Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը
«Եթե իսկականից լրագրող ես, ապա արի հանդիպենք, այլապես պրոբլեմներ կունենաս»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը ստացել է «Առավոտ» օրաթերթի Սյունիքի թղթակից Մերի Սողոմոնյանը։ Ըստ նրա հաղորդագրությունը ուղարկվել է Կարեն Փարամազյանի հեռախոսահամարից, ով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է և մարտի 20-ին Սյունիքի մարզի Կաղնուտի գյուղապետի ընտրություններում առաջադրված երկու թեկնածուներից մեկը: Մյուս թեկնածուն «Հայաստանի Հանրապետական» կուսակացության անդամ Արթուր Հովհաննիսյանն է:
Նման հաղորդագրություն «Առավոտի» թղթակցի հեռախոսին եկավ այն բանից հետո, երբ նա որոշեց չորեքշաբթի զրուցել գյուղապետի երկու թեկնածուների հետ՝ պարզելու նախընտրական իրավիճակը: ԲՀԿ թեկնածու Կարեն Փարամազյանը առանց նախապայմանի հեռախոսով պատասխանել էր լրագրողի հարցերին, սակայն որոշ ժամանակ անց փորձել էր հետ զանգել լրագրողի համարին, բայց հեռախոսը չէր պատասխանել: Սողոմոնյանը հավաստիացնում է, որ զբաղված լինելու պատճառով չի կարողացել պատասխանել Փարամազյանի զանգերին:
Անպատասխան զանգերին հետևել է սպառնալից հաղորդագրությունը։ Միջադեպի մասին ԲՀԿ Կապանի տարածքային կառույցին տեղյակ պահելուց հետո նոր, գյուղապետի թեկնածու Փարամազյանը ներողություն է խնդրել լրագրողից, խոստովանելով, որ այս օրերին շատ են զանգում՝ «այլևայլ բաներ ասում», և այս զանգը նրան նույնպես կասկածելի է թվացել:
Read More »Սպառնացող SMS. գյուղապետի նախընտրական լարվածության պատճառով տուժեց «Առավոտի» թղթակիցը