Skip to content

Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

Հայտնի իրանցի դերասանուհի և բացահայտ ընդդիմադիր Պեգահ Ահանգարանին ձերբակալվել է Թեհրանում, երբ պատրաստվում էր ուղևորվել Գերմանիա՝ մասնակցելու ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության լուսաբանմանը:

27-ամյա դերասանուհին նախատեսում էր Գերմանիայում մասնակցել հեռուստահաղորդումների նկարահանմանը՝ նվիրված սպորտային մրցաշարին: Սակայն կիրակի օրն անվտանգության ներկայացուցիչները մտել են նրա տուն և տարել նրան անհայտ ուղղությամբ:

Ահանգարանին դեռ 2009 թվականից գտնվում էր իսլամական ռեժիմի ուշադրության կենտրոնում, երբ բացահայտ պաշտպանում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեին Մուսավիին նախագահական ընտրություններում: Սակայն մինչ այժմ նրան հաջողվում էր խուսափել բանտից` ճանաչված և սիրված լինելու շնորհիվ:

Նա արդեն երկրորդ կինն է, ով ձերբակալվում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում` կապված կանանց աշխարհի առաջնության հետ: Հունիսի վերջին Թեհրանում ձերբակալվեց լուսանկարիչ և կանանց իրավունքների պաշտպան Մարյամ Մաջդը, ով պայքարում էր, որպեսզի կանանց թույլ տան այցելել մարզդաշտ՝ ֆուտբոլ դիտելու: Նա նույնպես ուղևորվում էր Գերմանիա, որտեղ պատրաստվում էր աշխատել կանանց և սպորտի մասին գրքի վրա:

Աղբյուր: The Guardian

Read More »Իրանցի դերասանուհին ձերբակալվել է կանանց աշխարհի առաջնության ճանապարհին

Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Ականավոր իրանցի լրագրող Իսա Սահարխիզը, որը գտնվում է բանտում, կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` որքան հնարավոր է շտապ այցելել Իրան՝ պատմելու աշխարհին, թե ինչպիսի «սարսափելի բաներ» են տեղի ունենում երկրի բանտերում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իսա Սահարխիզը, որը Մամուլի ազատության պաշտպանության ասոցիացիայի անդամ է, գրել է Ահմեդ Շահիդին, որ «այն, ինչ կատարվում է Իրանի բանտերում, հանցագործություն է մարդկության նկատմամբ՝ նման այն արարքներին, որ տեղի էին ունենում Սիբիրի ստալինյան համակենտրոնացման ճամբարներում»:

Սահարխիզը գրում է, որ «ռեժիմի նպատակն է անձայն և աստիճանաբար սպանել ընդվզող լրագրողներին… քանի որ նրանք վախենում են, որ մենք կենդանի կմնանք նույնիսկ այս ճաղերի և պատերի հետևում»:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունի անցյալ ամիս ՄԱԿ-ի կողմից նշանակված Շահիդի այցելությունը:

Սահարխիզը ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին նախագահական ընտրություններից հետո: Նրան դատապարտել են երեք տարի ազատազրկման, արգելել են հինգ տարվա ընթացքում զբաղվել քաղաքական և լրագրողական գործունեությամբ և մեկ տարով արգելել են լքել Իրանի տարածքը ազատ արձակվելուց հետո:

Նրան մեղադրում են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորելու և «ռեժիմը հակապրոպագանդելու» մեջ:

Աղբյուր: RFE/RL

Read More »Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Իրանցի ակտիվիստը մահացել է բանտում հացադուլի հետևանքով

Ականավոր իրանցի լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ռեզա Հոդա Սաբերի քույրը հաստատել է լուրն այն մասին, որ իր ազատազրկված եղբայրը մահացել է հացադուլի հետևանքով: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սաբերին տեղափոել են հիվանդանոց Թեհրանի Էվի բանտից, որտեղ նա գտնվում էր 2009 թվականի հունիսյան ընտրություններից հետո հարյուրավոր այլ ակտիվիստների և մտավորականների հետ:

Նրա քույրը՝ Ֆիրուզե Սաբերը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ իրենց ընտանիքը համոզված է՝ երբ Սաբերը հայտնել է կրծքում ցավերի մասին, ղեկավարությունը մի քանի ժամ սպասել է մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը:

Սաբերը, գտնվելով բանտում, հունիսի 2-ին հացադուլ է հայտարարել՝ որպես բողոք մեկ այլ մարդու` իրավունքների պաշտպան Հալեհ Սահաբիի մահվան, ում սպանել էին հունիսի 1-ին հոր թաղման արարողության ժամանակ:

Media Forum կայքի հաղորդմամբ՝ Սաբերի թաղման արարողության ժամանակ՝ հունիսի 13-ին, ազգային անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մեկ այլ լրագրողի՝ «Էմրուզ» թերթի աշխատակցուհի Սոլմազ Իկդերին: Լրագրողի գտնվելու վայրը դեռ անհայտ է:

Աղբյուր: RFE/RL

Read More »Իրանցի ակտիվիստը մահացել է բանտում հացադուլի հետևանքով

Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ

Ենթադրվում է, որ ընդդիմադիր ակտիվիստ Հալեհ Սահաբիի մահվան պատճառը անվտանգության ծառայության աշխատակիցների միջամտությունն է իր հոր թաղման արարողության ժամանակ:
Հալեհ Սահաբիին ազատել էին բանտից, որպեսզի նա մասնակցի հոր՝ Էզաթոլահ Սահաբիի թաղման արարողությանը: Հայրը նույնպես ականավոր քաղաքական գործիչ էր:

Արարողությանը ներկա գտնվող լրագրողներից մեկը հայտնել է, որ քաղքացիական հագուստով մարդկանց և անվտանգության ծառայության աշխատակիցների մի մեծ խումբ ներխուժել է թաղման արարողության վայրը և ծեծի ենթարկել սգացողներին:

Հալեհ Սահաբին, ում ձեռքին եղել է հոր նկարը, նույնպես ծեծի է ենթարկվել, երբ նրա ձեռքից փորձել են խլել նկարը՝ հայտնում է լրագրողը: Այնուհետև նա փորձել է մոտենալ հոր մարմնին, սակայն նրան մի կողմ են քաշել և հարվածել:

Այդ պահին Հալեհ Սահաբին սրտի կաթված է ստացել: Նրան տեղափոխել են Թեհրանի հիվանդանոցներից մեկը, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Աղբյուր: http://www.news.az/


 

Read More »Իրանցի ակտիվիստը մահանում է հոր թաղման ժամանակ