Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց
Հուլիսի 16-ին կավարտվի «Սփյուռքի ԶԼՄ-ների երիտասարդ լրագրողների դպրոց» ծրագիրը, որը նախաձեռնել էր Սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ:
Երեքշաբաթյա դասընթացին, որը մեկնարկեց հունիսի 26-ին, մասնակցեցին մինչև 33 տարեկան 19 լրագրողներ` աշխարհի տարբեր երկրների հայկական գաղթօջախներից: Նրանց մեծ մասը ներկայացնում էին սփյուռքի հայկական ԶԼՄ-ները:
Նման ամառային դպրոցի գաղափարն առաջարկվել էր դեռ նախորդ աշնանը Ստեփանակերտում կայացած հայ լրագրողների 5-րդ համաժողովում: Իսկ արդեն դպրոցի բացմանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հույս հայտնեց, որ նման դպրոցը կարևոր և սկզբունքային նշանակություն կունենա սփյուռք-հայրենիք գործակցությունը զարգացնելու և հզորացնելու առումով:
«Խնդիրը նրանում է, որ սփյուռքի ԶԼՄ-ներն սկսում էին ծերանալ. խմբագիրների և աշխատակիցների տարիքը գերազանցում է 40-ը: Այս դպրոցը կազմակերպվել է ոլորտը երիտասարդացնելու նպատակով»,- ասում է Սփյուռքի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի խոսքով ծրագիրը շարունակական բնույթ է կրելու, և ԵՊՀ-ն մշտապես աջակցելու է դրա իրագործմանը:
Ամառային դպրոցի տեսական դասախոսություններն անցնում են ԵՊՀ-ում, իսկ գործնական դասընթացները` հայաստանյան մի քանի հեռուստաընկերություններում, «Հայաստանի Հանրապետություն» և «Առավոտ» օրաթերթերի խմբագրություններում:
Read More »Հայաստանը դարձավ սփյուռքի ԶԼՄ-ների նոր սերնդի կրթության դարբնոց