Skip to content

Նինո Մաչարաշվիլի. «Շատ կարևոր է մարդկանց բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ»

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:

– Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ոլորտը, որը մեծապես կապված է մաթեմատիկական հաշվարկների հետ: Հետաքրքիր է` դպրոցում ինչպե՞ս էիք վերաբերվում մաթեմատիկա առարկային:

Ժամանակակից ժուռնալիստիկայի հետզհետե տարածվող ուղղություններից է տվյալների լրագրությունը: Այս ժանրի հիմքում ընկած է տվյալների մշակումը և դրանց միջոցով լրագրողական նյութի ստեղծումը: Թվերը կարող են դառնալ ինչպես նոր թեմայի բացահայտման գործիք, այնպես էլ նյութի աղբյուր:  «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության կողմից վերջերս անցկացված «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի հյուրն էր  JumpStart Georgia կազմակերպության ծրագրերի համակարգող և տվյալների լրագրության մասնագետ Նինո Մաչարաշվիլին: Նա մասնակիցներին ծանոթացրեց լրագրողական այս ուղղությանը, ներկայացրեց` ինչպես աշխատել աղյուսակների և տվյալների հետ` դրանցից անհրաժեշտ պատասխաններ ստանալու համար:

– Դուք ներկայացնում եք տվյալների լրագրության ոլորտը, որը մեծապես կապված է մաթեմատիկական հաշվարկների հետ: Հետաքրքիր է` դպրոցում ինչպե՞ս էիք վերաբերվում մաթեմատիկա առարկային:

– Չեմ կարող ասել, որ սիրում էի մաթեմատիկան: Ես գիտեի, որ լրագրող եմ դառնալու և կարծում էի` լրագրությունն ու մաթեմատիկան շատ տարբեր են: Ամեն դեպքում բավական լավ էի տիրապետում առարկային և երբ մոտ էի դպրոցն ավարտելուն, հիշում եմ` ընկերներիցս մեկն ինձ հարցրեց, թե ինչպես եմ օգտագործելու մաթեմատիկական հմտություններս, եթե որոշել եմ դառնալ լրագրող: Դա իսկապես ստիպեց ինձ մտածել այդ ուղղությամբ, և նույնիսկ մի պահ կասկածի տակ դրեցի ընտրությունս: Բայց այդ ժամանակ ենթադրել անգամ չէի կարող, որ մաթեմատիկան կարող է դառնալ լրագրողական աշխատանքիս գլխավոր գործիքը:

– Ինչպե՞ս ընտրեցիք լրագրողի մասնագիտությունը:

– Ութ տարեկան էի, երբ առաջին անգամ լրագրող դառնալու ցանկություն ունեցա: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Թբիլիսիի պետական համալսարան և սկսեցի ուսումնասիրել լրագրությունը: Այդ տարիներին թղթակցում էի որոշ տեղական թերթերի և ամսագրերի: Փորձաշրջանն ինձ համար հիասթափեցնող էր: Չնայած որ ժամեր էինք ծախսում հարցազրույցների ու տարբեր հրապարակումների վրա` մեծ լսարան նվաճել չէր ստացվում: Ես չէի տեսնում մեր աշխատանքի արդյունքը: Անգամ սկսեցի մտածել մասնագիտությունս փոխելու մասին: Բայց այդ ժամանակ հնարավորություն ստացա մեկնելու Մեծ Բրիտանիա և այնտեղ ստանալու մագիստրոսի աստիճան «Ստեղծարար և մեդիա ձեռնարկատիրություն» մասնագիտացմամբ: Դա լրագրություն չէ, բայց շատ կապված է լրագրության հետ:

[[wysiwyg_imageupload:232:]]

– Արդեն 4 տարի է աշխատում եք JumpStart Georgia կազմակերպությունում որպես ծրագրերի ղեկավար և տվյալների լրագրող: Ի՞նչ կպատմեք Ձեր աշխատանքի մասին:

– Երբ տեսա JumpStart-ում աշխատանքի հայտարարությունը, հասկացա, որ այն լիովին համապատասխանում է բակալավրիատի և մագիստրատուրայի իմ մասնագիտացումներին:  Դիմեցի աշխատանքի համար և ընդունվեցի: JumpStart-ում իմ աշխատանքը միայն տվյալների լրագրության ոլորտը չէ: Աշխատում եմ նաև տարբեր ծրագրերի վրա, որոնցից կարող եմ նշել, օրինակ` Gogo code-ը: Այս ծրագիրը նախատեսում է դեռահաս աղջիկներին ծանոթացնել բազային ծրագրավորմանը: Մեր տվյալների լրագրության ժանրում գրված նյութերից մեկը գիտական, տեխնոլոգիական, ինժեներական և մաթեմատիկական ոլորտենրում կանանց բացակայության մասին էր: Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ թեև տղաները և աղջիկները ցույց են տալիս հավասար արդյունքներ մաթեմատիկական առարկաներում, այդուհանդերձ, այս ուղղություններում կին աշխատողները գրեթե բացակայում են: Նման վիճակագրության պատճառն այն կարծրատիպն է, որ այդ աշխատանքները կնոջ համար չեն, և շատ աղջիկներ չեն խրախուսվում ուսուցիչների և ծնողների կողմից, որ ընտրեն այս ուղղությունները: Տեխնոլոգիական ոլորտները երկրի զարգացման համար առաջնային են: Կա նման հմտություններով մասնագետների պահանջ, սակայն չկան մարդկային բավարար ռեսուրսներ: Մեր ծրագիրն ուղղված է հենց այս խնդրի լուծմանը. այն կոտրում է կարծրատիպերը և ոգևորում աղջիկներին գնալ դեպի նշված ոլորտներ:

– Դուք նշեցիք, որ շատ լրագրողներ ընտրում են այս մասնագիտությունը թվերից և հաշվարկներից հեռու մնալու համար: Ի՞նչը կարող է ստիպել նրանց  սիրել դրանք և զբաղվել տվյալների լրագրությամբ:

– Մենք` լրագրողներս, շատ հետաքրքրասեր ենք:  Երբ կա մի հարց, որի պատասխանը կարող են տալ թվերը, ապա սկսում ենք սիրել դրանք: Լրագրողը պարտավոր չէ լիովին տիրապետել մաթեմատիկային: Խոսքը հիմնական գիտելիքների մասին է: Իսկ երբ խնդիրն ավելի բարդ է, լրագրողը կարող է ազատորեն դիմել ոլորտի գիտնակներին` մաթեմատիկներին, տվյալների մասնագետներին:

– Ի՞նչ կարող եք ասել բացատրական լրագրության և մեդիադաշտում դրա պահանջի մասին:

– Առաջին անգամ բացատրական լրագրության մասին տեղեկացա հենց այս ծրագրից: Վրաստանում այն դեռևս տարածված չէ: Մեր օրերում մարդիկ չափազանց ծույլ են երկար նյութեր կարդալու համար: Եթե ստացվի այն հեշտ ընկալելի դարձնել մարդկանց համար, ապա ծրագիրն իրոք հաջողություն կգրանցի: Իսկապես շատ կարևոր է մարդկանց  բացատրել այն, ինչն այնքան էլ պարզ չէ: Դրա պահանջն իրոք կա: Սակայն մեր նյութերի մատուցման ձևի մեջ մենք պետք է լինենք ստեղծարար, որպեսզի ունենանք ընթերցողներ:

– Ի՞նչ եք կարծում, դասընթացն արդյունավե՞տ էր:

– Ըստ իս` ինձ հաջողվեց մասնակիցներին ծանոթացնել տվյալների լրագրությանը և ցույց տալ, որ չպետք է ատել մաթեմատիկան: Բայց այս ամենն անհնար է սովորեցնել մի քանի ժամվա ընթացքում: Սա միայն սկզիբն էր: Կարծում եմ, որ հաջորդ քայլը կլինի մասնակիցների կողմից տվյալներ փնտրելը և թվերի միջոցով հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելը:

– Ի՞նչ խորհուրդ կտաք տվյալների լրագրության ոլորտում աշխատող լրագրողներին:

– Գործիքները փոխվում են, և տվյալների հետ աշխատելու հնարավորությունները` մեծանում: Ես ինքս էլ երբեմն դժվարանում եմ քայլել ժամանակի զարգացումներին համընթաց: Սովորելու շատ բան ունեմ տվյալների հետ աշխատանքի ավելի բարդ մակարդակների տիրապետելու համար: Խորհուրդ կտայի լրագրողներին միշտ տեղյակ լինել զարգացումներից, անդադար կատարելագործվել, փորձեր կատարել և շատ աշխատել:  

Ի՞նչ կցանկանայիք ավելացնել:

– Կուզենայի ասել, որ ամեն ինչ չափազանց արագ փոփոխվում է, զարգանում:  Հաջողության հասնելու համար պիտի լինենք հետաքրքրասեր, շատ սովորենք և սովորեցնենք ուրիշներին: Մեկը կամ երկուսը չեն կարող մեծ փոփոխություններ կատարել: Պետք է աշխատենք ընդգրկել շատերին` մեր ժողովուրդներին ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Իսկ ես կարծում եմ, որ և՛ հայերը, և՛ վրացիներն ունեն այդ պոտենցիալը:

«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության անցկացրած «Բացատրական լրագրությունը թվային մեդիա ինդուստրիայում» խորագրով դասընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Աղբյուր՝ Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ