Skip to content

«Վատ մարդիկ». Մեկուսացում ճաղերից այս կողմ

Նախկին դատապարտյալ’ 48-ամյա Վահե Սարգսյանը, արդեն երեք տարի է տաքսի ծառայությունում աշխատում է որպես վարորդ և վստահ է, որ վերջնականապես կարողացել է կյանքում իր տեղը գտնել:

Վահեի ներկան կարելի է հուսադրող համարել, քանի որ նա իր կյանքի մեկ չորրորդ մասն անց է կացրել կալանավայրում’ առաջին անգամ դատապարտված լինելով խուլիգանության և մեքենա գողանալու, իսկ երկրորդ անգամ մարդասպանության համար:

«Ազատությունն ամենաթանկ բան է», ասում է Վահեն: «Բայց որ երկար տարիներ նստած ես լինում, ոնց որ դուրս գալուց չկարողանաս տեղավորվել շրջապատի մեջ: Որ նոր էի դուրս եկել բանտից, ասում էի’ այնտեղ ավելի լավ էր, քան ազատության մեջ: Մի քանի անգամ միլիցեքը եկել-տարել են, ասել եմ’ ինչ ա պետք, գրեմ, դատեք, տարեք բանտ: Շատ խորթ էր դրսի աշխարհը: Ուր գնում էի, աշխատանք չկար, թաղայիններն էլ ասում էին աշխատի, թե չէ կնստացնենք»:

Առաջին անգամ Վահեն չորս տարվա ազատազրկման է դատապարտվել դեռ 1983 թ-ին’ 24 տարեկանում: Պատժաչափի մեկ երրորդը կրելուց հետո նա ազատվում է, և ազատության մեջ սկսվում է Վահեի իր ազատությունը նվաճելու անվերջանալի ուղին:

1996 թ-ին նրան երկրորդ անգամ դատապարտում են արդեն 9 տարվա ազատազրկման’ մարդասպանության համար: Ինչպես Վահեն է ասում’ ուրիշի վիճաբանության մեջ խառնվելով’ դանակահարում է վիճաբանողներից մեկին, որն էլ հաջորդ օրը մահանում է:

«2005 թվականին, երբ դուրս եկա բանտից, շուրջս սառնասրտություն էր», պատմում է նա: «Քաղմասն էր շատ նեղում: Շատ հաճախ ինչ դեպք պատահեր, ինձ էին տանում հարցաքննության’ անկախ նրանից ես կապ ունեմ այդ դեպքի հետ, թե չէ: Ասում են չէ’ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»:

Վահեի ներկա կարգավիճակը բացառիկներից է, քանի որ Հայաստանում նախկին դատապարտյալների վերաինտեգրումը բավական բարդ գործընթաց է մի հասարակությունում, որտեղ մեկ անգամ դատապարտվածը ցմահ արժանանում է «հանցագործ» պիտակավորմանը:

«Այս հարցում թերևս առաջին մեղավորը հենց հասարակությունն է, նրա անհանդուրժող վերաբերմունքը, ինչը նպաստում է քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների բացասական հոգեվիճակի, ագրեսիվության առաջացմանը», ասում է իրավական հոգեբանԱրշակ Գասպարյանը:

Ըստ նրա քրեակատարողական հիմնարկից ազատվածի ադապտացիան տևում է մեկից երեք տարի. ամենաբարդ շրջանը առաջին երեքից վեց ամիսներն են: Ըստ հոգեբանի, եթե այդ ընթացքում ազատվածները չեն ընդունվում աշխատանքի, չեն ունենում բնակության մշտական վայր, ստեղծվում է կրկին հանցագործություններ կատարելու բոլոր հիմքերը:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նման հիմքեր Հայաստանի նախկին դատապարտյալների համար առավել քան ստեղծված են:

Հայաստանի «Զբաղվածության պետական ծառայության» գործակալությունում, որն էլ զբաղվում է նախկին դատապարտյալների աշխատանքի տեղավորման հարցերով 2006 թ-ին հաշվառված է եղել 26, 2007թ-ին’ 34, իսկ 2008թ-ին’ 27 նախկին դատապարտյալներ:

Այս երեք տարիների ընթացքում հաշվառման կանգնած դատապարտյալներից գործակալությանը հաջողվել է միայն 10-ին տեղավորել աշխատանքի (պահակ, մատուցողուհի, բանվոր կամ շինարարության աշխատող), ևս երկու անձ ընդգրկվել են ժամանակավոր հասարակական աշխատանքներում: Գործակալությունում գրանցված մյուս նախկին դատապարտյալների վերաբերյալ վիճակագրական տվյալներ կամ ուսումնասիրություններ չկան:

Ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հետ աշխատանքն իրականացվում է հետևյալ մեխանիզմով. դատապարտյալը դիմում է գրում քրեակատարողական հիմնարկի պետին, որտեղ նշում է ազատվելուց հետո աշխատելու ցանկության մասին: Այս դիմումը և քրեակատարողական հիմնարկի պետի ծանուցումը, որը պարունակում է տվյալներ անձի տարիքի, հասցեի, նախկին զբաղմունքի մասին, ուղարկվում է Զբաղվածության կենտրոն:

«Ազատազրկման վայրերից վերադարձած անձանցից շատերը անձը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ունենում, ինչի պատճառով կենտրոնում գրանցվել չեն կարողանում: Հաճախ քրեակատարողական հիմնարկից ստացված ծանուցման մեջ նշված հասցեն չի համապատասխանում իրականությանը, և մեզ չի հաջողվում կապ հաստատել տվյալ անձի հետ», – ասում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատանքի խորհրդատվության և տեղեկատվության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը:

Հայաստանում նախկին դատապարտյալների իրավական կարգավիճակը նույնն է, ինչ հասարակության ցանկացած անդամինը, և իրավական տեսանկյունից որևիցե խտրականություն չկա: Սակայն այս խումբը խոցելի և ռիսկային է այնքանով, որ որպես կանոն չունի բավարար պոտենցիալ և հնարավորություններ ինքնուրույն կայանալու այսօրվա մրցակցային պայմաններում:

Բեժանյանը հավաստիացնում է, որ գործատուները հրաժարվում են աշխատանքի ընդունել նախկին ազատազրկվածներին: «Շատ դժվար է մարդկանց հոգեբանության մեջ փշրել կարծրատիպերը և «ստիպել» նրանց’ մարդկանց տալ ևս մեկ հնարավորություն», ասում է նա:

Վահեի կարծիքով, նախկին դատապարտյալի վարքից է կախված, թե ինչպես նրան կընդունեն հասարակությունում. «Մարդիկ ինձանից սկսում են խուսափել այն պահից, երբ իմանում են դատված եմ եղել», ասում է նա: «2005 թ-ից նույն տաքսի-սերվիսում եմ աշխատում: Եթե ես ինձ մի քիչ ուրիշ ձևով պահեի, մարդիկ անպայման կհիշեին իմ դատվածությունը և կասեին’ շառդ քաշի, թող գնա»:

Տարիների մեկուսացումը կարող է պատճառ դառնալ ոչ միայն ազատության և աշխատանքի կորստի: Կալանավայրից դուրս գալով’ մարդը հաճախ կորցնում է ընտանիքն ու ընկերներին:

«Ընտանիքների մեծամասնությունը քայքայվում է: Իմ ծնողները տիրություն են արել իմ ընտանիքին: Չեն թողել, որ քայքայվի: 9 տարին քիչ չէ: Շատ ընտանիքներ գիտեմ, որ հենց մարդը նստում է, կինը բաժանվում է: Բայց իմ ընտանիքը, փա’ռք Աստծու, միշտ իմ կողքին է եղել: Այսօր և’ տղաս, և’ աղջիկս արդեն ամուսնացնելու տարիքի են: Իրենց համար եմ ապրում», – ասում է Վահեն:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նախկին դատապարտյալների ինտեգրման գործընթացը միայն պետության պարտականությունը չէ: Որոշ երկրներում այդ գործառույթը ամբողջությամբ մասնավոր, հասարակական սեկտորի առաքելությունն է, ինչպես նաև գործում են տարբեր սոցիալական, հոգեբանական, վերականգնողական կենտրոններ’ սպասարկելով ռիսկային այդ խմբերին:

Հայաստանում ևս կան հասարակական կազմակերպություններ, որոնք իրականացնում են ծրագրեր շատ կարճ ժամանակահատվածներով, սակայն դա ամբողջական գործընթաց չէ, իսկ շահառուների թիվն էլ որպես կանոն մեծ չի լինում:

Հոդվածը պատրաստվել է «Լրագրության դերի բարձրացումը արդարադատության եւ օրենքի կիրառման համակարգերի լուսաբանման ոլորտում» դասընթացի շրջանակներում: Այն կազմակերպել էր «Լրագրողների թիմ հանուն կայուն ապագայի» ՀԿ -ն :

Աղբյուր` JNews.am