Skip to content

Երազանքս փշրվեց…

Երբ փոքր ես, լի ես հույսերով, երազանքներով ու մտքերով… Մտքերով, որ մի օր կմեծանաս և ճիշտն ու սխալն ընտրելու իրավունք կունենաս …

Երբ ութ տարեկան էի, շատ զգացմունքային էի: Եթե միայն կարողանայիք տեսնել մտքերս, ապա կխելագարվեիք այն գեղեցիկ գույներից, որոնք ինքս էի ստեղծել… Ես մի սովորական աղջիկ էի, որը երաժշտություն էր սիրում:

Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ էր. յուրաքանչյուր տոնայնության մեջ ես գտնում էի ինձ, իմ ձայնը, ոգին ու շունչը: Երաժշտության  մեծերով` Շոպենով, Բեթհովենով, Լիստով ոգեշնչված` ես մայրիկիս խնդրեցի օգնել ինձ հայտնվելու երաժշտական դպրոցում: Այդ ժամանակ ես հույս ունեի, որ կնվագեմ բոլոր երկրների բեմերում` փոխանցելով զգացմունքներս մարդկանց և հույս ունենալով, որ երաժշտությունը նրանց հոգու ներդաշնակություն կբերի:

Ընդամենը ութ տարեկան էի, սակայն երաժշտությունն ինձ նոստալգիկ դրայվ էր հաղորդում և ստեղծագործում ինձ ոտքից գլուխ. երաժշտությունն էր հոգուս տիրակալը: Ես սովորում էի ուժերիս ներածին չափով` նվագելով ամբողջ ժամանակ. հարևաններս գժվում էին, բայց դա ինձ չէր հետաքրքում, քանի որ ինձ միայն դաշնամուրն էր ոգեշնչում: Տարվա վերջն էր, երբ ուսուցիչը մայրիկիս դպրոց կանչեց: Մայրս ինձ խնդրեց դրսում սպասել. ես այնքան լիահույս էի, թե նրանք պատրաստվում են տանել ինձ Գերմանիա` պատանի երաժիշտների համերգին: Մոտեցա դռանը և փորձեցի լսել, թե ինչի մասին էին նրանք խոսում: Այն, ինչ լսեցի, փոխեց կյանքս` յուրաքանչյուր քայլս, րոպես և այն, թե ինչպես պետք է դասավորեի ապագա կյանքս:

«Նա շատ լավ աղջիկ է, ընդամենը ութ տարեկան է, բայց միայն երաժիշտ դառնալու մասին է երազում: Դուք պետք է իմանաք, որ դա անհնար է, նա պետք է ցած իջնի երկնքից: Նրա մատներն այնքան կարճ են, որ նա երբեք չի կարող դաշնամուր նվագել: Դուք պետք է մի ուրիշ բան փորձեք», – ասաց ուսուցիչս:

Այժմ չեմ կարող ասել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Պատկերացրեք, ութ տարեկան մի աղջիկ, որը ողջ մարմնով դողում է հին դասասենյակի առջև կանգնած, լալիս է և տեսնում, թե ինչպես են երազները անպետք թղթի պատառոտված կտորների նման թռչում-հեռանում իրենից: Ես ակամայից բռնեցի ծնկներս` համոզվելու, որ դեռ կարող եմ կանգնել: Այդ գիշեր չքնեցի` մտածելով կատարվածի մասին և մահու չափ արտասվելով: Ես երբեք չասացի մայրիկիս, որ լսել եմ նրանց խոսակցությունը: Օ, իմ քաղցրիկ մայրիկ, դու էլ ինձ երբեք չասացիր այդ մասին, այնքան էիր վախենում կոտրել իմ ներաշխարհը: Անցան տարիներ: Ես չկարողացա մոտենալ դաշնամուրին, չնայած ծնողներս պրոֆեսոր վարձեցին ինձ հետ պարապելու համար, սակայն ես նույնիսկ չէի ուզում դիպչել ստեղնաշարին:

Այդպես կոտրվեցին հույսերս, և ամեն գիշեր` քնելիս, միայնակ էի մնում: Ես այլևս չկարողացա այդքան նրբորեն զգալ երաժշտությունը: Երբ 16 տարեկան էի, պետք է ընտրեի, թե որտեղ սովորեմ: Ընդունվեցի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան` գաղտնի հուսալով, որ կրկին կգտնեմ երաժշտությունս: Ես այն գտա միայն լեզուներում` փորձելով երաժշտությունը լսել լեզվի մեջ և հակառակը` բացահայտելով լեզվի երաժշտությունը: Երաժիշտ չդարձա, բայց հպարտ էի, որ ինքնարտահայտման նոր միջոց եմ գտել:

Հիմա 21 տարեկան եմ: Ես մի աղջիկ եմ, ով գիտի, թե ինչն է կարևոր կյանքում և դա բացահայտում է ամեն օր` չվախենալով կրկին անգամ կոտրվել: Ես ունեմ իմ իսկ ճշմարտությունը և հավատում եմ դրան. ոչ ոք այլևս չի կարող ստիպել ինձ հրաժարվել իմ երազանքներից: Ես ինքնուրույն աղջիկ եմ և պատիվ ունեմ կրելու հասուն մարդու բնավորություն: Երբ ետ եմ նայում, տեսնում եմ ինձ այնտեղ` դպրոցում արտասվելիս` անօգնական այնպես, ինչպես մի անթև թռչուն, ապա նորից գտնում ինձ` հասուն, 21 տարեկան, անվախ մի աղջիկ, ով գիտի իր տեղը կյանքում:

Ինչ էլ որ լինի, ինչպես էլ կյանքը մեզ հետ վարվի, մենք պետք է ուժեղ լինենք: Յուրաքանչյուր երեխա ունի ինչ-որ տաղանդ, որը մի օր կարող է հարստացնել մեր հասարակությանը լավ մասնագետներ տալով, եթե միայն ընձեռվի այդ հնարավորությունը …Ես մագիստրատուրայում սովորում եմ միջազգային լրագրություն և հավատում, որ թեև դաշնամուրային երազներս հավերժ մնացին այնտեղ` այն սենյակի մոտ, երկար մատներ չունենալու պատճառով, այնուամենայնիվ, իմ մատները կարող են այնքան ուժեղ լինել, որպեսզի ես նվագեմ իմ երաժշտությունը` բացահայտելով ճշմարտությունը գրելու միջոցով և ինչ-որ ձևով օգտակար լինելով այն աշխարհին, որը բոլորինս է…

Մարիամ Օհանյանը սովորում է Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի միջազգային լրագրության բաժնում:

Աղբյուր`  JNews.am