Skip to content

Քննարկման արժանի. Հանրային հեռուստաալիքն այլևս դեր չունի

Այս թեզն հնչեցրեց լատվիացի մեդիա փորձագետ Յանիս Յուզեֆովիչը (Jānis Juzefovičs), ով հոկտեմբերի 6-8-ը մասնակցում էր Երևանում անց կացվող «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» խորագրով եռօրյա համաժողովին, որը կազմակերպել էր Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը:

Յանիսի «Նվազող լսարաններ. հետկոմունիստական հանրային հեռարձակման հեռանկարները թվայնացման պայմաններում» խորագրով զեկույցի մեխը կայանում էր նրանում, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում կոմունիստական ռեժիմի փլուզմանը հաջորդած քսան տարիների ընթացքում հանրային ռադիոյի և հեռուստատեսության ինստիտուտներն այդպես էլ չհարմարվեցին պետականից հանրային հեռարձակողի գաղափարին, և հաճախ հասարակության լայն շերտերը շարունակում են հանրային ռադիոն և հեռուստատեսությունն ընկալել որպես պետական ապարատի բաղադրիչ, ինչպես կոմունիստական իշխանության օրոք էր:

Բացի այդ, հանրային հեռարձակողներին նոր մարտահրավերներ են սպասվում հեռուստատեսության թվայնացման արդյունքում, և այլևս անհիմն են դառնում պետբյուջեից հանրային հեռուստառադիո ինստիտուտին հատկացված միջոցները:

Սա հաշվի առնելով` Յանիս Յուզեֆովիչը, հանդիսանալով Լատվիայի Կիրառական գիտությունների համալսարանի (Vidzeme University of Applied Sciences) դասախոս, իր թեկնածուական աշխատանքում փորձում է առաջ քաշել այն թեզը, համաձայն որի կպահպանվի հանրային կարևորության տեղեկատվության տարածման գաղափարը, բայց ոչ պարտադիր հանրային հեռուստառադիո ինստիտուտի միջոցով:

Եթե լատվիական թեզը ներարկենք հայկական իրականություն, ապա կստացվի հետևյալը. Հայաստանի պետական բյուջեից հեռուստառադիոհաղորդումների համար տարեկան հատկացվող մոտ 10 միլիոն դոլարը կտնօրինի ոչ թե մեկ կառույց, այլ կբաշխվի հեռարձակող տարբեր մասնավոր ընկերությունների միջև` համաձայն մրցույթում ընտրված լավագույն ծրագրերի: Այս դեպքում հանրային նշանակության հեռուստառադիոհաղորդումները կհեռարձակվեն տարբեր մասնավոր հեռուստա կամ ռադիո ալիքներով:

Նման թեզին միանշանակ կողմ կամ դեմ արտահայտվելուց առաջ անհրաժեշտ է սթափ գնահատել Հայաստանի հանրային հեռուստաընկերության կամ ռադիոընկերության դերը ներկայիս իրականությունում:

Իսկ մեր իրականությունը թվային դարաշրջանում շատ արագ փոփոխվում է:

Հայաստանում բացի երկու տասնյակի հասնող անվճար հեռուստաալիքներից, վճարովի հիմունքներով հնարավոր է օգտվել մալուխային, արբանյակային կամ IPTV ձևաչափով տասնյակ (որոշ դեպքերում հարյուրավոր) ալիքների հեռարձակումից: Իսկ աշխարհով մեկ սփռված հայերին արբանյակային հեռարձակման միջոցով արդեն հասանելի է ոչ միայն «Հ1»-ը, այլ նաև երեք մասնավոր հեռուստաընկերություններ` «Արմենիա», «Շանթ» և «Երկիր Մեդիա»:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին «Հ1»-ը կարողանում է չնչին տատանումներով կայուն պահել իր հեռուստալսարանը, սակայն «Հ1»-ի հետ գրեթե նույն սանդղակում են հայտնվում նաև որոշ մասնավոր հեռուստաընկերություններ: Այսպես օրինակ AGB Nielsen Media Research հեղինակավոր կազմակերպության տվյալների համաձայն` դեռ նախորդ տարի ամենահաճախ դիտվող հեռուստաալիքը Հայաստանի հանրային հեռուստաալիքն էր` 20 տոկոս հեռուստալսարանով, այնուհետև «Արմենիա»-ն` 18 տոկոսով և «Շանթ»-ը` 12 տոկոսով: Իսկ 2009 թ-ին «Արմենիա» ՀԸ-ը հաջողվեց նույնիսկ գերազանցել «Հ1»-ի ցուցանիշերը:

Մեկ այլ հանգամանք ևս. Հայաստանը 2015 թ. հունվարից ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների ներկայիս անալոգային հեռարձակման տարբերակից անցնելու է թվային տարբերակի: Դա նշանակում է, որ Հանրային հեռուստաալիքը հասանելության առումով այլևս չի ունենա հեռարձակման այն մենաշնորհն, ինչ ունի այժմ հանրապետության որոշ բնակավայրերում:

Հաշվի առնենք նաև, որ տեղեկատվական հոսքերի բազմազանությունը օրեցօր ավելանում է նաև համացանցում, և կապի այս միջոցը տարածման ոգևորիչ ցուցանիշեր է գրանցում, որն էլ թվային դարաշրջանում տեղեկատվություն ստանալու թիվ մեկ աղբյուրն է:

Վերը նշված դիտարկումները վերաբերում էին միայն տեխնիկական հնարավորություններին: Բովանդակային առումով, յուրաքանչյուր հեռուստադիտող իր եզրակացությունները կարող է անել` հանրայինի տարբեր ուղղվածություն ունեցող հաղորդումները համեմատելով մրցակից մասնավոր հեռուստաընկերությունների նմանատիպ հաղորդումների հետ: Եթե մասնավորները որակի տեսանկյունից այլևս չեն զիջում հանրայինին, ապա փաստն արդեն մտորելու տեղիք է տալիս:

Եվ վերջին մասնավոր դիտարկումը մի խնդրի վերաբերյալ, որի բարձրաձայնման հեղինակները մի խումբ լսողության խնդիրներ ունեցող երիտասարդներ են` մեր կազմակերպության անմիջական աջակցությամբ:

Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովը կառավարության առաջարկով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, համաձայն որի` այսուհետ բացի Հանրային հեռուստաընկերությունից մյուս բոլոր հեռուստաընկերությունները ևս պարտավոր են օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով:

Պետք է նշել, որ խուլերի բարձրացրած խնդիրը այլ էր և պահանջում էր ավելի պարզ լուծում: Նրանք խնդրում էին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում Հանրային հեռուստաընկերությանը վերաբերող հատվածից ընդամենը հանել «կամ հայերեն լուսագրով» արտահայտությունը, որպեսզի վերջինս ստիպված լինի մեկական մանկական և լրատվական հաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ: Ստացվեց այնպես, որ հիմա բացի Հանրայինից նույն երկիմաստ տողերի տակ ընկան նաև մյուս մասնավոր հեռուստաընկերությունները, և պարզ չէ, թե որ մեկը մեծահոգություն կդրսևորի և կընտրի սուրդոթարգմանությամբ հեռարձակումը:

Եթե Հանրայինին հասանելիք պարտավորությունը հնարավոր է պարտադրել նաև մասնավորներին, ապա ո՞րն է Հանրայինի դերը, ո՞ր առավելության համար են հարկատուի գումարները հատկացվում Հանրայինի գործունեությանը:

Հանրային և մասնավոր հեռարձակողների տարբերությունը կայանում է նրանում, որ մասնավորը մտածում է` է՞լ ինչպես գումար աշխատի, իսկ հանրայինը` ինչպե՞ս գումարը ծախսի: 

Սուրեն Դեհերյանը «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահն է, ինչպես նաև ընդգրկված է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խմբում, որն ուսումնասիրում է Հայաստանում հեռուստառադիոհեռարձակման թվայնացման համակարգին անցնելու գործընթացը:

Աղբյուր` JNews.am