Skip to content

Հայտարարություն․ մտահոգություններ «Շողակաթ»-ի ֆինանսավորման հնարավոր դադարեցման շուրջ

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությանը։ Խոսքը հանրային հեռարձակողների թվի նվազեցման և կրթամշակութային ուղղվածությամբ ծրագրի պահանջի վերացման մասին է, ինչը, ըստ հայտարարության հեղինակների, նշանակում է հրաժարում հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից որպես հանրային հեռարձակող։

Հայտարարության հեղինակները մտահոգություն են հայտնում, որ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված չէ կառավարման կամ ֆինանսական արդյունավետությամբ, այլ կրում է քաղաքական ենթատեքստ և կարող է հարվածել մշակութային ու կրթական բովանդակության հանրային արժեքին։

Լրագրողական կազմակերպությունները կարևոր են համարում, որ նման թեմաները՝ մշակույթը, հոգևորությունն ու կրթությունը, մնան հանրային հեռարձակողի օրակարգում՝ որպես հանրային շահի մաս։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը․

«Վաղը՝ հոկտեմբերի 21-ին մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։ Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, հարկ չենք համարում այստեղ մանրամասն անդրադառնալ այդ փոփոխության անհրաժեշտության մասին պաշտոնական տեսակետին, քանի որ այն խիստ ընդհանրական, որոշ առումով ապակողմնորոշող բնույթ ունի, համոզիչ չէ և բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Իրականում նախաձեռնության հիմքում ոչ թե վկայակոչված ֆինանսական, կառավարչական, որակական կամ գործառնական խնդիրներն են, այլ ակնհայտորեն քաղաքական կոնտեքստն է՝ հետզհետե սրվող առճակատումը իշխանությունների և Հայ առաքելական եկեղեցու միջև, իսկ վերջինիս հետ էլ, ինչպես հայտնի է, սերտորեն փոխկապակցված է «Շողակաթ» հեռուստաընկերությունը։

Հատկանշական է, որ գործող օրենքի համաձայն՝ հեռարձակողները չեն կարող  հիմնադրվել կամ հովանավորվել կրոնական կազմակերպությունների կողմից։ Այս մոտեցումը ՀՀ անկախության տարբեր ժամանակահատվածներում վերանայվել և փոփոխվել է․ արգելքը հանվել ու կրկին ներմուծվել է՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Ինչպես ժամանակին «Շողակաթ»-ի ներառումը հանրային հեռարձակողի համակարգ, այնպես էլ ներկայումս հարցի վերանայումը  զուտ կոնյունկտուրային է՝ այս անգամ վերոհիշյալ կոնֆլիկտով պայմանավորված։

Մինչդեռ, հանրային շահը պահանջում է, որպեսզի մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նմանատիպ այլ թեմաները, որոնց լուսաբանումը, որպես կանոն, կոմերցիոն նպատակներ չի հետապնդում, բայց կարևոր է հասարակության զարգացման համար, հենց Հանրային հեռարձակողի առաջնահերթությունների մեջ լինեն։ Առաջարկված օրենսդրական փոփոխությունը հակառակ տպավորությունն է թողնում։

Պաշտոնական հիմնավորումներում վկայակոչված՝ «ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման և գործունեության օպտիմալացման» խնդիրը հնարավոր էր լուծել առանց այդ փոփոխության՝ պահպանելով կրթական-մշակութային ամբողջական ծրագիրը որպես այդպիսին։

Իրատեսորեն, դժվար չէ կանխատեսել, որ խորհրդարանական մեծամասնությունը կընդունի ներկայացրած օրինագիծը, մանավանդ որ այն արժանացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը։

Այդուհանդերձ, նույնիսկ «առնվազն երկու ծրագիր» ձևակերպումն ընդունելը չի բացառում, որ հանրային հեռարձակողն ունենա երրորդ ծրագիրը՝ ամբողջությամբ նվիրված մշակութային, հոգևոր, կրթական, գիտական և նման այլ թեմաներին։ Սա է պահանջում հանրային շահը, և մենք կոչ ենք անում իշխանություններին՝ դիտարկել այն որպես գերակայություն և գնալ այդ ճանապարհով։

Բացի դրանից, հորդորում ենք սկզբունքորեն հրաժարվել մեդիա օրենսդրության նկատմամբ խիստ իրավիճակային մոտեցումներ դրսևորելուց, ինչը մտահոգիչ ավանդույթ է դարձել և վնաս է հասցնում ոլորտի արդյունավետ գործունեությանն ու զարգացմանը»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Երևանի մամուլի ակումբ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ