Skip to content

Վրացի լրագրողները պահանջում են վերադարձնել նախագահի այգում նկարածը

«Maestro TV» հեռուստաընկերության լրագրողները պահանջում են ոստիկանությունից իրենց վերադարձնել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Կվարելիում գտնվող խաղողի այգում սեպտեմբերի 25-ին նկարահանած տեսանյութերը:

«Առանց հավատարմագրման» հեռուստաշոուի անձնակազմը՝ հեղինակ Շալվա Ռամիշվիլիի հետ միասին, նկարահանումներ են իրականացրել նախագահին պատկանող տարածքներում, երբ նրանց ձերբակալել են և բռնագրավել նկարահանող սարքավորումները: Շուտով տեխնիկան հետ է վերադարձվել նրանց, սակայն առանց հիշողության քարտերի և բարձրախոսի:

Ինչպես Ռամիշվիլին հայտնում է իր ֆեյսբուքի էջում՝ նա և իր նկարահանող խումբը մտել են նախագահին պատկանող տարածք (որը նա վերջերս է գնել անհատ անձից) առանց որևէ խոչընդոտի՝ չնայած այն փաստին, որ այնտեղ եղել են ոստիկանության աշխատակիցներ:

«Ոչ ոք չհարցրեց, թե ուր եմ գնում: Բոլորը մեզանից փախչում էին, ոստիկանները թաքնվում էին խաղողի այգում: Ես նրանց հարցնում էի՝ ում տունն է սա, նրանք ինձ չէին պատասխանում», – հիշում է Ռամիշվիլին: Ըստ նրա՝ նախագահի այգին դարպաս չուներ:

Ռամիշվիլին պնդում է, որ քիչ անց Կվարելիի ոստիկանապետը քաղաքացիական հագուստով մոտեցել է նրանց և տարել տարածքից դուրս:

Read More »Վրացի լրագրողները պահանջում են վերադարձնել նախագահի այգում նկարածը

Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Ըստ Թուրքիայի Արդարադատության նախարարության՝ խոսքի ազատությունը Թուրքիայում չի սահմանափակվում, և ձերբակալված 63 լրագրողներից միայն 4-ն են բանտարկված իրենց հրապարակումների համար: Հանրային հեռուստատեսության թղթակից Թուրան Օզլուն անցյալ շաբաթ դարձավ 64-րդ ձերբակալված լրագրողը:

Թուրքիայի լրագրողների միության խնդրանքով նախարարությունը կատարել է հետազոտություն, ըստ որի 63 ձերբակալված լրագրողներից 18-ը դատապարտվել են: Լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել նախարարությանը՝ խնդրելով, տեղեկություն տրամադրել այդ մարդկանց մասին: Միության նախագահ Էրքան Իփեկչին հայտնել է Bianet կայքին, որ թվերի տարբերությունը շտկվել է տվյալների համեմատումից հետո:

Նախարարությունը հայտարարել է, որ այն փաստարկը, ըստ որի «Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակվում է», իրականությանը չի համապատասխանում:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել, ովքեր ըստ միության ձերբակալված կամ դատապարտված են: Նրանցից երեքի մասին ոչ մի բանտում տեղեկություններ չկան, իսկ վեցը ազատ են արձակվել: 63 մարդ գտնվում է բանտում: Նրանցից 36-ի նկատմամբ սկսվել են դատական գործընթացներ, որոնցից 18-ն արդեն դատապարտվել են: 27 հոգու գործով հետաքննություն է վարվում: Ձերբակալված 63 հոգուց 18-ը մամուլի քարտ ունեն, մնացածը՝ ոչ»:

Read More »Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն

Երկու գերմանացի լրագրողներ, ովքեր հոկտեմբերին ձերբակալվել էին Իրանում քարկոծման միջոցով մահապատժի ենթարկված կնոջ որդուց հարցազրույց վերցնելու համար, ազատ են արձակվել իրանական բանտից: Այս մասին կիրակի օրը հայտնել է Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ըստ նրա խոսքերի՝ լրագրողները կիրակի առավոտյան ժամանել են Գերմանիա երկրի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեյի հետ, որը մեկնել էր Թեհրան նրանց տուն բերելու համար: 

Մարկուս Հելվիգը և Յենս Կոխը, որոնք աշխատում էին գերմանական «Bild» թերթում, դատապարտվել էին 20 ամսվա ազատազրկման Իրանի ազգային անվտանգության դեմ գործողությունների համար: Սակայն որոշ ժամանակ անց իրանական դատարանը փոխել էր դատավճիռը և սահմանել 50 000 ԱՄՆ դոլարի տուգանք յուրաքանչյուրի համար: Լրագրողներն ազատ արձակվեցին տուգանքի վճարումից անմիջապես հետո:

Գերմանացի լրագրողներին ձերբակալել էին հոկտեմբերին Սաքինե Մոհամադի Աշտիանիի որդու հետ հարցազրույց վերցնելու համար: Կնոջը դատապարտել էին մահապատժի քարկոծման միջոցով շնանալու և ամուսնու սպանությանը հանցակից լինելու համար:

Աղբյուր: http://www.rttnews.com

Read More »Իրանում գերմանացի լրագրողները ազատ են արձակվել և վերադառնում են տուն