Լուր Արթիկից. Փաշինյանի պատժաչափը մնաց անփոփոխ
Փետրվարի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը, չբավարարելով Փաշինյանի բողոքը, անփոփոխ թողեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:
Լրագրողի փաստաբանները պնդում են, որ Փաշինյանի պատժաչափը դիտավորյալ սխալ է հաշվարկվել, որի հետևանքով իրենց պաշտպանյալը անազատության մեջ է մնալու մինչև 2013 թվականի մայիսը, այսինքն` շուրջ հինգ ամիս ավելի:
«Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ու լրագրողական գործունեությանը և պատրաստվում են նրան ազատ արձակել այն ժամանակ, երբ արդեն ավարտված կլինեն հաջորդ նախագահական ընտրությունները»,- մեկնաբանեց փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Վճիռը դեռ չկայացրած` Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն ի վնաս իրեն է լինելու, քանի որ Հայաստանում չկան անկախ դատարաններ. դատավորները «կամակատարներ են», օրենքը չի գործում, և որ իշխանություններն այնպես «լեղաճաք են», որ իր հետ դեմ առ դեմ խոսելու փոխարեն, խոսում են «կրիմինալ թափթփուկի, օլիգարխ թափթփուկի և դատարանների միջոցով»:
«Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիրը նաև հայտարարեց, որ դատի է տալու քրեակատարողական հիմնարկների վարչությանը իր մասին «լկտի» ստեր տարածելու համար: ՔԿՀ-ն մամլո հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Փաշինյանը ստում է, թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը չի ընդունում իր նամակները: Նիկոլ Փաշինյանի փաստաբանը հայտնեց, որ իրենք բողոքարկելու են մինչև եվրոպական դատարան: