Մեղքի բաժին. զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցված գործերում մեղավոր են նաև լրագրողները
2010 թ-ի մարտին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիական, քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում ԶԼՄ-ների գործունեության մասով ուղղումներ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ: Համաձայն այդ փոփոխությունների Հայաստանի քաղաքացիական օրենսգրքում ընդունվեց զրպարտանքի և վիրավորանքի մասին նոր դրույթներ, որոնց նախորդեցին բուռն բանավեճերը լրագրողների ու մեդիա փորձագետների շրջանում` կապված, հիմնականում, օրինախախտության համար սահմանված փոխհատուցման չափերի հետ` 500 000 դրամից (մոտ $1,250) մինչև 2 միլիոն դրամ (մոտ $5,000):
Լրացումներ կատարելու պահից մինչ այսօր հայկական լրատվամիջոցների դեմ զրպարտանքի և վիրավորանքի մասով հարուցվել է 16 գործ: Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի` այդ բոլոր գործերը դեռևս ավարտված չեն, քանի որ դրանք որոշումների բողոքարկման գործընթացում են:
Թեպետ փորձագետները ողջունում են զրպարտանքի և վիրավորանքի մասով պատժի ապաքրեականացումը, այնուամենայնիվ, նրանք մտահոգված են տուգանքների չափերով, ինչը ավելի շատ ԶԼՄ-ների վրա ազդելու գործիք է դարձել, քան պատիժ: Բացի այդ բացասաբար են ազդում դատավորների մասնագիտական ցածր մակարդակը լրագրության էթիկայի ոլորտում, ինչպես նաև նրանց ուղղակի սուբյեկտիվությունը:
Ինչպես նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը` արդեն աշխատանքներ են տարվում տուգանքի չափը նվազեցնելու համապատասխան առաջարկությամբ խորհրդարանում հանդես գալու համար: