2025 թվականի ամռանը Բեռլինի Լրագրության դպրոցը (Berlin Journalism School – BJS) Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ մեկնարկեց ուսուցողական ծրագիր, որը միավորեց մասնակիցների՝ Հայաստանից, Վրաստանից և Մոլդովայից։ Հայաստանից ծրագրի գործընկերն էր «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը։
Ծրագրի նպատակն էր խորացնել մասնակիցների կարողությունները՝ ճանաչելու ապատեղեկատվական արշավները, վերլուծելու և մշակելու հանրային իրազեկման արդյունավետ մեխանիզմներ՝ հատկապես սեփական երկրներում իրականացվող կրթական և հանրային իրազեկման նախաձեռնությունների միջոցով։
Բեռլինյան փուլ․ գիտելիք, փորձ և միջազգային համագործակցություն
Հայաստանից Բեռլինի օգոստոսյան դասընթացին մասնակցելու համար ընտրվել էին վեց լրագրողներ՝ «Ազատություն», Ampop.am, FIP.am, «Հետք», EVN Report և Media.am լրատվամիջոցներից։
Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեց, թե ինչպես են Գերմանիայում և մի շարք ԵՄ երկրներում, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում և Հայաստանում տարածվում ապատեղեկատվական և քարոզչական հոսքերը։

Հայաստանի տեղեկատվական միջավայրի առանձնահատկություններն ու ապատեղեկատվության տարածման հիմնական ռիսկերն ու միտումները ներկայացրեց ԼՀԱ-ի ներկայացուցիչը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների և հրավիրված փորձագետների շրջանում։
Բեռլինյան դասընթացի ընթացքում երեք երկրից ժամանած մասնակիցները՝ լրագրողներ և ՔՀԿ ներկայացուցիչներ հանդիպեցին գերմանացի և եվրոպացի առաջատար փորձագետների, այցելեցին մեդիա և հասարակական կազմակերպություններ։
Բեռլինից վերադառնալուց հետո լրագրողները ստեղծեցին և հրապարակեցին հոդվածներ, հետաքննական նյութեր և փոդքասթներ։
Հայաստանյան փուլ․ մարզային սեմինարներ երիտասարդների և ՔՀԿ-ների համար
Ծրագրի հաջորդ փուլն իրականացվեց Հայաստանում 2025 թվականի հոկտեմբերի 28–ից նոյեմբերի 15-ը, որը համընկավ Մեդիագրագիտության շաբաթվա հետ։ ԼՀԱ-ի կողմից կազմակերպվեցին դասընթացներ բեռլինյան ծրագրի հայ մասնագետների անմիջական մասնակցությամբ։
Դասընթացներ անցկացվեցին Երևանում, Չարենցավանում, Վաղարշապատում և Արմավիրում 16–25 տարեկան երիտասարդների, ՔՀԿ ներկայացուցիչների, տեղական ակտիվիստների և համայնքային կյանքում ներգրավված քաղաքացիների համար։ Ընդհանուր առմամբ, այս չորս հանդիպումներին ներկա գտնվեց շուրջ 90 հոգի։
Մեկօրյա ինտենսիվ դասընթացների ժամանակ մասնակիցները ծանոթացան ապատեղեկատվության և մանիպուլյացիաների ճանաչման գործնական մեթոդներին, փաստերի ստուգման և թվային անվտանգության գործիքներին, մեդիա կողմնակալությանն ու հուզական մանիպուլյացիաներին, կատարեցին թիմային վարժություններ։
Դասընթացների նպատակն էր զարգացնել երիտասարդների քննադատական մտածողությունը և նրանց տրամադրել հմտություններ՝ սեփական համայնքներում ստեղծվող տեղեկատվական միջավայրը քննադատորեն և պատասխանատու կերպով սպառելու համար։
ԼՀԱ-ի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի շնորհիվ ամրապնդվել է տարածաշրջանային համագործակցությունը ապատեղեկատվության դեմ պայքարում, ձևավորվել է երիտասարդ մասնագետների նոր ցանց, մարզային համայնքներում բարձրացվել է մեդիագրագիտության և թվային անվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը։
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ-ն շարունակելու է իր գործունեությունը՝ ուղղված հասարակության շրջանում անաչառ իրազեկմանը, մեդիա կրթության տարածմանը և ժողովրդավարության դիմակայունության ամրապնդմանը։
ԼՀԱ










