Նոյեմբերի 15-ին Ամփոփ Մեդիայի գլխավոր խմբագիր Սուրեն Դեհերյանը որպես բանախոս մասնակցեց FEMINNO25 միջազգային կոնֆերանսին, որն այս տարի համախմբել էր հարյուրավոր մասնակիցների տարբեր երկրներից։ Կոնֆերանսի տարբեր դահլիճներում քննարկվեցին նորարարությանը, ԱԲ-ին, ստեղծարարությանը, կրթությանն ու մեդիային վերաբերող հարցեր։
Դեհերյանը մասնակցեց «Պայքար ուշադրության համար․ մեդիայի իշխանությունը ազդեցության դարում» պանելային քննարկմանը, որտեղ բանախոսները խոսում էին մեդիայի առջև կանգնած նոր մարտահրավերների՝ «մարդ մեդիայի» մեծացող ազդեցության, ալգորիթմների դերակատարության, վստահության փոփոխվող սահմանների մասին։
Դեհերյանի խոսքով՝ ավանդական մեդիան այսօր միաժամանակ մրցում է թե՛ արհեստական բանականության, թե՛ սոցիալական ցանցերում ծայրահեղ խտացված տեղեկատվական հոսքերի հետ՝ երբեմն զիջելով որակի հաշվին։ Նրա դիտարկմամբ՝ շարունակում է բաց մնալ կարևոր հարցը․ «արդյո՞ք լայն լսարանն ունի որակյալ տեղեկատվության պահանջարկ, և ինչպե՞ս սահմանել «որակը» այս խիստ փոփոխական միջավայրում»։

Քննարկման մոդերատորն էր Ռուբինա Մարկոսյանը (EVN Report), մյուս բանախոսներն էին Գեմաֆին Գասպարյանը (ԲՈՒՆ TV), Լուսինե Գրիգորյանը (Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն) և Անահիտ Բեկյանը (Monk3)։
Շնորհակալություն FEMINNO-ի կազմակերպիչներին՝ հարթակը ստեղծելու և մասնակիցներին միավորելու համար։

