Skip to content

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է հարգել Փարաքարի համայնքապետի ընտանիքի վիշտը

Հայաստանի ԶԼՄ–ների Էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է որոշ լրատվամիջոցներին՝ հարգել Փարաքար համայնքի սպանված ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի վիշտ և պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները, հեռացնել արդեն հրապարակված տեսանյութերը։

Հայտարարության ամբողջական տեքստը ստորև․

«Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հորդորում է լրատվամիջոցներին՝ հարգել նախօրեին սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հարազատների վիշտը և զերծ մնալ այս օրերին նրա հարազատների տնից իրականացվող ռեպորտաժներից ու հարցազրույցներից։

Արդեն իսկ եղած նմանատիպ հրապարակումների շուրջ բավականին անառողջ մթնոլորտ է ձևավորվել, որը վնաս է հասցնում լրագրողի մասնագիտական համբավին։ Առանց մեդիայի էթիկական նորմերի հետ համապատասխանությանն առնչվող մանրամասների մեջ մտնելու՝ կոչ ենք անում հատկապես ԶԼՄ-ների Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած ու էթիկայի Կանոնագիրը ստորագրած «Ժողովուրդ» օրաթերթին և ArmLur.am կայքին՝ հեռացնել հրապարակված վերոհիշյալ տեսանյութերը և հնարավորինս կանխել դրանց տարածումը»։