100 գունավոր փուչիկ ընտանեկան բռնության դեմ
Ընտանեկան բռնությունը միտումնավոր արարքների մի ամբողջ շղթա է, որով ընտանիքի մի անդամը մյուսի հանդեպ վերահսկողություն հաստատելու նպատակով հարկադրում է նրան կատարել իր ցանկությունները և թելադրում իր կամքը:
Այսպես է բնութագրում ընտանեկան բռնությունը Հայաստանում գործող Կանանց իրավունքների կենտրոնը:
Հուլիսի 14-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ Կանանց իրավունքների կենտրոնը կազմակերպեց հերթական ակցիան`«Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով: Այս անգամ օդ բարձրացան 100 գունավոր փուչիկներ, որոնց միջոցով մասնակիցները և պարազպես անցորդները հնարավորություն ստացան «ոչ» ասել ընտանեկան բռնությանը` գրելով դա փուչիկի վրա:
Ըստ կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Մարինե Մարտիրոսյանի` եթե կանայք ընտանիքի ներսում ենթարկվում են որևէ բռնության` տնտեսական, ֆիզիկական, հոգեբանական, կամ նույնիսկ սեռական, ապա կա կազմակերպություն, որը կարող է աջակցել իրենց:
«Ակցիայի նպատակն է կանխարգելել ընտանեկան բռնությունը Հայաստանում: Որպեսզի մարդիկ իրազեկվեն, որ ոչ միայն ամբողջ աշխարհում, այլև Հայաստանում էլ կա ընտանեկան բռնություն կանանց նկատմամբ: Շատ հայ կանայք, ովքեր ենթարկվում են բռնության, պետք է պաշտպանված լինեն: Շատերն էլ իրազեկված չլինելով չեն կարողանում բռնությունը կանխարգելել ընտանիքում»,- ասում է Մարտիրոսյանը:
Այսպիսի ակցիաներ Կանանց կենտրոնը բազմիցս է կազմակերպել: Այս անգամ փուչիկներն ընտրվել են` ավելի շատ ուշադրություն գրավելու համար: