Skip to content

Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

Ականավոր իրանցի լրագրող Իսա Սահարխիզը, որը գտնվում է բանտում, կոչ է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին` որքան հնարավոր է շտապ այցելել Իրան՝ պատմելու աշխարհին, թե ինչպիսի «սարսափելի բաներ» են տեղի ունենում երկրի բանտերում: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Իսա Սահարխիզը, որը Մամուլի ազատության պաշտպանության ասոցիացիայի անդամ է, գրել է Ահմեդ Շահիդին, որ «այն, ինչ կատարվում է Իրանի բանտերում, հանցագործություն է մարդկության նկատմամբ՝ նման այն արարքներին, որ տեղի էին ունենում Սիբիրի ստալինյան համակենտրոնացման ճամբարներում»:

Սահարխիզը գրում է, որ «ռեժիմի նպատակն է անձայն և աստիճանաբար սպանել ընդվզող լրագրողներին… քանի որ նրանք վախենում են, որ մենք կենդանի կմնանք նույնիսկ այս ճաղերի և պատերի հետևում»:

Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունի անցյալ ամիս ՄԱԿ-ի կողմից նշանակված Շահիդի այցելությունը:

Սահարխիզը ձերբակալվել է 2009 թվականի հուլիսին նախագահական ընտրություններից հետո: Նրան դատապարտել են երեք տարի ազատազրկման, արգելել են հինգ տարվա ընթացքում զբաղվել քաղաքական և լրագրողական գործունեությամբ և մեկ տարով արգելել են լքել Իրանի տարածքը ազատ արձակվելուց հետո:

Նրան մեղադրում են Իրանի հոգևոր առաջնորդին վիրավորելու և «ռեժիմը հակապրոպագանդելու» մեջ:

Աղբյուր: RFE/RL

Read More »Բանտարկված իրանցի լրագրողի նամակը ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանին

«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը

Հուլիսի 9-ին «Ալիա» թերթը հրապարակել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոլրագրող Գիորգի Աբդալաձեի նամակը: Հեղինակը հայտնում է, որ պատրաստ է զոհաբերել իրեն «ճշմարտությունը բացահայտելու համար»:

«Շտապ հայտարարությունը» տպագրվել է ձեռագիր տեսքով:

Գիորգի Աբդալաձեն, ով համարվում է ԱԳՆ լուսանկարիչ և համագործակցում է «Ալիա» թերթի հետ, կոչ է արել բոլոր լրագրողներին, «որոնք հետաքրքրված են ճշմարտության բացահայտմամբ այս անարդար գործում, որը հարուցել է կառավարությունը ազատ մեդիայի նկատմամբ», չհանձնվել և թույլ չտալ «Իմեդի»-ի, «Իններորդ ալիք»-ի, «Իբերիա»-ի և շատ այլ գործերի կրկնումը:

«Ես պատրաստ եմ զոհաբերել ինքս ինձ ճշմարտությունը բացահայտելու համար, քանի որ հույսեր եմ կապում ձեզ հետ…»:

Ինչպես հայտնում է «Ալիան»՝ Գիորգի Աբդալաձեն հացադուլ է հայտարարել:

Հուլիսի 9-ին դատախազությունը մեղադրել է չորս ֆոտոլրագրողներին՝ Իրակլի Գեդենիձեին, նրա կնոջը՝ Նաթիա Գեդենիձեին, Զուրաբ Կուրցիկիձեին և Գիորգի Աբդալաձեին, լրտեսության մեջ և Վրաստանի ՔՕ 314 հոդվածի առաջին մասի համաձայն քրեական գործ է հարուցել, որով նախատեսվում է 8-14 տարի ազատազրկում:

Թբիլիսիի դատարանը Նաթիա Գեդենիձեին ազատ է արձակել 10 հազար լարի գրավի դիմաց: Երեք ձերբակալվածները դատապարտված են երկամսյա նախնական ազատարկման:

Աղբյուր: Media.ge

Read More »«Ալիա» թերթը հրապարակում է ձերբակալված Գիորգի Աբդալաձեի նամակը