Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար
Ադրբեջանը արտաքսել է երեք շվեդ լրագրողների, որոնք ձերբակալվել էին ընդդիմության ցույց կազմակերպելու վերջին փորձի ժամանակ: Նրանց ձերբակալումը դատապարտվել էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:
Լրագրողները ժամանել էին Բաքու մարդու իրավունքների վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարելու նպատակով:
Նրանք ձերբակալվել էին ապրիլի 17-ին, երբ ոստիկանությունը ցրում էր ընդդիմության ցույցը քաղաքի կենտրոնական այգիներից մեկում:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օրխան Մանսուրզադեն ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ լրագրողները հավատարմագրված չեն եղել Արտաքին գործերի նախարարության կողմից և ապրիլի 18-ին օրենքի համաձայն արտաքսվել են երկրից:
Սակայն լրագրողներից մեկը հայտնել է, որ նա և իր գործընկերները չեն թաքցրել իրենց մասնագիտությունը, երբ դիմել են վիզաների համար: Նա ավելացրել է, որ պաշտոնյաներն Ադրբեջանի դեսպանատանը նրանց հավաստիացրել են, որ իրենց փաստաթղթերը կուղարկվեն Արտգործ նախարարություն:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը չխոչընդոտել միջազգային մամուլի աշխատանքներին:
Աղբյուր: RFE/RL
Read More »Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար