Արդեն երրորդ տարին է երիտասարդ լրագրողներ Հասմիկ Բաբայանը և Գոհար Նալբանդյանը Հանրային ռադիոյում վարում են «Մարզական խաչմերուկ» հաղորդումը: Սա Հայաստանում մարզական աշխարհին անդրադարձող եզակի այն հաղորդումներից է, որի հաղորդավարները տղամարդիկ չեն: 23-ամյա Հասմիկն ու նրա հասակակից Գոհարը նաև Panarmenian.net կայքի սպորտի բաժնի պատասխանատուներն են:
Գոհարն ու Հասմիկը միասին սովորել են Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում և առաջին նյութերը մարզական աշխարհից սկսել են գրել դեռ ուսանողական տարիներից:
«Սկզբում մի քիչ դժվար էր. ոչ ոք չէր հավատում, որ մենք հաջողություններ կունենանք, մտածում էին, որ մի որոշ ժամանակ կաշխատենք, հետո կամուսնանանք ու կդադարենք լուսաբանել մարզական իրադարձությունները»,- ժպտալով ասում է Հասմիկը:
«Մեր ոլորտում սպորտի մասին լուսաբանող աղջիկներ չկային: Ես ու Հասմիկը որոշեցինք միասին աշխատել և դա մեզ շատ օգնեց»,- ասում է Գոհարը:
Թիմային աշխատանքը դարձավ աղջիկների համար աշխատելաձև, որը շատերին տարօրինակ էր թվում սկզբնական շրջանում: Աղջիկներն ասում են, որ նյութի համար լավ գաղափարները հաճախ ծնվում են զրույցների ընթացքում, և կարևոր չէ, թե իրենցից ով է դրա հեղինակը:
Հայ մարզիկներից շատերն արդեն լավ են ճանաչում Գոհարին և Հասմիկին, և այսօր նրանցից հարցազրույց վերցնելու համար այլևս անհրաժեշտություն չկա ներկայանալու խմբագրության անունից. մարզիկներն ու մարզիչները սիրով համագործակցում են նրանց հետ:
Read More »Տղամարդկանց «աշխարհում». Հասմիկն ու Գոհարը մեկնաբանում են հայկական սպորտը