Skip to content

Հանրայինն առանց գովազդի. «Ասպարեզ» ակումբը նոր խախտումներ է գրանցում Հ1-ի եթերում

Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը 10 ամիս շարունակ իրականացնում է «Հ1» հեռուստաալիքի եթերի ուսումնասիրություն` պարզելու, թե որքանով է Հանրային հեռուստաընկերությունը պահպանում օրենքով սահմանված դրույթները` կապված հեռուստաալիքի հաղորդումներում առևտրային գովազդի ծավալի և տեղաբաշխման հետ:

Հաղորդումների մոնիտորինգն իրականացվում է Գյումրիում, որտեղ «Հ1» հեռուստաալիքը եթեր է հեռարձակվում օրական ընդամենը 17-ից 21 ժամ:

Մոնիտորինգից ստացված տվյալները ներկայացվում են փուլ առ փուլ, և օրերս Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրին այս տարվա մայիս-հունիս ամիսների մոնիտորինգի արդյունքներն ու կատարված եզրակացությունները: Հաշվետվության ներկայացմանը հրավիրված էին նաև «Հ1»-ի ներկայացուցիչներ, ովքեր, սակայն, ներկա չգտնվեցին:

Մոնիտորինգի հեղինակները նշեցին, որ մայիս ամսվա 27 ուսումնասիրված օրերի ընթացքում «Հ1»-ը հեռարձակել է մոտ 171 րոպե քողարկված գովազդ, իսկ հունիս ամսվա 29 ուսումնասիրված օրերին` մոտ 282 րոպե: Հետազոտության համաձայն «Հ1»-ի եթերում գովազդի նախատեսված 7%-ի փոխարեն հեռարձակվել է ավելի քան 10%:

Ծրագրի ղեկավար Լևոն Բարսեղյանը կարծում է, որ Հանրայինն այլևս ոչնչով չի տարբերվում մասնավոր հեռուստաընկերությունից:

«Հանրային հեռուստաընկերության փիլիսոփայությունից պետք է հանվի վարկանիշ ունենալու գաղափարը: Այն հանրային բացակա կարիքների լրացումն է: Իսկ էստեղ ստացվում է սիմբիոզ. մի կողմից անունը հանրային է` ահռելի գումարներով սնվող պետական բյուջեից, մյուս կողմից` լավ էլ մրցակցային հեռուստաընկերություն»,- նշում է Բարսեղյանը:

Հայաստանի պետբյուջեից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին տարեկան հատկացվում է մոտ 10 միլիոն դոլար: Գովազդից ստացված եկամուտն էլ փաստացի կազմում է 3 մլն դոլար: Փորձագետ Մեսրոպ Հարությունյանն առաջարկում է պետբյուջեից հատկացվող գումարը դարձնել 13 մլն դոլար և հրաժարվել գովազդի հեռարձակումից:

«Երկրում պետք է լինի մեկ հանրային հեռուստաընկերություն, որը պետք է հեռարձակվի առանց գովազդային ընդմիջման»,- համոզված է նա:

Հարությունյանը նշում է, որ «Հ1»-ը նույնիսկ լրատվական հաղորդումներն է ընդհատում գովազդով, ինչն էլ, ըստ նրա` որոշակի էթիկայի խախտում է: Հունիս ամսվա դիտարկումների համաձայն` «Հայլուր» լրատվական հաղորդման ընթացքում գրանցվել է 42 խախտման դեպք (չի թույլատրվում հաղորդումն ընդմիջել գովազդով 20 րոպեում մեկից ավելի անգամ):

——————————————————————————

մասնակցեք «Ջեյնյուզի» անանուն հարցմանը

Համաձա՞յն եք, որ պետբյուջեից “Հ1”-ին հատկացվի լրացուցիչ գումար և եթերում չլինի գովազդ

——————————————————————————

Մոնիտորինգն իր մեջ ներառում է նաև իրավիճակի բարելավման համար առաջարկություններ` ուղղված «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին», Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, «Հ1» հեռուստաընկերության տնօրինությանը և ՀՀ Ազգային ժողովին:

Փորձագետներն առաջակում են ապահովել 24-ժամյա եթեր բոլոր մարզերում և չխախտել գովազդի համար նախատեսված ժամանակահատվածը, որի արդյունքում կազատվի բավականին եթերաժամանակ գիտական, կրթական, մշակութային և այլ հաղորդումների համար:

Հաշվետվության օրինակները հատուկ նամակներով ուղարկվել են վերը նշված կառույցներին, սակայն պատասխան ստացվել է միայն Ազգային ժողովից:

«…Լինելով օրենսդիր մարմին և չունենալով ներկայացված տվյալները ստուգելու որևէ լծակ, հանձնաժողովը կարող է դրանք դեռևս ընդունել ի գիտություն և մտահոգություն` իր լիազորության շրջանակներում հետագա համատեղ աշխատանքի միջոցով կարգավորելու միտում»,- պատասխան նամակում նշել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը (նամակը ներկայացված է ոչ ամբողջությամբ):

Ազգային ժողովում «Գովազդի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն` առավելագույն գովազդի ծավալը 1 ժամում հասցվել է մինչև 14 րոպեի, իսկ գովազդային տարբեր հատկանիշներ կրող ինֆորմացիոն նյութերը կհամարվեն գովազդ:

«Նախորդ դիտարկումից առ այսօր, ցավոք, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը և այս զեկույցի հեղինակները որևէ արձագանք որևէ մարմնից չեն ստացել` դիտարկվում են, թե չեն դիտարկվում, կկատարվեն փոփոխություններ, թե չեն կատարվի»,- ասում է Բարսեղյանը:

«ՋեյՆյուզը» փորձեց կապ հաստատել նաև «Հ1»-ի գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ, սակայն երեք օր շարունակ տնօրենի ընդունարանից պատասխանեցին, որ Բունիաթյանը տեղում չէ:

«Ասպարեզ» ակումբը նախատեսում է ուսումնասիրությունը շարունակել մինչև 2012թ-ի ապրիլ ամիսը:

Ի դեպ, օրերս Հանրային հեռուստաընկերությունը փոխել է իր պաշտոնական կայքի հասցեն: Նախկին Armtv.com-ի փոխարեն այժմ այն կարելի է այցելել հ1.am հասցեով:

Աղբյուր` JNews.am