Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով դատապարտում են iLur.am կայքի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը եւ պահանջում են իշխանություններից պատժել մեղավորներին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.
Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որով դատապարտում են iLur.am կայքի լրագրողի նկատմամբ կատարված բռնությունը եւ պահանջում են իշխանություններից պատժել մեղավորներին: Ստորև ներկայացնում ենք հայտարարության ամբողջական տեքստը.
«2013 թվի ապրիլի 23-ին, ժամը 17:30-ի մոտ iLur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը Երեւանի Նորքի 8-րդ զանգվածի բակերից մեկում լուսաբանելիս է եղել Տարոն Մարգարյանի քարոզարշավը, երբ մի քանի հոգի նրանից պահանջել են դադարեցնել նկարահանումները: Լրագրողը բացատրել է, որ իր մասնագիտական պարտականությունն է կատարում: Ըստ լրագրողի, Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամ, ավագանու թեկնածու Աշոտ Պապայանը մոտեցել է իրեն եւ հայհոյելով սկսել է հարվածել լրագրողին: Նրան են միացել էլի մի քանի հոգի, սկսել են քաշքշել եւ նույնպես հարվածել: Միջադեպին ներկա եւ ականատես է եղել ոստիկանության մի մայոր, սակայն որեւէ մեկը չի կասեցրել լրագրողի նկատմամբ գործադրվող բռնությունը: Այդ մարդիկ լրագրողի ձեռքից խլել են ֆոտոխցիկը: Քիչ անց մեկը վերադարձրել է ֆոտոխցիկը, որի միջից մաքրված են եղել բոլոր նկարահանած նյութերը:
Մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտելով լրագրողի նկատմամբ կատարված այս հարձակումը եւ բռնությունը, պահանջում ենք իշխանություններից պատժել մեղավորներին եւ ձեռնարկել համապատասխան միջոցներ` հետագայում նման վայրագությունները կանխելու նպատակով:
Չպատժելու որեւէ արդարացում անընդունելի է, քանի որ ակնհայտորեն այս հանցագործության բացահայտելը որեւէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Եթե այս հանցագործությունը անհետեւանք մնա, ոստիկանության ղեկավարության բազմաթիվ հայտարարությունները իրենց քաղաքական չեզոքության մասին դատարկ խոսքերի շռայլում կհամարենք:»
Հայտարարության տակ ստորագրել են.
Լեւոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Էդիկ Բաղդասարյան, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
Նունե Սարգսյան, «Ինտերնյուս» մամուլիս աջակցության ՀԿ
Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Սուրեն Դեհերյան, «Լրագրողներ hանուն ապագայի» ՀԿ