Ցկցկան լուրեր. հայ ռեփերներին վերջին նորությունները մատուցվում է սիրելի հնչյունների ներքո (վիդեո)
Համացանցում մեկնարկել է նոր ժամանցային-լրատվական նախագիծ, որը կոչվում է «Urish News»: Հաղորդման «Urishությունը» կայանում է նրանում, որ լուրերը մատուցվում են երաժշտության ներքո:
Ավանդական մեդիայի սիրահարները հավանաբար աթոռից վայր կընկնեն` իմանալով, որ «Urish News»-ի շնորհիվ այժմ շաբաթվա իրադարձություններին հնարավոր է տեղեկանալ միաժամանակ «ցկցկալով» ռեփային ռիթմերի և հնչյունների ներքո:
Լուրերի նման մտահղացման հեղինակն է 19-ամյա Տիգրան Մնացականյանը, ով հիփ-հոփի սիրահար է և գերազանց տիրապետում է բիթբոքսի նրբություններին` բերանով արտաբերելով երաժշտական (հիմնականում հարվածային) գործիքների հնչյուններ:
Երիտասարդը, ծանոթանալով գերմանական և ռուսական նմանատիպ հաղորդումներին, որոշեց ստեղծել հայկական տարբերակը: «Օրինակ` Գերմանիայում հեռուստաալիքներից մեկի լուրերից անմիջապես հետո ցուցադրում են ռեփ-նորություններ: Իսկ ռուսական «Rapinfo» հաղորդումը «YouTube»-ում ընդամենը երեք շաբաթական է: Այսինքն՝ մենք ընդհանրապես հետ չենք նրանցից», – ասում է Տիգրանը, ով շրջապատում հայտնի է որպես M’Tiko:
«Urish News»-ի հաղորդավարը համոզված է, որ լուրերի այս ձևաչափը կհետաքրքրի այն երիտասարդներին, ովքեր հեռու են լրատվական հաղորդումներից և կնպաստի, որ նրանք էլ հետաքրքրվեն լրատվությամբ: