Ազատ «արգելված» գոտի. Հայաստանում մարտյան սահմանափակումների կրկնությունը ինտերնետում բացառված չէ
Սահմաններ չճանաչող ու բացարձակ ազատ թվացող ինտերնետը ցանկացած պահի կարող է «անազատության» մեջ հայտնվել, եթե նման ցանկություն հայտնեն տվյալ ոլորտը տնօրինող կազմակերպությունների վրա ազդեցություն ունեցող մարմինները:
«Ընդհանրապես կապի միջոցների ազատությունը բացարձակ չէ. պետությունն ասում է` անջատիր, պրովայդերներն անջատում են»,- ասում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ, «Արմինկո» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Գրիգոր Սաղյանը:
Ըստ նրա, Հայաստանում ստանալով համապատասխան լիցենզիա` պրովայդերները ընդունում են խաղի կանոնները: Լիցենզիայում, նրա խոսքերով, հստակ գրված է, թե որ դեպքերում պետք է կատարվեն պետության պայմանները և որ դեպքում է հնարավոր զրկվել այդպիսի գործունեություն ծավալելու իրավունքից:
Հայաստանում առաջին անգամ ինտերնետով տեղեկատվություն տարածելու և ստանալու ազատության զանգվածային արգելափակում տեղի ունեցավ 2008 թվականի ՀՀ նախագահական ընտրություններին հաջորդած մարտյան իրադարձություններից հետո, երբ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրում 20-օրյա արտակարգ դրություն հայտարարեց:
Այդ օրերին թերթերի մեծ մասը հրաժարվեցին տպագրվել, որովհետև իրականացվում էր գրաքննություն, իսկ լրատվական հաղորդումներով ներկայացվում էր միայն պաշտոնական տեղեկատվություն: Ըստ արտակարգ դրության մասին հրամանագրի` պարզապես արգելվում էր պետական և ներքաղաքական հարցերի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումից տարբեր տեղեկություն ներկայացնելը: