Համաներում կշնորհվի նաև Նիկոլ Փաշինյանին
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, անազատւթյան մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանին ևս համաներում կշնորհվի: Այդ մասին ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը «Շանթ» հեռուստաալիքի «Հեռանկար» ծրագրի ընթացքում: Մեկնաբանելով չորեքշաբթի օրը` մայիսի 25-ին, Ազգային ժողովում քննարկված համաներման մասին որոշման նախագիծը` Թովմասյանն անդրադարձել է նաև Փաշինյանին:
Համաներում հայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային Ժողովին էր դիմել մայիսի 20-ին: Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը կկիրառվի այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ 2011 թվականի մայիսի 1-ը ներառյալ:
«Պատժից ամբողջությամբ կազատվի 400 մարդ, և այն անձինք, որոնց վրա կտարածվի համաներումը, այսինքն` պատժի չկրած մասը կկրճատվի, նրանք ևս կկազմեն մոտ 400», – ասում է Արդարադատության նախարարը:
«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը անազատության մեջ է գրեթե երկու տարի` 2009 թ-ի հուլիսից: Ավելի վաղ` 2009 թ-ի հունիսի 19-ին, Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ չէր կիրառվել:
2008 թ-ի հետընտրական իրադարձություններից հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր և ավելի քան մեկ տարի անց՝ 2009 թ-ի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացել էր իրավապահ մարմիններին: Նրա նկատմամբ անմիջապես խափանման միջոց ընտրվեց կալանքը: