11-12 տարեկան էի, երբ առաջին անգամ մեր տան նվագարկչից լսեցի նրա ձայնը: Հնչեց La Bohème-ը, հետո She-ն: Չգիտեմ՝ երբ սիրեցի Շառլ Ազնավուրին ու ինչի համար: Մի բան վստահ գիտեմ՝ շատ հպարտ էի, որ նման հայրենակից ունեմ:
Երբ սկսեցի աշխատել որպես լրագրող, մի բուռն, անհագ ցանկություն ունեի՝ հարցազրույց վերցնել Նրանից: Սկզբում այդ ամենն անհնար էր թվում: Երեք տարի առաջ առաջին անգամ գրեցի նրա էլեկտրոնային հասցեին, հարցազրույց խնդրեցի: Պարբերաբար փորձում էի, իսկ այս տարի Ազնավուրի լրատվական ծառայությունից պատասխան ստացա. համաձայն էին:
Առաջին անգամ Նրան տեսա այս տարվա ապրիլի 23-ին: Իմ առջև երկնտրանք էր դրված՝ գնալ SOAD-ի համերգի՞ն, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու և մոտ 5-7 րոպեով տեսնելու Շառլ Ազնավուրին… Բնականաբար ընտրեցի երկրորդը: Խոստովանեմ՝ շատ հուզված էի…
Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 10-ին: Ժամադրության վայրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ու էլի՝ հուզմունքից խոնավ ձեռքեր, սրտի լսելի տրոփյուն…
…Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
11-12 տարեկան էի, երբ առաջին անգամ մեր տան նվագարկչից լսեցի նրա ձայնը: Հնչեց La Bohème-ը, հետո She-ն: Չգիտեմ՝ երբ սիրեցի Շառլ Ազնավուրին ու ինչի համար: Մի բան վստահ գիտեմ՝ շատ հպարտ էի, որ նման հայրենակից ունեմ:
Երբ սկսեցի աշխատել որպես լրագրող, մի բուռն, անհագ ցանկություն ունեի՝ հարցազրույց վերցնել Նրանից: Սկզբում այդ ամենն անհնար էր թվում: Երեք տարի առաջ առաջին անգամ գրեցի նրա էլեկտրոնային հասցեին, հարցազրույց խնդրեցի: Պարբերաբար փորձում էի, իսկ այս տարի Ազնավուրի լրատվական ծառայությունից պատասխան ստացա. համաձայն էին:
Առաջին անգամ Նրան տեսա այս տարվա ապրիլի 23-ին: Իմ առջև երկնտրանք էր դրված՝ գնալ SOAD-ի համերգի՞ն, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու և մոտ 5-7 րոպեով տեսնելու Շառլ Ազնավուրին… Բնականաբար ընտրեցի երկրորդը: Խոստովանեմ՝ շատ հուզված էի…
Մեր երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ արդեն հոկտեմբերի 10-ին: Ժամադրության վայրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտն էր: Ու էլի՝ հուզմունքից խոնավ ձեռքեր, սրտի լսելի տրոփյուն…
…Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում: Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից
Դահլիճում հանկարծ անջատվեցին բոլոր լույսերը: Մի պահ անվերջանալի թվացող աղմուկը, մերթընդմերթ այս ու այն կողմից հնչող ծափերը, որոնք ինչ-որ պահանջատիրական ենթատեքստ ունեին, դադարեցին ու կլոր, սպիտակ լույսի ներքո բեմում հայտնվեց Նա: Կյանքի մեծ մասը բեմում անցկացրած արտիստը հայացք ձգեց լեփ-լեցուն դահլիճին ու.. սկսեց երգել, ապրել իր երգերով ու ապրեցնել:
91-ամյա ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած իր համերգի ընթացքում ևս մեկ անգամ ապացուցեց՝ հոգով երիտասարդ է ու անհույս սիրահարված երաժշտությանը:
…Ավելի քան ինը տասնամյակ առաջ Փարիզում, հայ գաղթականների ընտանիքում ծնվեց մի մանուկ, որի նկատմամբ սկզբում ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէր: Սակայն տարիներ անց կարճահասակ, «խռպոտ ձայնով հայը» կարողացավ նվաճել աշխարհը, ծնկի բերել նրանց, ովքեր փակում էին նրա առջև բազմաթիվ դռներ: Տարիներ հետո լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը (ով այդքան էլ չի սիրում, երբ իրեն «շանսոնյե» են կոչում) իր «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքում պիտի վերհիշի անցած ուղին ու գրի.
«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…»:
Ո՞րն էր Շառլ Ազնավուրի ֆենոմենը: Այս հարցը մինչ օրս բազմաթիվ պատասխանների ու բանավեճերի առիթ է և մնում է առեղծվածային: Մի բան պարզ է՝ Ազնավուրը տարբերվում էր ժամանակաշրջանի արտիստներից:
«Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը: Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի: Հասակս, ինչ որ է, այն է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի միլիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ: Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ: Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ պակասությունը»:
…Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են` բավական է, սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում: Շառլ Ազնավուր, «Ազնավուրը Ազնավուրի մասին»գրքից
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հոկտեմբերի 10-ին մարդաշատ չէր: Շաբաթ օրերին մշակութային հաստատությունն ակտիվ կյանքով չի ապրում, բայց Շառլ Ազնավուրի թանգարան գալու լուրն աշխատակիցների շրջանում շատ արագ էր տարածվել. բոլորն արագ եկել էին, իրենց իսկ հավաստմամբ, հրաշքի ականատես լինելու: «Ազնավուրը, Ազնավուրն այստեղ է»,-լսվում էր տարբեր կողմերից: Ուշադրության սովոր երգիչն իրեն բնորոշ համեստությամբ ժպտում էր, մեծ հետաքրքրությամբ լսում թանգարանի ցուցանմուշների մասին տեղեկությունը և շարունակ հարցեր էր տալիս: Կոմիտասի դաշնամուրը տեսնելիս մի պահ հուզվեց, հետո մատներով անցավ ստեղների վրայով. ինչ-որ բան նվագեց, խորն ակնածանքով նայեց դաշնամուրին ու անցավ հաջորդ սրահ: «Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»,- թանգարանի հուշամատյանում գրեց Ազնավուրն ու հեռացավ՝ իր խոսքով՝ շատ տպավորված: Պատրաստվելու էր երևանյան համերգին:
«Մեր լեզուն՝ հայերենը, ինձ համար ընտանեկան լեզու է: Ավելի դժվար է ստացվում, դրա համար եմ ֆրանսերեն խոսում: Ավելի հեշտ է ինձ համար: Չգիտեմ` հայերեն ո՞ր լեզվով կարող եմ խոսել: Հո՞րս լեզվով, ով թիֆլիսցի է, մո՞րս լեզվով, ով ստամբուլցի է: Ֆրանսիայում միայն ֆրանսիացի են»,- երևանյան համերգի ժամանակ խոստովանեց երգիչը: Եվ իսկապես՝ նրա հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Քնարը, Թուրքիայի Իզմիր քաղաքում:
Ազնավուրյանների ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Փոքր հասակից զգացվում էր, որ Շառլը մեծ հետաքրքրություն ունի արվեստի հանդեպ. ծնողներին օգնելու համար պատանին ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում: Բայց ճանապարհը լի էր փորձություններով. «Կգա մի օր, երբ ես նրանց կառաջարկեմ պայմանագրեր»,- ինքն իրեն հանգստացնում էր Ազնավուրը: Նրա նպատակասլացությունն ու աշխատասիրությունն աներևակայելի էին:
«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարողանում եք հուզել». Շառլ դը Գոլ
1946 թվականը շրջադարձային եղավ. ծանոթությունն Էդիթ Պիաֆի հետ շատ բան փոխեց ոչ այդքան ճանաչված Ազնավուրի կյանքում: Հանրահայտ երգչուհու հետ նա սկսեց շրջագայել համերգներով:
Իսկ 1959 -ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցած նրա ելույթը ծնկի բերեց աշխարհը:
«..Ազնավուրը կանգնած է երկընտրանքի վարանումի ահը սրտում…Նրա ականջին է հասնում բազկաթոռների աղմուկը…«Գնում են»,-անցնում է երգչի մտքով,ու սիրտը ծակում է: Վարագույրը բարձրանում է: Ահա այդ ահավոր հանդիսատեսը, որ լուռ կանգնած է նրա առջև… Հետո որոտընդոստ ծափերից դղրդում է դահլիճը: Շառլ Ազնավուրը՝ ազգությամբ հայ այդ տաղանդավոր մարդը, իր խռպոտ ձայնով ծնկի էր բերել աշխարհի ամենաքմահաճ քաղաքը՝ Փարիզը»:
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա–
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել: Շառլ Ազնավուր, «Ինքնակենսագրություն»
Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգ, նրա սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Երգիչը ստեղծագործություններ է գրել ոչ միայն իր, այլև այլ հայտնի արտիստների համար, իր դերասանական տաղանդն է ցուցադրել կինոյում:
Այս ամենին զուգահեռ Շառլ Ազնավուրը երբեք չի մոռացել հայրենիքի մասին: 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում, Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կարվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ՝ Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Այսօր էլ Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է, հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշը:
«Շառլ Ազնավուրը թոշակի գնալու ցանկություն չունի»,-կատակում է ֆրանսիական մամուլը: 91-ամյակը դեռ չբոլորած՝ երգիչը նոր ալբոմ թողարկեց, ու ամբողջ աշխարհը ողողվեց ազնավուրյան հիշողություններով: Դեռ ավելին՝ հայտարարեց, որ մի քանի ալբոմ էլ է թողարկելու:
Ազնավուրը մի անգամ խոստովանել է՝ եթե երգելը թողնի, հաջորդ օրը կկնքի մահկանացուն: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,- «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում անկեղծացավ նա:
Իմ լավն ու վատը ես չհասկացա,
Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,
Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,
Ու ինձ մնացին արցունքներս քար:
Որտե՞ղ է հիմա
Ջահելությունը
Իմ քսանամյա…Շառլ Ազնավուր, «Դեռ երեկ»
Անվերջ ծափահարություններ, ծաղիկներ, զգացմունքների մի իսկական հրավառություն: Ազնավուրն իր երևանյան գրեթե մեկ ժամ տևողությամբ համերգի ընթացքում հասցրեց հուզել երկրպագուներին: Ժպիտներ, երջանկության արցունքներ ու սեր… Ու այս ամենը հենց քեզ համար՝ formidable:
Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում