Ճշմարտության տեսախցիկը. Ջոն Ալպերտը իր հայ գործընկերներին խորհուրդ տվեց պայքարել խաղաղության համար
«Ես մի տեսահոլովակ նկարեցի, և կարծես հրաշք տեղի ունեցավ: Ահա թե ինչպես եմ սկսել լրագրողի իմ կարիերան` նկարահանելով հասարակությանը հուզող խնդիրները»,- ասում է ամերիկացի լրագրող և վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալպերտն, ով հոկտեմբեռի 13-ին հանդիպման էր եկել Երևանի պետական լեզվաբանական համալսարանի լրագրության բաժնի ուսանողության հետ:
Ջոն Ալպերտը, ով իր երկարամյա լրագրողական կարիերայի ընթացքում առիթ է ունեցել բացառիկ հարցազրույց վերցնել Սադամ Հուսեյնից և Ֆիդել Կաստրոյից, Հայաստան է ժամանել «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` «Ինտերնյուս» կազմակերպության հրավերով և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ:
Փորձառու լրագրողը ապագա լրագրողներին պատմեց իր կյանքի արտառոց, վտանգավոր և զավեշտալի դեպքերից և ցուցադրեց հատվածներ իր տեսանյութերից, որոնք ժամանակին ցուցադրել են ամերիկյան NBC, PBS և HBO հեռուստաընկերությունները:
«Ես լրագրություն չեմ սովորել: Դա նույնն է, երբ ասում են, որ պետք է բժիշկ դառնաս, և դանակը ձեռքդ են տալիս: Իմ դեպքում դա տեսախցիկն էր», – ասում է նա: Ալպերտը աշխատել է տաքսու վարորդ և լրագրող դառնալու ոչ մի մտադրություն անգամ չի ունեցել: Սակայն տեսախցիկն առաջին անգամ ձեռքը վերցնելով` հասկացել է, որ այս սարքը լինելու է իր կյանքի անբաժան ընկերը: