Skip to content

Գյումրեցի արվեստագետը լեհական քաղաքը ներկայացրեց «10 մետրում»

Ալեքսեյ Մանուկյանն օրերս վերադարձավ լեհական Լյուբլին քաղաքից, որտեղ հոկտեմբերի 1-ից 6-ը մասնակցում էր «Ինտեգրացիա-Մեդիացիա» միջազգային փառատոնին:

Ալեքսեյ Մանուկյանն օրերս վերադարձավ լեհական Լյուբլին քաղաքից, որտեղ հոկտեմբերի 1-ից 6-ը մասնակցում էր «Ինտեգրացիա-Մեդիացիա» միջազգային փառատոնին:

Փառատոնը կազմակերպվել էր «Արևելյան Եվրոպայի նախաձեռնությունների կոնգրեսի» շրջանակներում, որը բաղկացած էր ակադեմիական քննարկումներից և մշակութային միջոցառումներից: Այն միավորել էր տարբեր ոլորտներից մոտ հազար մասնակցի` Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներից, ինչպես նաև Ռուսաստանից: 

Գյումրեցի արվեստագետին այս փառատոնի ընթացքում ստեղծագործելու հնարավորություն էր տրված, և նա ներկայացավ «10 մետր» պերֆորմանս հեղինակային նախագծով: Սա յուրահատուկ ստեղծագործությունների շարք է, որով Ալեքսեյը ներկայացնում է տարբեր քաղաքների փողոցներին և մայթերին առկա պատկերներն ու սիմվոլները, այլ կերպ ասած` 10 մետր վատմանե թղթի վրա պատկերում քաղաքի հետքը:

Նա կիրառում է շատերին հայտնի այն պարզ տեխնիկան, երբ թղթի վրա մատիտ քսելով ստացվում է թղթի տակ դրված մանրադրամի արտապատկերը: Ալեքսեյի ստեղծագործություններում մանրադրամի արտապատկերի փոխարեն հուշաքարերի, քարե սալիկների, ստորգետնյա կոմունիկացիաների համար նախատեսված հորերի պողպատե փականների պատկերներն են:

Ըստ արվեստագետի այս նախագծով տարածքը դիտվում է իբրև մի արժեք, որը ենթակա է տեղափոխման: «Փաստորեն, տարածքը պատկերելով թղթի վրա` հնարավորություն եմ ստանում տեղափոխել այն մեկ այլ վայր», – ասում է Ալեքսեյը, ով «5-րդ հարկ» մշակութային խմբի անդամ է:

«Տարածքը լայն հասկացություն է. կա հանրային տարածք, որը ինչ-որ կերպ զարգացում է ապրում: Դա դինամիկ հասկացություն է, որը միշտ փոփոխությունների և զարգացումների մեջ է, և խնդիրն այն է, թե ինչպես է մարդը ադապտացվում այդ փոփոխություններին, ինչ հիշողություններ ունի` կապված այդ տարածքի հետ և արդյոք պատրաստ է հաշտվել «տարածք» հասկացության հետ», – ասում է նա:

Հերթական 10 մետրը ստեղծվում է այն քաղաքում, ուր արվեստագետն այցելում է հատուկ այդ նպատակով, և, փաստորեն, այս մեկը նվիրված էր Լյուբլին քաղաքին: Ավարտելուց հետո այն տեղափոխվեց Լյուբլինի մշակույթի կենտրոն` ցուցադրության:

Իր պերֆորմանսի միջոցով Ալեքսեյն առաջարկում է տարածքների վերաբերյալ խնդիրներին լուծում տալ արվեստի միջոցով: Լյուբլինն այս նախագծում 15-րդ քաղաքն էր: Մինչ այդ նա ստեղծագործել է եվրոպական այլ քաղաքներում, Թուրքիայում և Կովկասում:

«Երբ Թուրքիայում էի ստեղծագործում, ինձ մոտ տարածքային հիշողության խնդիր առաջացավ. մոտս առաջ եկան ցեղասպանության շուրջ հիշողություններ, որոնք, իհարկե, ազդեցություն ունեցան ստեղծագործությանս վրա: Նույնը Շուշի քաղաքում. պատերազմի ու այրված քաղաքի հիշողությունները կարևոր դեր ունեցան այնտեղ ստեղծած պատկերի վրա»,- հիշում է Ալեքսեյը:

Ըստ նրա, քաղաքների հատակային սիմվոլները պատկերող ստեղծագործությունները հուշում են նաև այն մասին, որ բոլոր բնակավայրերն իրար հետ կապված են ստորգետնյա կոմունիկացիաների միջոցով` լինելով մեկ ամբողջություն: Ալեքսեյը լիահույս է, որ մի օր իրեն կհաջողվի հավաքել իր բոլոր ստեղծագործությունները և մեկ տարածքում ներկայացնել մասնատված տարածքների հավաքական պատկերը:

Լուսանկարը` հեղինակի

Լյուբլին-Երևան

Նյութի սկզբնաղբյուրն է Azatutyun.am կայքը