34-ամյա Մարինա Փոկրավորյանը Հալեպ քաղաքից է: Ընտանիքի հետ Հայաստան է գաղթել սիրիական պատերազմի պատճառով, ունի երկու մանկահասակ երեխա: Մարինան մասնագիտությամբ հաշվապահ է, ավարտել է Սիրիայի տնտեսագիտական համալսարանը, տիրապետում է հինգ լեզուների` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն:
Այնուամենայնիվ, Հայաստան տեղափոխվելով, Մարինան գիտակցում է, որ նոր միջավայրում մասնագիտությամբ աշխատելը նոր գիտելիք է պահանջելու, եւ առաջին բանը, որ մտքով անցնում է` փուչիկների ձևավորման ծառայություն հիմնելն է, ինչն իր սիրած զբաղմունքն էր Սիրիայում: Նրա ձգտումներին ու ցանկությանն իրականանալու թևեր է տալիս Մարինայի ամուսինը` Գրիգոր Խարաջյանը, ով Հալեպում երկար տարիներ աշխատել է որպես խառատ: Գրիգորն ինքն է ստանձնում այս գործի համակարգումը և, չնայած բազում դժվարություններին ու խնդիրներին, կարողանում է շուկայում ճանաչում ձեռք բերել, ունենալ մշտական պատվիրատուներ:
«Ուզեցինք ուրախութիուն մտցնել ժողովուրդին մեջ: Երբ ձևավորուած փուչիկները կտեսնին, երեցներն ալ, փոքրերն ալ շատ կուրխնան: Քեզ ալ դուր կգա, երբ ժողովուրդին մեջ դու ուրախութիուն ես դնում»,- ասում է Մարինան:

Աշխատելով տնային պայմաններում և ունենալով անհատ ձեռներեցի կարգավիճակ՝ նրանք իրենց բրենդն անվանեցին Magic Puchik: Սա Մարինայի մտահղացումն էր, ինչն ունի թաքնված իմաստ: «Իմ անունիս ու ազգանունիս սկզբնատառերը գործածած ենք բրենդին անունը ընտրելիս»,- համեստորեն շեշտում է Մարինան:
Մարինայի եւ Գրիգորի բիզնես նախաձեռնությանը սկզբնական շրջանում աջակցել է Հայկական Կարմիր խաչը՝ տրամադրելով անհրաժեշտ սարքավորումներ աշխատանքի մեկնարկի համար։ Տարբեր չափերի աջակցություն եղել է նաեւ անհատներից, որոնց մեծ երախտագիտությամբ հերթով մտաբերում է Մարինան:
Փուչիկների ձևավորման առաջին պատվերը եղել է «Դալմա Գարդեն Մոլի» խանութներից մեկի բացման արարողության նպատակով ձևավորումը: Այժմ էլ համագործակցում են խանութների, բանկերի, ռեստորանների և բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ, ունենում են նաեւ անհատական պատվերներ՝ թե’ տեղի, թե’ արտերկրից ժամանած հայերից` ծնունդների, կնունքների և այլ առիթների դեպքում:
Խոսելով լեզուների, հատկապես թրքերենի իմացության մասին՝ Մարինան, ժպիտը դեմքին, ասում է. «Թշնամիի լեզուն պետք է գիտնանք, որ հասկնանք՝ ինչ կխոսին մեր մասին, բայց չգործածինք»:
Իր և ամուսնու նախնիները Անթեպից են եղել, և Անթեպի ժողովուրդը շատ լավ տիրապետել է թրքերենին: Նա ակամա հիշում է, որ իր պապիկը (մահացել է 106 տարեկան հասակում) հայկական ջարդերի տարիներին փրկվել է արաբերեն իմանալու շնորհիվ, քանի որ թուրքերը կարծել են, թե արաբ է:
«Երկրորդ ջարդը, կարծես թե, մենք տեսանք. մեր հոժար կամքով Սիրիայից ոչ պատրաստուած եկանք Հայաստան, արդեն սկսել էր վտանգը, քանի անգամ փրկուեցանք էնտեղ, մեզմե հետո միայն մեկ օդանավ ելավ Հալեպեն ու օդանավակայանը փակուեցավ, հոսանք չունեինք, ձմեռվա սկիզբն էր, որոշեցինք ամուսիններով, որ պետք է դուրս գանք, սկզբում մենք եկանք, հետո մեր ծնողքն ու հարազատները եկան»,- մեծ տխրությամբ հիշում է Մարինան։
Հայաստանում էլ բավականին դժվարությունների հանդիպելով ու դրանք կրելով` Մարինան լավատեսորեն է նայում ապագային. «Եկանք էստեղ, նոր էջ բացինք, նոր կյանք, այստեղ ալ շատ դժվարութիուներու հանդիպեցանք, բայց չհուսահատվեցանք, պետք է ոգի ու կամք ունենալ, պետք է դու ինքդ հարմարվես, փոքրից է, որ մեծը կըլլա»:
Շուրջ հինգ տարի Հայաստանում ապրելով՝ ձուլվել են տեղաբնակներին։ Ասում են շատ բան են սովորել նրանցից, բայց շատ բան էլ իրենցից են սովորել: Արդեն բավականին մտերիմներ ունեն Հայաստանում:
Մեծ կամք ու ոգի ունեցող Մարինան այլևս չի ուզում վերադառնալ Հալեպ, եւ չնայած տեղյակ են, որ պատերազմի հետևանքով իրենց տունը շատ չի վնասվել, սակայն հույս չունեն, թե նախկին բարվոք կյանքն այնտեղ հնարավոր է վերականգնել։
«Արդեն եկանք, հարմարուեցանք, մեր հայրենիքն է, ետ գնալ չենք ուզեր, տղաս մանկապարտեզ կերթա, աղջիկս երկրորդ դասարանի աշակերտուհի է, շատ ընկերներ ալ հոս ունեցանք: Ծնողքին պարտականություն է մտածել ու հոգալ իր երեխային ապագայի մասին: Մենք ալ մեր երեխաներին համար կապրինք ու կաշխատինք, որ նրանք մեծնան մայր հողին վրա, իրենք ալ մասնակից ըլլան հայրենիքի բարգավաճմանը` չնայած հայրենիքին առջև ծառացած բոլոր դժվարութիուներուն»,- ասում է երիտասարդ մայրիկը:
Հեղինակ՝ Նարինե Նահապետյան
Աղբյուր՝ JNews.am
Սույն հոդվածը պատրաստվել է Հայկական Կարմիր խաչի «Երիտասարդների կայուն զարգացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիա ուսուցում–վարժանքների ընթացքում: