Ինչպես համացանցում պաշտպանվել գրագողությունից
Համացանցի տարածումը, համացանցից օգտվողների և լրատվություն տարածող կայքերի թվի կտրուկ աճը բերեց նրան, որ յուրաքանչյուր օգտատեր զգաց տեղեկատվություն տարածելու հզոր հնարավորությունը: Սա լավ է, բայց կա մի բայց. ոչ բոլոր լրատվական կայքերի տերերն են գիտակցում կամ չեն ցանկանում գիտակցել, որ ուրիշի ստեղծած տեղեկատվությունը սեփական էլեկտրոնային հարթակով տարածելը` առանց սկզբնաղբյուրին տեղյակ պահելու կամ առնվազն նշելու, հեղինակային իրավունքի խախտում է կամ, այլ կերպ ասած, գրագողություն:
Սա, իհարկե, ցանցի գլոբալ խնդիրներից մեկն է:
Պրոֆեսիոնալ լրատվամիջոցները և լրագրողները փորձում են տարբեր մեթոդներով ըմբոստանալ, պայքարել այս երևույթի դեմ: Դժվար է կանգնեցնել գրագողություն անող մարդկանց, քանի որ դա ձեր վերահսկողության տակ չէ: Այնուամենայնիվ, դուք կարող եք վերականգնել ձեր իրավունքները, եթե հայտնաբերեք, որ որևէ մեկն իրոք դա արել է: Չնայած համացանցը նյութերի հսկայական «պահեստ» է` դուք կարող եք հայտնաբերել գրագողությունը:
Նախ և առաջ պետք է հասկանալ, թե ինչ է գրագողությունը: Գրագողություն տեղի է ունենում այն ժամանակ, երբ մի մարդ կամ մարդկանց մի խումբ վերցնում է ձեր աշխատանքներն ու մտքերը առանց ձեզ տեղեկացնելու և տարածում այլ հարթակներով: Նրանք կփորձեն արդարանալ` ասելով թե փորձել են հետաքրքիր տեղեկատվությունն ավելի մեծ լսարանի հասցնել: