Skip to content

Կապանում կայացավ «ՊրոՓաբլիկ»-ի Երիտասարդական փորձագիտական ակումբի ամփոփիչ հանդիպումը

Մայիսի 28-ին Կապանում կայացավ «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնին կից ստեղծված Երիտասարդական փորձագիտական ակումբի ամփոփիչ հանդիպումը։ Այն հիմնվել է «ՊրոՓաբլիկ» ծրագրի շրջանակներում «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոնի, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ի և Գորիսի մամուլի ակումբի համատեղ ջանքերով։

Միջոցառման նպատակն էր` ամփոփել ակումբի 6-ամսյա գործունեությունը, դրա շրջանակներում իրականացված գործողություններն ու երիտասարդների կողմից կազմված ավարտական ծրագրերը՝ ուղղված համայնքային խնդիրների լուծմանը։ 

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան «ՊրոՓաբլիկ» ծրագրի տնօրեն,  «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանն ու «ՊրոՓաբլիկ» ծրագրի կոնսորցիումի անդամ «Ծիածան» ԱԿԿ ՀԿ նախագահ Սուսաննա Մարտիրոսյանը։ Վերջինս ընդգծեց՝ ակումբի գործունեության վեց ամիսների ընթացքում փորձել են երիտասարդների համար կազմակերպել այնպիսի դասընթացներ և հանդիպումներ, որոնք կնպաստեն նրանց ակտիվ մասնակցությանը համայնքների զարգացման գործին․

«Երիտասարդների համար պետք չէ կառուցել պետություն, այլ հարկավոր է սովորեցնել իրենց, որպեսզի իրենք մասնակցություն ունենան պետության կառուցման գործին»,- ասաց Մարտիրոսյանը՝ հույս հայտնելով, որ երիտասարդները շարունակելու են ակտիվորեն մասնակցել համայնքային խնդիրների բարձրացմանն ու լուծումների առաջարկմանը։

Ակումբն աշխատել է ավելի քան 30 երիտասարդների հետ Կապան և Քաջարան համայնքներից, Ագարակ, Եղվարդ, Արծվանիկ և այլ հարակից բնակավայրերից։ Երիտասարդներից 14-ը մասնակցել են ակումբի բոլոր միջոցառումներին և քննարկումներին։

Ակումբում կազմակերպվել են մեկ տասնյակ օնլայն և օֆլայն դասընթացներ, քննարկումներ՝ մեդիագրագիտության, տեղեկատվական անվտանգության, արտակարգ իրավիճակների,  առաջին օգնության, սոցիալական ձեռնարկատիրության, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, զբոսավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության ու այլ թեմաներով։

Վերջին քննարկումը վերաբերում էր երիտասարդների մասնակցությանը որոշումներ կայացնելու գործընթացներին։ Քննարկումը վարում էր զարգացման ծրագրերի մասնագետ Լուսինե Սարուխանյանը։ Դասընթացին մասնակիցները ձևավորեցին 6 աշխատանքային խմբեր և ստացան առաջադրանք՝ աշխատել իրենց կողմից առաջ քաշված համայնքային զարգացման փոքր նախագծերի ուղղությամբ, որոնց ստեղծմանն ակտիվորեն աջակցեցին «Ծիածան» ԱԿԿ ծրագրի համակարգող Անի Սարգսյանը և ծրագրերի զարգացման մասնագետ Լուսինե Սարուխանյանը։ Խմբերն առաջադրանքը կատարեցին երկու շաբաթում։

Նախագծերը ներկայացվեցին ավարտական միջոցառմանը, որին ներկա էին Կապանի և Քաջարանի տեղական ինքնակառավարման մարմինների, քաղհասարակության և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցները հնարավորություն ունեին հարցեր ուղղել ծրագրերի հեղինակներին և դիտարկումներով հանդես գալ։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ ղեկավար Սուրեն Դեհերյանը նշեց, որ արդեն իսկ մեծ հաջողություն կարելի է համարել այն, որ ակումբի անդամները կարճ ժամանակում, փորձ չունենալով, կարողացել էին ծրագրեր կազմել ու համարձակորեն ներկայացնել դրանք։ 

«Մենք ակնկալում ենք, որ երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունենան տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին, իսկ մոտ ապագայում առաջարկված ծրագրերից մեկը իրականություն դառնա՝ միավորելով համանքի ռեսուրսներն ու ակտիվացնելով համայնքային կյանքը»։

Լուսինե Սարուխանյանը ներկաներին ոգևորեց հետևյալ տողերով․

«Երբ մի բան շատ ես ցանկանում, ռեսուրսն անպայման գտնվում է։ Ուստի, չպետք է երբևէ կանգ առնել ռեսուրս չունենալու պատճառով, միշտ էլ ելքեր լինում են»։

Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր ու շնորհակալագրեր, ինչպես նաև իբրև մրցանակներ՝ սոցիալ-կրթական զարգացման խաղեր, որոնք անվճար տրամադրել էր «ԿԱԶԱ» հիմնադրամը։

***

«Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը (այսուհետև՝ «ՊրոՓաբլիկ» ծրագիր), որը միտված է Սյունիքի ՏԻՄ-երի զարգացման ռազմավարական ծրագրերի ուժեղացմանը, իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ի համատեղ ջանքերով։

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներգրավմանը:

***Սույն ծրագիրն իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները և նյութերի բովանդակությունը միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությանն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: