Skip to content

Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում

Հայերը թերթ կարդալու առանձնապես մեծ սիրահար չեն, հատկապես Հայաստանում և հատկապես հայկական թերթ, ու սա բոլորին է հայտնի: Պատճառը գուցե տեխնոլոգիական առաջընթա՞ցն է: Բա մինչ ա՞յդ: Հիմա է, որ համացանցի առկայության շնորհիվ ցանկացած պահի կարող ես կարդալ քեզ հետաքրքրող թեմաները, մինչդեռ թերթը գնելու պահին այնտեղ զետեղված նորությունները հաճախ արդեն իսկ կորցրած են լինում «նորություն» կոչվելու իրենց իրավունքը: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր նախընտրում են թերթ կարդալ:

Թերթը, իհարկե, լավ է, բայց ըստ իս այն իրեն սպառել է: Չնայած իմ դասախոսների հորդորներին, թե լրագրողը պետք է թերթ կարդա, ես իմ լուրերը որսում եմ համացանցում կամ, ծայրահեղ դեպքում, հեռուստացույցով ու վստահ եմ, որ շատերն են այդպես վարվում: Իսկ շատերի համոզմունքը, թե «եթե լրագրող ես, ուրեմն պետք է թերթ կարդաս», ինտերնետը չհասկանալու ու հին ավանդույթներից ձերբազատվել չցանկանալու միտումն է: Դա ինձ հիշեցնում է դասախոսներիցս մեկին, ով արգելում էր տպագիր ռեֆերատ հանձնել իրեն:

Թերթն ուրիշ է այն մարդկանց համար, ովքեր տեխնոլոգիաներին լավ ծանոթ չեն, կամ ծայրահեղ դեպքում գտել են մի թերթ, որը հետաքրքիր է: Ես այդպիսին դեռ չեմ գտել:

Read More »Կա՞ մեկը, ով հաճույքով է թերթ կարդում Հայաստանում

«Արի տուն». սփյուռքահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանը

Ամեն առավոտ մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ հավաքվում են Երևանի Շահումյանի արձանի հարևանությամբ, և այստեղից սկսվում է նրանց ուղևորությունը դեպի հայրենիքի տեսարժան և պատմամշակութային վայրեր: Երիտասարդներն արդեն եղել են Սարդարապատում, Էջմիածնում, Օշականում, այցելել են նաև Զվարթնոցի տաճար: Այս անգամ գնալու են Մատենադարան` հին ձեռագրերի թանգարան:

20-ամյա Մկրտիչ Բաղդասարյանը նրանցից մեկն է: Մկրտիչը Հայաստան է եկել Ռումինիայից քրոջ` Անիի հետ: Չնայած Հայաստանում առաջին անգամ է, նա վարժ տիրապետում է հայերենին.

«Շատ էի ուզում տեսնել հայրենիքս, երկիրս  ու այն վայրերը, որոնք տեսել եմ նկարներով: Հայերեն խոսելը սովորել եմ ընտանիքում. մայրս, հայրս, տատիկս խոսում են հայերեն: Ռումինիայից 12 հոգի ենք, միայն ես ու քույրիկս գիտենք հայերեն», – ասում է Մկրտիչը:

Նա մեկն է այն հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդներից, ովքեր այս տարի մասնակցում են Հայաստանի Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպած «Արի տուն» ծրագրին:

Այս ծրագիրը սփյուռքի նախարարությունը կազմակերպում է արդեն 3-րդ տարին: Առաջին տարին` 2009 թ-ին, 300-ից ավելի երիտասարդներ էին մասնակցում: Անցած տարի մասնակիցների թիվը մոտ 600 էր: Այս տարի նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստան հրավիրելու մինչև 800 երեխայի:

Read More »«Արի տուն». սփյուռքահայ երիտասարդները բացահայտում են Հայաստանը

Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Օրերս Գիտությունների ազգային Ակադեմիայում տեղի ունեցավ ամերիկացի հեղինակներ Մինեսոտայի համալսարանի պրոֆեսոր Ռոլանդ Մարչեսի և Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Մարլեն Բրուի կողմից հեղինակած «Փայլ և շքեղություն. Ձեռագործ արվեստի գանձեր Պոլսո Հայ Առաքելական Եկեղեցիներում» գրքի շնորհանդեսը:

Գիրքը նվիրված է հայկական կրոնական ձեռագործ արվեստին:

«Տեղեկանալով Ստամբուլում գրքի հրատարակման մասին` հեղինակներին հրավիրեցինք Հայաստան ներկայացնելու այն»,- ասում է «Ապագան Քոնն է» ՀԿ համահիմնադիր-փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:

Ուսումնասիրելով Ստամբուլի հայկական եկեղեցիները և ձեռագործ արվեստի նմուշները` հեղինակները գտել են ձեռագիր մակագրություններ, որոնք պատմում են 19-րդ դարում Պոլսում հայկական մշակույթի մեծ արժեքների ու դրանց դերի մասին: Գիրքն անգլերեն լեզվով է, տպագրվել է 1000 օրինակով և հովանավորվել է թուրքական Citlembik Publications հրատարակության կողմից:

Պրոֆեսոր Բրուի խոսքով «գիրքը հավակնում է դառնալ Կալիֆորնիայի հայկական դպրոցի ուսումնական ծրագրի մաս»: Իսկ պրոֆեսոր Մարչեսը պատրաստվում է նույն արվեստն ուսումնասիրել Էջմիածնի եկեղեցիներում:

Էջմիածնի Մայր տաճարում գրքի հեղինակներին ընդունեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ.-ն:

Աղբյուր` JNews.am

Read More »Պոլսի հայերեն մակագրությունների վերածնունդը ամերիկացի գիտնականների գրքում

Երբ շուրջդ ստեղծում ես հրաշքների աշխարհ

Վաղը նա կրկին կգա դասի, ակտիվ կմասնակցի քննարկումներին, դաս կպատասխանի կամ ուշադրությամբ կլսի դասախոսությունը և ոչ ոք չի կռահի, որ այս նույն աղջիկն այսօր խաղում էր թատրոնում կամ գրում էր նոր սկսած վեպի վերջաբանը: Սա նույն 20-ամյա Սոնա Ավետիսյանն է, ով սովորում է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լրագրության բաժնում:

Համալսարանում նա հատուկ ուշադրություն չի պահանջում իր անձի նկատմամբ, և միգուցե դա է պատճառը, որ դասախոսներն ու համակուրսեցիները հարգում են նրան, բայց զուգահեռ նաև աչքի է ընկնում բարձր առաջադիմությամբ:

Ստեղծագործել Սոնան սկսել է դեռ դպրոցական հասակից: «Առաջին պատմվածքս գրել եմ իններորդ դասարանում: Միշտ սիրել եմ գրել: Գրելով` առաջին հերթին արտահայտում եմ ինքս ինձ: Երբ սկսում եմ գրել, չգիտեմ` ինչ ավարտ կունենա գրածս», – խոստովանում է նա:

Նրա գրածները ինքնատիպ ավարտ են ունենում, բայց մի բանում նման են իրար` արտացոլում են այսօրվա իրականությունը:

Read More »Երբ շուրջդ ստեղծում ես հրաշքների աշխարհ