Skip to content

Թուրքիայի և Հայաստանի սահմանին. Արետ Բոզթաշ

Հայ և թուրք հասարակություններն ապրում են կողք կողքի. նրանց սահմանները և՛ մոտ են, և՛ հեռու: Փոխվել է թուրքը, հայն էլ նույնը չէ, սակայն փոխվե՞լ է արդյոք թշնամանքը…

24-ամյա Արետ Բոզթաշ Թովմասեանը ծնվել և մեծացել է Թուրքիայի Էլազըղ քաղաքում: Թովմասեան ազգանունը ժառանգել է պապուց` Փիլիպոս Թովմասեանից, որը հետագայում փոխել է ազգանունը՝  դառնալով Մուսթաֆա Բոզթաշ: Մինչև 18 տարեկան ապրել է Ստամբուլում և արդեն վեց տարի Հայաստանում է: Նախնական կրթություն Արետն ստացել է Թուրքիայի հայկական վարժարանում, իսկ արդեն 2009 թվականից եկել է Հայաստան, սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Թուրքահայ երիտասարդը մեծ սեր ունի արվեստի նկատմամբ, տիրապետում է 10 գործիքի՝ դաշնամուր, ֆլեյտա, դուդուկ, ուդ, կիթառ, բաս կիթառ, շվի, սազ, թմբուկ և դարբուկա: Ստամբուլում մասնակցել է Կոմիտասին նվիրված համերգների, նվագել է մյուզիքլներում` հանդես գալով Թուրքիայի տարբեր քաղաքներում: Հայաստանում Արետը մատուցող է աշխատում «Բուրբոն» փաբում: Կիթառով համերգ է ունեցել այնտեղ, նաև նվագել է «Վոյցեկ» մյուզիքլում: Նաև երաժշտության նկատմամբ սերն է Արետին բերել Հայաստան: Արետն ասում է, որ Հայաստանում լինելու երկու տարիներին իրեն երբեմն զգացել է օտար միջավայրում, ասում է, որ ծաղրել են, երբ լսել են, թե ինչպես է խոսում:

«Ապրելակերպս էր տարբեր, խոսելաձևս: Մարդիկ կարծում էին, թե ես թուրք եմ, մանավանդ, երբ տեսնում էին, որ ազգանունս յան-ով չէ: Ինձ հարցնում էին՝ թու՞րք ես, ես պատասխանում էի` հայ եմ, երկրորդ հարցն էր հետևում. մայրի՞կդ է հայ, թե՞ հայրիկդ, պատասխանում էի՝ երկուսն էլ: Ես ինձ վատ էի զգում, որ ապրելով Թուրքիայում ավելի շատ բան գիտեի հայերի մասին, քան նրանք թուրքահայերի մասին»,- պատմում է Արետը:

Արետի հայրը Խարբերդից է, մայրը` Բիթլիսի Մուտկի գյուղից: Ասում է, որ իր հայ լինելը խոչընդոտ չի հանդիսացել ապրելու թուրքական միջավայրում: Նրա կարծիքով՝ դա գալիս է նրանից, որ իր սերնդի և մի փոքր ավելի մեծ սերնդի տեղեկացվածությունն ավելի շատ է, մարդիկ կուրորեն չեն վստահում գրքային տեղեկատվությանը, շփվում են, հետո հասկանում` ով է հայը:

«Հիշում եմ, երբ փոքր էինք, խաչեր էինք կրում, և մայրիկս մեզ միշտ զգուշացնում էր, որ բակ դուրս գալուց թաքցնենք դրանք, զգուշանանք հայերեն խոսելուց, քանի որ այդ ժամանակ դեռ կային խնդիրներ ազգությամբ հայ լինելու հետ կապված: Սակայն վերջին 15 տարին ավելորդ ոչ մի բան տեղի չի ունեցել, ոչ մի խնդիր չկա»,- ասում է նա:

Այսօր Ստամբուլում ապրում է մոտ 60.000 հայ, գործում են 25  հայկական դպրոց և բազմաթիվ եկեղեցիներ: Թուրքահայ երիտասարդի կարծիքով՝ թուրք հասարակությունը բավականաչափ տեղեկացված է թե՛ հայերի, թե՛ 1915 թվականին տեղի ունեցած Ցեղասպանության մասին: Վերջին 3 տարվա ընթացքում համացանցում հայտնվել է թուրք լրագրողների և մտավորականների կողմից ստեղծված http://www.ozurdiliyoruz.com/  (հայերեն՝ «Ներեցե՛ք մեզ») կայքը, որտեղ 12 լեզվով ներկայացված են 1915-ին և դրանից առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած սադրանքները:

«Ես շատ թուրք ընկերներ ունեմ, ովքեր ընդունում են հայերին որպես ընկեր և բարեկամ, նույնն էլ՝ հայերը: Հայաստան հիմնականում գալիս են այն թուրքերը, ովքեր խնդիր չունեն հայերի հետ շփվելու, նույնիսկ Հայաստանում բիզնեսում կայանալու մեջ: Սակայն, որքան էլ խնդիր չլինի, երկու հասարակությունում էլ կան մարդիկ, որոնք հետ են քաշվում՝ լսելով թուրքի և հայի անունը, քանի որ կա վախ, կան հիշողություններ անցյալից եկող և դեռ չսպիացած», – ասում է Արետը:

Կրոնական հայացքները Թուրքիայում ևս մեծ դեր են խաղում հասարակությանը ապակողմնորոշելու հարցում: Կրոնը լավ գործիք է հասարակության վրա ազդեցություն ունենալու համար, ինչն այսօր ավելի ու ավելի է շատանում թուրք հասարակության մեջ: Թուրքերը շատ են սիրում իրենց կրոնը, կարծում է թուրքահայ երիտասարդը, և հենց դա է պատճառը, որ տեղյակ թե անտեղյակ, ընդունում են ապատեղեկատվություն Հայոց ցեղասպանության և հայերի վերաբերյալ:

Արետը կարծում է, որ հայը թուրքի աչքում վախենալու մարդ է, քանի որ որտեղ էլ լինի՝ հայը հասնում է իր նպատակին: Ստամբուլում արհեստների, երաժշտական գործիքների մեծ մասը հայերի ձեռքում է, ինչը վախ է ներշնչում․ հայերը «մի բուռ» են Ստամբուլում, և այդ ամենն իրենց բռում է:

«Չեմ կարող ասել, որ սա գալիս է հայի նկատմամբ թուրքի նախանձից: Ավելի ճիշտ է ասել` թուրքը խելամիտ է, քան խելացի, իսկ հայը ավելի շատ խելացի է, քան խելամիտ»,- ընդգծում է Արետը:

Թուրքահայ երիտասարդի համար ապրել հայրենիքում երջանկություն է: Չնայած Արետը Հայաստանում հանդիպել է շատ դժվարությունների՝ միևնույն է՝ հպարտ է, որ հայ է: Ապրելով թուրք հասարակությունում՝ նա տարիների ընթացքում նկատել է մտածելակերպի և հայացքների փոփոխություններ, հատկապես՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո, երբ թուրք, քուրդ և հայ ազգի ներկայացուցիչներ կանգնել են կողք կողքի` միմյանց սատարելու:

«Կարևորն այստեղ ոչ թե այն է, թե ով է իմ ժողովուրդը, այլ այն, թե ով է մեզնից յուրաքանչյուրը նախ որպես մարդ, հետո՝ որպես հայ: Եթե մեկն ինձ ընդունում է որպես մարդ, ապա ես նույնպես նրան ամեն հարցում կընդունեմ նախ որպես մարդ: Եթե մեր հասարակություններում թուրք և հայ լինելը չքաղաքականացվի և չշահագործվի՝ մեր միջի թշնամանքը վաղ թե ուշ կվերանա»,- ասում է Արետ Բոզթաշ Թովմասեանը:

Լուսանկարը՝  Ամալի Խաչատրյանի

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում