտ կուղարկեին Լեհաստան: Ամռան սկզբում մասնակցել էի Եվրամիության կողմից հովանավորվող ուտելիքների փոխանակման ծրագրի, որը անցկացվում էր Լեհաստանի Լոձ քաղաքում: Պատահական չէր, որ որոշեցի մասնակցել: Եթե մի փոքր անկեղծ լինեմ՝ ինձ առանձնապես շատ չէր էլ հետաքրքրում խոհանոցը, բայց մասնակցեցի, քանի որ այն հնարավորություն կտար ինձ տեսնելու Լոձը, քաղաք, որտեղ ցանկացել էի սովորել բակալավրիատի չորրորդ կուրսում, սակայն չէր ստացվել: Իսկ սա այն այլընտրանքն էր, որը ինձ թույլ կտար գնալ եւ մեկ շաբաթում տեսնել այն, ինչ ցանկանում էի տեսնել տասը ամսում:
Ծրագիրը բավական հետաքրքիր էր, նպատակ ուներ տարբեր ազգերի խոհանոցների միջոցով ստեղծել միջմշակութային հաղորդակցություն մասնակիցների միջև, ինչպես նաև զարգացնել մեր համի զգայարանը, որը կնպաստեր իմպրովիզների միջոցով նոր բաղադրատոմսեր ստեղծելուն: Իսկ խոհանոցային երևակայությունը զարգացնելու համար, մենք ամեն օր նախաճաշում, ճաշում էինք տարբեր սրճարաններում և ռեստորաններում՝ ուշադրություն դարձնելով բաղադրամասերի համադրություններին, ուտեստների ձևավորմանը: Ի դեպ, Լոձում նաև հասցրի մտնել հայկական ռեստորան, որը տեղացիներին առավել հայտնի էր իր վրացական ճաշատեսակներով ու հայկական կոլորիտով: Պատրաստելուց բացի հայերին, վրացիներին, ուկրաինացիներին, իտալացիներին ու լեհերին էլ ինչը կմիավորեր խոհանոցում, եթե ոչ ամաններ լվանալը, հետո արդեն տարածքը մաքրելը:
Ամենը, ինչ պլանավորել էի ամռան մնացած հատվածի համար՝ ֆիլմեր, գրքեր, հանդիպումներ, զրույցներ, հայտնվեցին վեցերորդական ու ավելի ցածր տեղերում: Առաջին տպավորությունս այն եղավ, որ ամառս կենցաղավարությամբ եմ ծանրացրել և նման հասարակ բանից էլ գլուխ չեմ հանում, ինչպես որ կենցաղից թվացյալ հեռու շատ այլ ոլորտներում չէի հանել՝ մարդկային բարդ հարաբերություններ, կրթություն, աշխատանք: Բայց միայն դադարի պահին սկսեցի վերլուծել ու եկա այն գիտակցությանը, որ կյանքում հաջողելու շատ գաղտնիքներ ընկած են հենց կենցաղավարության հիմքում, քո՝ անկողին հարդարելու մեջ, տուն մաքրելու եղանակում, եփած ճաշի համում:
Ես չդարձա տանտիկին, բայց, վերլուծելով, գտա արդյունքներ և շարունակում եմ գտնել դրանք: Ես չսովորեցի ճաշ եփել, այլ սովորեցի ապրել, պլանավորել աշխատանքը, հետամուտ լինել դրա իրականացմանը՝ առանց ժամանակի կորստի, դադարեցի խուճապի մատնվել: Սովորեցի իրերին նայել հեռվից՝ մի ընդհանուր հայացքով, ոչ թե մոտիկից՝ խառնվելով ու խճճվելով դրանց մեջ:
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում