Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրողը դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին
Գերմանիայում բնակվող իշխանամետ ադրբեջանցիները մարտի 18-ին սաստիկ ծեծի են ենթարկել ադրբեջանցի լրագրող Ֆահրադդին Հաջիբեյլիին: «Ազադլիգ» թերթը գրում է, որ ներկայումս հիվանդանոցում գտնվող երկու կողերը ջարդված լրագրողը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել Նովրուզ բայրամի տոնակատարության ժամանակ, ինչի պատճառն էլ մեկ տարի առաջ Բեռլինում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցիների կողմից անցկացված բողոքի ակցիայի մասին «Ազադլիգ» թերթում իր հրապարակումն էր:
«Ադրբեջանցիները Հայաստանի դեսպանատան առաջ միտինգ էին նշանակել: 4 կազմակերպություններից ընդամենը 16-17 մարդ էր մասնակցում: Ես քննադատորեն գրեցի, թե 17-ը 4-ի բաժանելիս ամեն կազմակերպությանը քանի մարդ է բաժին հասնում և հարց տվեցի` 100-200 մարդ հավաքելու համար քանի՞ՙ կազմակերպություն պետք է ստեղծել: Սա ընդամենը փոքրիկ սարկազմ էր, վիրավորանք չկար: Սփյուռքի հարցերով զբաղվող կազմակերպությունները Բաքվին հաղորդած իրենց տեղեկություններում հայտնեցին, թե իբր հզոր, փառահեղ միտինգ են անցկացրել և հայերին խայտառակել Եվրոպայում»,- հայտնել է Հաջիբեյլին:
Իրեն ծեծելու մեջ նա մեղադրել է Գերմանիայում Ադրբեջանի տան նախագահ Թոֆիգ Գարաևին: «Նովրուզի տոնակատարության օրը նա ինձ հրեց: Նրա կողքին կանգնած մարդիկ հարձակվեցին ինձ վրա և սկսեցին աքացիներով ու բռունցքներով հարվածել ինձ»,- պատմել է լրագրողը և հավելել, որ դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին:
Read More »Գերմանիայում ապրող ադրբեջանցի լրագրողը դատի է տվել Ադրբեջանի տան նախագահին