«Աշխարհն առանց սովի». ստորագրահավաք գնաճի դեմ
Օքսֆամ բրիտանական կազմակերպությունը այս ամսվանից աշխարհի 70 երկրներում, ներառյալ Հայաստանում, իրականացնում է «Աշխարհն առանց սովի» նախաձեռնությունը: Հայաստանում ակցիան կրում է «Աճեցնենք ավելի շատ, կերակրենք մեր երկիրը» կարգախոսը: Արշավի նպատակն է խթանել դրական փոփոխություններ պարենամթերքի և այլ ռեսուրսների արտադրության, սպառման, բաշխման և կառավարման գործընթացներում:
Երևանում ակցիան մեկնարկեց Էկոնոմիկայի նախարարության շենքի մոտից, որի մուտքի առջև Օքսֆամի հայաստանյան գրասենյակի կամավորները առավոտյան ժամը 9-ից իրենց ուղերձներով և կոչերով դիմավորում էին նախարարության աշխատակիցներին: Նրանցից էր նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ով ողջունեց մասնակիցների նախաձեռնությունը և շտապեց աշխատավայր:
Ըստ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի փորձագետ Քրիստինե Հովհաննիսյանի, ցանկացած մարդ, ով հնարավորություն ունի, պետք է աջակցի երկրում գյուղատնտեսության զարգացմանը:
«Օքսֆամ կազմակերպությունը արդեն 70 տարի պայքարում է պարենային ճգնաժամի դեմ, և Հայաստանն այս տարի միանում է այս քարոզարշավին: Մենք մեր երկրի խնդիրներն ենք ներկայացնում. այդ խնդիրներն են գնաճը, տեղական գյուղամթերքների սպառումը: Աղքատության մակարդակը շատ է բարձրացել` հասնելով 34 տոկոսի: Մեզ նման փոքր երկրի համար սա իսկապես մարտահրավեր է»,- ասում է Հովհաննիսյանը: