Ամառ 2015… Խոստովանեմ՝ չեմ չափազանցնում. սա իմ լավագույն ամառն էր երբևէ: Չզարմանաք՝ ապրածս երկար ու կարճ 21 տարիների ընթացքում դեռ երկրից դուրս չէի եկել, մինչև օգոստոսի 28-ը, երբ 4 ընկերներով որոշեցինք գնալ հարևան Վրաստան՝ ամռան վերջին օրերը ծովափին անցկացնելու համար:
Գուցե շատերի համար Վրաստանն արդեն «ջրի ճամփա» է դարձել, ծանոթ են այնտեղի ամեն մի քարին ու փոշուն, ամեն մի շենքին ու եկեղեցուն, փողոցին ու սրճարանին: Իսկ ինձ՝ սկսնակ ճանապարհորդիս համար, այն լի էր բացահայտումներով ու ամեն մի պատի, շենքի, ծառի ու կամուրջի տակ նկարվելու մեծ ցանկությամբ՝ հետագայում թոռներիս ցույց տալու և պատմելու նյութ ունենալու համար:
[[wysiwyg_imageupload:90:]]
Թեև մեր ճանապարհորդության միայն վերջին օրն ենք անցկացրել Թիֆլիսում, այն էլ՝ մի քանի ժամով, Վրաստանից ամենամեծ և տպավորիչ պատկերն ինձ համար մնում է հին Թիֆլիսը: Աղյուսե փողոցներ, երկհարկանի տներ, յուրահատուկ պատշգամբներ, ներկը թափած փայտե փեղկերով պատուհաններ, բացօթյա սրճարաններ, փողոցներում ամենուրեք մարդկանցից չվախեցող կատուներ, ամեն քայլափոխի հուշանվերների խանութներ… Այս շարքն անվերջ կարելի է շարունակել: Ափսոսում եմ, որ հին Թիֆլիսը ոտնատակ տալու շատ քիչ ժամանակ ունեի և նախանձում եմ մարդկանց, որ բնակվում են այդ հրաշք թաղամասում:

Եթե Վրաստանում իմ այցելած քաղաքները դասավորեմ ըստ իմ հավանությանն արժանանալու հերթականության, ապա Թիֆլիսից հետո՝ երկրորդ հորիզոնականում, միանշանակ Բաթումին է. ինչպես շատերն են ասում՝ Վրաստանի փոքրիկ Եվրոպան: Իրոք, Բաթումին, լինելով 150-ամյա քաղաք, դեռ զարգանում է և հասցրել է հավաքել երկրպագուների մեծ բանակ: Կարծես քաղաքի նախագծողներն ի սկզբանե որոշած լինեն, որ պետք է ամեն քայլափոխի զարմացնեն զբոսաշրջիկներին: Չկան դատարկ և անշուք փողոցներ, կան տարատեսակ շատրվաններ, արձաններ, յուրօրինակ նստարաններ, բազմաթիվ ու բազմատեսակ հեծանիվներ… Վերջինն ինձ համար ամենակարևոր կետերից էր. երազանք՝ հեծանիվ վարելով ոտնատակ տալ ամբողջ քաղաքը, իսկ որ ամենակարևորն է՝ երեկոյան, երբ քաղաքն արդեն գեղեցկացնում են լուսառատ բարձրահարկերն ու արմավենիների վրա գցած կանաչ շողքերը:
Բաթումին շատերին հայտնի է իր 7 կիլոմետր երկարությամբ ձգվող բուլվարով, որը զուգահեռ փողոցից առանձնանում է իր կարմիր սալահատակով՝ նախատեսված հեծանվուղու համար, և բավական մեծ և լայն մայթերով՝ հետիոտների համար: Բուլվարի մի կողմում Սև ծովն է՝ իր ամբողջ հմայքով (այն հատկապես հմայիչ է արևամուտին՝ վարդագույն ամպերով), մյուս կողմում Բաթումի քաղաքը՝ իր հին ու նոր շենքերով, այգիներով, փողոցներով ու շատրվաններով:
[[wysiwyg_imageupload:92:]]Դե, իսկ Քոբուլեթին հրաշալի վայր է լողալու, արևայրուք ստանալու և գիշերը ծովի ափին բնության երաժշտությունը լսելու համար:
Չմոռանամ ասել, որ լինելով Վրաստանում, ես բավական հաճախ էի զգում, որ կարծես Հայաստանում լինեմ. սրճարաններից լսվող Թաթա-Մարտին Մկրտչյան-Արմենչիկ համադրություններ, փողոցներում հայատառ գրված «Տրվում է վարձով» և «Հաց» ցուցանակներ, շատ վաճառողների հայերենի իմացություն, մեքենաների հայկական համարանիշներ և, պարզապես, փողոցում քայլող կամ ծովում լողացող հայերեն վանկարկումներ՝ «Աղջի, շատ հեռու չգնաս, կտանի ծովը», «Սրանի՞ց առնեմ, թե՞ ավելի էժանը կճարեմ», «Ախպեր, հա՞յ ես», «Ցիվի կոլա, ցիվի պիվա… էդ ի՞նչ ա»… և այսպես շարունակ:
Հա, նշեմ նաև, որ վրացերենի «իմացությունս» բավական բարելավեցի: «Գամառջոբա», «բիջո», «սիմինդի» և «դեդա» բառերից բացի՝ բառարանումս ավելացան «ցիվի», որ նշանակում է սառը, «ցխելի»-տաք, «կի»-այո, «առա»-ոչ բառերը: Դե, առաջին անգամվա համար, այն էլ մի քանի օրով, կարծում եմ, վատ չէ:
Վրաստանի փողոցներում համարյա ամենուրեք կարելի էր տեսնել խաչեր. երևի շատ աստվածավախ են: Այդ խաչերը տարբերվում են հայկականից. թևիկները կոր են և կռացած դեպի ներքև: Վրացական եկեղեցում ասացին, որ դա Սուրբ Նինայի խաչն է, ով այն մազերի մեջ փաթաթած հասցրել է Վրաստան՝ կատարելով իր առաքելությունը: Իսկ ամենահետաքրքիրը եկեղեցում խորանի դիրքն էր. ի տարբերություն հայկականի, որտեղ խորանը նայում է անմիջապես եկեղեցու դռանը, վրացական եկեղեցում դռնով մտնելիս պետք է աջ թեքվել, որպեսզի խորանին կանգնես դեմ դիմաց:
[[wysiwyg_imageupload:93:]]Հետ գալու ժամանակն է… Կրկին 10-12-ժամյա ճանապարհ՝ դեպի Երևան: Բոլորս հոգնած ենք, ուժասպառ, բայց նաև տպավորությունների ու արդեն հիշողությունների մեծ պաշարով: Չնայած վրացական մաքսատանը կասկած հարուցեց իմ ինքնությունը՝ անձնագրում երկար մազերով, առանց շպարի 16-ամյա աղջիկ եմ, ի վերջո ինձ թույլատրեցին մուտք գործել Հայաստան ու կրկին զգալ հայկական ճանապարհափոսերի իրական հմայքը (վրացական ահասարսուռ ու ադրենալինով լի ատրակցիոններն ի՞նչ են բնիկ հայկական կիսաասֆալտ ճանապարհների դիմաց):
Ինչևէ, ամառ 2015-ս գրավեց իմ երբևէ ունեցած ամառների մեջ առաջին հորիզոնականը… Դեռևս: Ծրագրեր կազմել չեմ սիրում, բայց գուցե մյուս ամառն ավելի էկզոտիկ ու տաք, կամ պատմական ու հին քաղաքներում անցնի: Համենայն դեպս, Վրաստան ճանապարհորդությունը որպես իմ առաջին արտասահման ուղևորություն, կմնա անմոռանալիների շարքում առաջինը:
Լուսանկարները հեղինակի անձնական արխիվից
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում