Skip to content

Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

«Շահրվանդ-է Էմրուզ» («Այսօրվա քաղաքացի») շաբաթաթերթը հայտնել է Իրանի Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությանը, որ սեպտեմբերի 5-ի համարը արգելել են տպագրել: Համաձայն ուղարկված նամակի՝ պատճառը Իրանի մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի խախտումն է:

Աղբյուրը հայտնել է կազմակերպությանը, որ «հավանաբար արգելքի հիմնական պատճառը շապիկի լուսանկարն է եղել»: Համաձայն աղբյուրի՝ այդ համարի շապիկին տպագրված էր կոլաժ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի լուսանկարով: Ըստ Մամուլի մասին օրենքի վեցերորդ հոդվածի՝ արգելվում է «պաշտոնյաների, հաստատությունների, կազմակերպությունների և անհատների մասին զրպարտանք տպագրել կամ վիրավորել պաշտոնատար անձանց նույնիսկ լուսանկարների և ծաղրանկարների միջոցով»:

Աղբյուր: Iran Human Rights

 

Read More »Իրան. Ռեֆորմիստական շաբաթաթերթին արգելել են լույս տեսնել

Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Ըստ Թուրքիայի Արդարադատության նախարարության՝ խոսքի ազատությունը Թուրքիայում չի սահմանափակվում, և ձերբակալված 63 լրագրողներից միայն 4-ն են բանտարկված իրենց հրապարակումների համար: Հանրային հեռուստատեսության թղթակից Թուրան Օզլուն անցյալ շաբաթ դարձավ 64-րդ ձերբակալված լրագրողը:

Թուրքիայի լրագրողների միության խնդրանքով նախարարությունը կատարել է հետազոտություն, ըստ որի 63 ձերբակալված լրագրողներից 18-ը դատապարտվել են: Լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել նախարարությանը՝ խնդրելով, տեղեկություն տրամադրել այդ մարդկանց մասին: Միության նախագահ Էրքան Իփեկչին հայտնել է Bianet կայքին, որ թվերի տարբերությունը շտկվել է տվյալների համեմատումից հետո:

Նախարարությունը հայտարարել է, որ այն փաստարկը, ըստ որի «Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակվում է», իրականությանը չի համապատասխանում:

Նախարարության հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի լրագրողների միությունը 72 հոգու ցուցակ էր ներկայացրել, ովքեր ըստ միության ձերբակալված կամ դատապարտված են: Նրանցից երեքի մասին ոչ մի բանտում տեղեկություններ չկան, իսկ վեցը ազատ են արձակվել: 63 մարդ գտնվում է բանտում: Նրանցից 36-ի նկատմամբ սկսվել են դատական գործընթացներ, որոնցից 18-ն արդեն դատապարտվել են: 27 հոգու գործով հետաքննություն է վարվում: Ձերբակալված 63 հոգուց 18-ը մամուլի քարտ ունեն, մնացածը՝ ոչ»:

Read More »Թուրքիա. «Լրագրողները իրենց գրածների համար չեն ձերբակալվել»

Հեռուստալրագրություն. ինչի՞ համար է պետք «stand up»-ը

Նկարահանեք Ձեզ դեպքի վայրում, և հեռուստադիտողը կտեսնի, որ Դուք իրադարձությունների կենտրոնում եք:

Հեռուստադիտողները միշտ ուզում են տեսնել լրագրողին տեղի ունեցող իրադարձությունների վայրում: Ինչպես պատմում է BBC-ի թղթակից Դևիդ Շուկմանը, լսարանին հետաքրքիր է իմանալ` ինչ է տեղի ունենում իրադարձությունների կիզակետում: Հիմնականում այդ զգացմունքները փոխանցելու լավագույն միջոցը «stand up»-ն է:

Ահա թե ինչ է խորհուրդ տալիս Դևիդը.

– Կողմնորոշվեք, թե Ձեր ռեպորտաժի որ հատվածում է ավելի նպատակահարմար տեղադրել «stand up»-ը:

– Աշխատեք միշտ նայել տեսախցիկին: Կարող եք նաև մի կողմ նայել, բայց նույնիսկ հայացքի այդ փոփոխթյունը պետք է որոշակի իմաստային նպատակ հետապնդի:

– Օգտագործեք ռադիոբարձրախոս, որպեսզի բղավելու կարիք չլինի… բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ նկարահանում եք աղմկոտ վայրերում՝ իրադարձությունների մթնոլորտը ներկայացնելու համար:

– Խոսեք պարզ նախադասություններով, խոսակցական լեզվով, այնպես, ինչպես ընկերոջ հետ:

– Մի փորձեք լիովին գրել Ձեր «stand up»-ի տեքստը: Դրա փոխարեն որոշեք, թե ինչ եք ուզում ասել սկզբում և վերջում, ինչպես նաև մի քանի հիմնական նախադասություն մտածեք:

– Եթե կադրում Ձեր շարժվելը որևէ իմաստային կարիք չի հետապնդում, ավելի լավ է կանգնեք մի տեղում:

– Ժամանակ առ ժամանակ կարելի է օգտագործել տարբեր առարկաներ: Օրինակ՝ որոշ դեպքերում Ձեր ձեռքի խնձորը կամ քարը կարող են հեշտացնել բարդ խնդրի բացատրությունը:

Read More »Հեռուստալրագրություն. ինչի՞ համար է պետք «stand up»-ը

Հեռուստալրագրություն. օգտակար խորհուրդներ նկարահանում և ռեպորտաժ պատրաստելու համար

Վիդեոնկարահանումը բավականին աշխատատար գործընթաց է: Այդ պատճառով նկարահանմանը պետք է պատրաստվել նախօրոք:

Նկարահանումից առաջ միշտ ստուգեք սարքավորումները:

Հատուկ ուշադրություն դարձրեք եռոտանու հարթակի, ռադիոբարձրախոսների (համոզվեք, որ ունեք թե՛ հաղոդիչ, թե՛ ընդունիչ), մարտկոցների, լուսավորող սարքերի վրա:

Որոշեք, թե ինչ անկյան տակ եք խոսելու Ձեր պատմության մասին, և մտածեք, թե ինչ ճանապարհով կարելի է հասնել արդյունքի: Բոլոր հնարավոր հեռախոսազանգերն արեք գրասենյակից դուրս գալուց առաջ և փորձեք քննարկել բոլոր մանրուքները հարցազրույցի մասնակցի հետ:

Ժամանակը միշտ չի հերիքում: Դրա համար ինչքան շատ աշխատեք հիմա, այնքան քիչ գործ ստիպված կլինեք անել հետո: 

Եվ նախօրոք ճշտեք եղանակի տեսությունը. գուցե անձրևանո՞ց պետք գա:

Երբ սկսեք նկարահանումը, ստուգեք լուսավորության պայմանները, կարգավորեք սպիտակի բալանսը և որոշեք, թե ինչպես եք նկարահանելու սյուժեն: Կարող եք օգտագործել՝

 – ընդհանուր պլան, որպեսզի ցուցադրեք գործողության վայրը,

 – խոշոր պլան,

 – տարբեր անկյուններից նկարահանում, որպեսզի մոնտաժի ժամանակ ավելի շատ հնարավորություններ ունենաք:

Գործին մոտեցեք ստեղծագործաբար: Մտածեք՝ ինչպես կարելի է բացել պատմությունը կադրում կամ մոնտաժի արդյունքում, ինչպես առավել արդյունավետ փոխանցել իմաստը պատկերի կամ ձայնի միջոցով:

Read More »Հեռուստալրագրություն. օգտակար խորհուրդներ նկարահանում և ռեպորտաժ պատրաստելու համար

Ինչպես գրել վեբ-կայքի համար

Ինչպիսի՞ն պետք է լինի վեբ-կայքի տեքստը: Ինչպիսի՞ն է առցանց տեքստի կառուցվածքը: Քանի՞ բառ պետք է լինի հոդվածում: Ինչո՞ւ շրջել բուրգը:

Ինտերնետային կայքի համար գրված ակնարկը նույն բանը չէ, ինչ թերթի հոդվածը: Վեբ-ընթերցողը քմահաճ է. աչքի տակով անցկացնում է տեքստը իրեն հետաքրքրող տեղեկատվություն գտնելու ակնկալիքով, և եթե արագ արդյունքի չհասնի, ամենայն հավանականությամբ կլքի կայքը:

Այդ պատճառով տվե՛ք նրանց այն, ինչ ուզւոմ են:

Պատկերացրեք՝ ինչպես կպատմեիք Ձեր նորությունը մարդաշատ և աղմկոտ վայրում: Ինչի՞ց կսկսեիք: Շատ դեպքերում հենց այդպիսին պետք է լինի առցանց հոդվածի առաջին պարբերությունը:

Ընթերցողն առաջին հերթին ուշադրություն է դարձնում կայքում զետեղված վերնագրերին: Հաջողված վերնագիրը արտահայտում է այն, ինչի մասին խոսվելու է հոդվածում: Համոզվեք, որ Ձեր վերնագիրը լսարանին թյուրիմացության մեջ չի գցում:

Առցանց հոդվածները պետք է լինեն համեմատաբար կարճ, քանի որ  էկրանից ավելի բարդ է տեղեկատվությունն ընկալել քան թղթից: Որպես կանոն կարիք չկա մանրամասն նախապատմություն գրել, քանի որ կարելի է պարզապես հղում տալ Ձեր կայքում նախկինում հրապարակված նյութերի վրա:

Եթե Ձեր հոդվածը բաղկացած է մի քանի իմաստային մասից, կարող եք այն բաժանել հատվածների՝ վերնագրելով դրանցից յուրաքանչյուրը հեշտ ընկալելու համար:

Read More »Ինչպես գրել վեբ-կայքի համար

Նոր մեդիան հին մեդիայի համար. նոր ձեռնարկ լրագրողների համար

Հունիսի 13-ին «Open Society Georgia» կազմակերպությունը կներկայացնի Վրաստանի մարզային հեռարձակողների ասոցիացիայի համար պատրաստած ձեռնարկը, ինչպես նաև ասոցիացիայի կայքը և ընթացիկ ծրագրերը:

Ձեռնարկը, որը կրում է «Նոր մեդիան հին մեդիայի համար» անվանումը, նախատեսված է տեսական և գործնական (վիդեո) դասընթացների համար:

Ձեռնարկը պատրաստել է ասոցիացիայի աշխատակիցների թիմը, և այն նախատեսված է վրացական մարզային հեռուստատեսությունների համար, սակայն ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև այլ լրատվամիջոցների աշխատակիցների, ինչպես նաև սկսնակ լրագրողների համար:

Source: Media.ge

 

Read More »Նոր մեդիան հին մեդիայի համար. նոր ձեռնարկ լրագրողների համար

ՀՖՖ նախագահի առաջարկով Անդրեասյանը չճանաչվեց անցանկալի անձ ֆուտբոլում

Ինչպես հայտնում է Totalfootball.am կայքը՝ մայիսի 23-ին կայացավ ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստը, որի առաջին կետն էր «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և Totalfootball.am-ի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանի միջև տեղի ունեցած միջադեպի հարցը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն գործադիր կոմիտեին առաջարկել էր Արկադի Անդրեասյանին ճանաչել ֆուտբոլում ոչ ցանկալի անձ:

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործադիր կոմիտեին առաջարկեց Անդրեասյանին չճանաչել ֆուտբոլում ոչ ցանկալի անձ և բավարարվել միայն զգուշացմամբ, ինչպես նաև ուժի մեջ թողնել 10 խաղի որակազրկումը և 250 հազար դրամ ֆինանսական տուգանքը: Գործկոմը միաձայն ընդունեց այդ առաջարկը:

Հիշեցնենք, ապրիլի 23-ին կայացած Հայաստանի առաջնության հերթական տուրի Փյունիկ  – Արարատ խաղի ընդմիջմանը Արկադի Անդրեասյանը իրեն ուղեկցող անձանց հետ միասին ծեծի էր ենթարկել ֆոտոլրագրողին:

Աղբյուր: Totalfootball.am

Read More »ՀՖՖ նախագահի առաջարկով Անդրեասյանը չճանաչվեց անցանկալի անձ ֆուտբոլում

Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Փարիզյան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը աշխարհի տարբեր քաղաքական առաջնորդների, հանցավոր խմբավորումների և ապստամբների իր ամենամյա ցուցակում, որպես մամուլի ազատության հանդեպ «գիշատչի», ընդգրկել է նաև Իրանին: 

Ըստ կազմակերպության, Իրանի նման կարգավիճակի գլխավոր մեղավորը երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին է, ով «պատասխանատու է լրագրողների նկատմամբ շարունակական բնույթ կրող ճնշումների համար: Միջազգային մամուլի դեմ  հնչեցրած նրա վարակիչ և բորբոքիչ քննադատություններն արթնացրել են կառավարող մարմինների զայրույթը լրատվամիջոցների հանդեպ: Նա լիովին համաձայնել է այն դատական համակարգի հետ, որը 2009-ի օգոստոսին և 2010-ի հունվարին իրականացրեց մի շարք ցուցադրական դատավարություններ՝ լրագրողներին և բլոգերներին անհավանական երկար ժամկետներով ազատազրկելով և որոշ դեպքերում նույնիսկ մահապատժի ենթարկելով: Հեղափոխական պահակախումբը, որն անուղղակիորեն ենթարկվում է Խամենեին, կառավարում է Թեհրանում գտնվող Էվին բանտը, հետևաբար հենց նա է պատասխանատու այդ բանտում լրագրողներին և բլոգերներին տանջելու և այլ ոտնձգությունների համար»:

Կազմակերպությունը Խամենեին մեղադրում է նաև «մարդկության դեմ հանցանքներ կատարելու մեջ»՝ ավելացնելով, որ նախագահ Ահմադինեջադն էլ «ուղղակիորեն պատասխանատու է այս ճնշման համար, որը նա կազմակերպում է կրթության, մշակույթի նախարարների հետ՝ իսլամական և հեղափոխական պահակախմբի աջակցությամբ»:

Read More »Լրագրողներ առանց սահմանների. Իրանը «գիշատիչ» է մամուլի ազատության համար

Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար

Ադրբեջանը արտաքսել է երեք շվեդ լրագրողների, որոնք ձերբակալվել էին ընդդիմության ցույց կազմակերպելու վերջին փորձի ժամանակ: Նրանց ձերբակալումը դատապարտվել էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը:

Լրագրողները ժամանել էին Բաքու մարդու իրավունքների վերաբերյալ վավերագրական ֆիլմ նկարելու նպատակով:

Նրանք ձերբակալվել էին ապրիլի 17-ին, երբ ոստիկանությունը ցրում էր ընդդիմության ցույցը քաղաքի կենտրոնական այգիներից մեկում:

Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Օրխան Մանսուրզադեն ասել է «Ազատություն» ռադիոկայանին, որ լրագրողները հավատարմագրված չեն եղել Արտաքին գործերի նախարարության կողմից և ապրիլի 18-ին օրենքի համաձայն արտաքսվել են երկրից:

Սակայն լրագրողներից մեկը հայտնել է, որ նա և իր գործընկերները չեն թաքցրել իրենց մասնագիտությունը, երբ դիմել են վիզաների համար: Նա ավելացրել է, որ պաշտոնյաներն Ադրբեջանի դեսպանատանը նրանց հավաստիացրել են, որ իրենց փաստաթղթերը կուղարկվեն Արտգործ նախարարություն:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը չխոչընդոտել միջազգային մամուլի աշխատանքներին:

Աղբյուր: RFE/RL


Read More »Ադրբեջանին քննադատում են շվեդ լրագրողներին արտաքսելու համար