«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայկական մեդիա դաշտում տվյալների վիզուալիզացիան զարգացնելու գործում ակտիվ համագործակցում է Infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետ, ով տվյալների լրագրության և ինֆոգրաֆիկաների պատրաստման լավագույն մասնագետներից է: ԼՀԱ-ի կողմից վերջերս լրագրողների համար կազմակերպված թեմատիկ դասընթացներին Սեդրակը, որպես դասընթացավար, մասնակիցներին ծանոթացրեց տվյալների վիզուալիզացիայի կարևորությանը վերլուծական հոդվածներում, ներկայացրեց ինֆոգրաֆիկաների տարբերությունը և սովորեցրեց՝ ինչպես աշխատել աղյուսակների հետ:
– Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ինֆոգրաֆիկայով:
«Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը հայկական մեդիա դաշտում տվյալների վիզուալիզացիան զարգացնելու գործում ակտիվ համագործակցում է Infographics.am կայքի հիմնադիր, գրաֆիկական դիզայներ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանի հետ, ով տվյալների լրագրության և ինֆոգրաֆիկաների պատրաստման լավագույն մասնագետներից է: ԼՀԱ-ի կողմից վերջերս լրագրողների համար կազմակերպված թեմատիկ դասընթացներին Սեդրակը, որպես դասընթացավար, մասնակիցներին ծանոթացրեց տվյալների վիզուալիզացիայի կարևորությանը վերլուծական հոդվածներում, ներկայացրեց ինֆոգրաֆիկաների տարբերությունը և սովորեցրեց՝ ինչպես աշխատել աղյուսակների հետ:
– Ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք զբաղվել ինֆոգրաֆիկայով:
– 2000թ-ից սկսեցի զբաղվել գրաֆիկական դիզայնով՝ սովորեցի և աշխատեցի այդ ոլորտում. սխալվեցի, հետո նորից սովորեցի և այդպես զարգանալով՝ հասա նրան, որ ինքս ինձ կոչեցի գրաֆիկական դիզայներ: Զուգահեռաբար խորանալով գրաֆիկ- դիզայնի և գովազդի հարակից ոլորտների մեջ՝ ակտիվորեն գրում էի նաև տարբեր բլոգներում։ Հասկացա, որ մի ոլորտի գիտելիքները կարող են օգտակար լինել մեկ այլ ոլորտում: Սկսեցի գրաֆիկական դիզայնի տարրերն օգտագործել իմ կողմից հրապարակվող նյութերի և հոդվածների մեջ: Ինֆոգրաֆիկան այժմ ինձ ամենից շատ հետաքրքրող ոլորտն է, որին հատկացնում եմ իմ ժամանակի 70-80 տոկոսը: Ուրիշ մասնագետների հետ ևս կիսվում եմ իմ փորձով և գիտելիքներով, որպեսզի միասին ավելի մեծ նախագծեր իրականացնենք:
– Ձեր Infographics.am կայքը ստեղծել եք 2015 թ., ավելի վաղ նման գաղափար չէ՞ր առաջացել:
– Իմ առաջին ինֆոգրաֆիկան պատրաստել եմ 2008թ.: Դա «Նեմեսիս» օպերացիայի գրաֆիկն էր. ընկերներով գտանք անհրաժեշտ ինֆորմացիան, պատրաստեցինք գրաֆիկը և հրապարակեցինք տարբեր հարթակներում: Հիմա Infographics.am-ում տեղադրում եմ իմ կոմերցիոն և հասարակական նշանակության աշխատանքները, որոնք ստեղծվում են տվյալ նախագծի շրջանակներում:
– Ձեր կարծիքով ինֆորմացիոն գրաֆիկայի կիրառության ոլորտները որևէ սահմանափակում ունե՞ն:
– Ես կարծում եմ, որ կյանքի յուրաքանչյուր ասպեկտում` սկսած կենցաղայինից և վերջացրած բարդ քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս ոլորտներով, կարող ենք այն կիրառել, քանի որ մեր կյանքն ինքնին բաղկացած է ինֆորմացիայից: Այն մեր շուրջն է բոլոր ոլորտներում, և երբ փորձում ենք մեզ շրջապատող ինֆորմացիայից որոշակի փաստեր և վիճակագրություն մտապահել, արդեն ստեղծում ենք նյութ, որը կարելի է վիզուալիզացնել: Այսօր արդեն շատ կազմակերպություններ՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր, ձգտում են իրենց գործունեությանը վերաբերող հրապարակումները ներկայացնել վիզուալիզացիայի միջոցով, քանի որ այդկերպ պարզ և հասկանալի են դառնում չոր թվերը, խճճված բառերը և այլն:
– Նշում էիք, որ ինֆոգրաֆիկան օգնում է մատչելի դարձնել ծավալուն ինֆորմացիան: Ինչո՞ւ վերջին մի քանի տարում ինֆոգրաֆիկան սկսեց զարգանալ,10 կամ 15 տարի առաջ մեծ ծավալով տվյալների խնդիր չկա՞ր:
– Միանշանակ այդ ժամանակ նույնպես կային ծավալուն տվյալներ, բայց դրանք քիչ էին: Հարյուր տարի առաջ չէր ստեղծվում այնքան ինֆորմացիա, ինչքան մեր օրերում: Մի քանի դար առաջ ինֆորմացիան մի կետից մյուս կետ էր հասնում մի քանի հարյուր տարում, տեղեկատվությունը դանդաղ էր ստեղծվում և տեղափոխվում: Մեր օրերում տեղեկատվությունը այնքան արագ է տարածվում, որ մարդիկ ձգտում են ավելի ու ավելի էֆեկտիվ միջոցներով ներկայացնել այն: Այդ միջոցներից մեկը վիզուալիզացիան է: Տվյալները պատկերի վերածելու նախատիպերը ստեղծվել են դեռևս մի քանի հազարամյակ առաջ, տարբերությունը միայն ժամանակի և տեմպի մեջ է: Հիմա ժամանակը թելադրում է ավելի մոլի մրցակցություն:
[[wysiwyg_imageupload:236:]]- Արդյոք ինֆոգրաֆիկան օգնո՞ւմ է տվյալներն ավելի արդյունավետ ներկայացնելու համար։ Կարո՞ղ է այն լրագրության բնագավառում նոր որակ հաղորդել:
– Լրագրությանը միանշանակ օգնում է: Ինֆոգրաֆիկան չի փոխում տեղեկատվությունը, բայց վիզուալիզացնելով այն՝ հնարավորություն է տալիս նկատել նոր տվյալներ, որոնք թվերի հետևում չէինք նկատում, մինչ այդ անտեսանելի էին: Վիզուալիզացիան տվյալներն ավելի հասկանալի է դարձնում նաև նրանց համար, ում բացատրում ենք այդ ամենը:
– Ինչպե՞ս կգնահատեք ինֆոգրաֆիկայի զարգացումը Հայաստանում նաև մասնավոր և պետական կազմակերպությունների առումով:
– Միանշանակ շատ դանդաղ է ընթանում, ես գիտեմ բազմաթիվ կայացած լրագրողների, ովքեր պրոֆեսիոնալ են և այլն, բայց չունեն տվյալների հետ աշխատելու տարրական գիտելիքներ, չունեն գիտելիքներ բացատրական կամ հետաքննական լրագրության մասին, և դա այն դեպքում, երբ որոշ արտասահմանյան բուհերում «տվյալների լրագրություն» առարկան առնվազն 20 տարի է, ինչ դասավանդվում է: Հայաստանում այս ամենը դեռ նոր-նոր է սկսում զարգանալ: Կազմակերպությունների առումով ևս զարգացումը դանդաղ է ընթանում, բայց հետաքրքրվածություն կա. վերջին կես տարվա ընթացքում ինձ մի շարք կազմակերպություններ են դիմել, որոնք ցանկացել են իրենց տվյալներն արտահայտել ավելի հասկանալի ձևով, քանի որ կա մրցակցություն, և բոլորը ներկայանալի լինելու պահանջ ունեն:
– Այսինքն տվյալների լրագրությամբ զբաղվելու համար լրագրողական կրթությունը բնավ պարտադիր պայման չէ՞:
– Լրագրության մեջ յուրաքանչյուր ոլորտ ենթադրում է որոշակի նեղ մասնագիտական գիտելիքներ: Տվյալների լրագրությունը ևս նեղ մասնագիտություն է, որը շատ արդյունավետ և պարզ միջոց է տեղեկատվությունը ներկայացնելու համար, բայց դա չի նշանակում, որ բոլորը պետք է զբաղվեն տվյալների լրագրությամբ և դառնան դրա մասնագետը: Իմ կարծիքով լրագրությունը լիարժեք մասնագիտություն չէ, այլ ապրելաոճ, կյանքին նայելու ձև, որը կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ, ով չի ստացել լրագրողական կրթություն: Լրագրողական գործողություններ այսօր կատարվում են նաև այն մարդկանց կողմից, ովքեր բնավ լրագրողներ չեն: Տվյալների լրագրությունը սակայն նեղ մասնագիտական ոլորտ է, որով կարող են զբաղվել թե՛ ավանդական լրագրությամբ զբաղվող լրագրողները, թե՛ այլ մասնագիտություն ունեցող մարդիկ:
– Ավանդական մեդիան հակվա՞ծ է ընդունելու ինֆոգրաֆիկան որպես տեղեկատվություն ստանալու ձև:
– Դա անխուսափելի է: Սա մի գործընթաց է, որին այսօր գնում է մեդիա համայնքը, որովհետև ապագան տվյալների վերլուծությանն ու դրանց ներկայացմանն է: Առաջ ասում էին, որ ուժեղ է նա, ով տիրապետում է տեղեկատվությանը: Այսօր արդեն տեղեկատվությունը հասանելի է բոլորին, և ուժեղ է նա, ով գրագետ կերպով վերլուծում, ներկայացնում և իրարից անկախ երևույթների մեջ գտնում է կապեր:
«Տվյալների վիզուալիզացիայի և բացատրական լրագրության» նախաձեռնության նորություններին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ԼՀԱ-ի և Ամփոփ Մեդիայի ֆեյսբուքյան էջերին:
Աղբյուր՝ Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ