Մոտ ապագայում հայկական հեռուստատեսության գիշերային եթերը կլցվի տարատեսակ ալկոհոլային խմիչքների գովազդային հոլովակներով: Նյութս արդեն պատրաստ էր կայքում տեղադրելու համար, երբ տեղեկացա, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդը, Ազգային ժողովում ընդունվել է 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ոչ իշխանական պատգամավորները չէին մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն: Նախկինում թունդ ալկոհոլային խմիչքներից նույն օրենքով թույլատրվում էր եթերով գովազդել միայն տեղական արտադրության կոնյակ:
Ինչևէ, այս ամիս ԱԺ-ի օրակարգում կային երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ինձ մոտ զարմանք և մտահոգություն են առաջացրել: Դրանցից մեկը ոչ պաշտոնական անվանում ստացած այս «Օղու գովազդին կողմ» նախագիծն էր, իսկ մյուսը` ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագիծը կամ ոչ պաշտոնական անվանում ստացած «Ֆեյքերի դեմ» նախագիծը:
Մոտ ապագայում հայկական հեռուստատեսության գիշերային եթերը կլցվի տարատեսակ ալկոհոլային խմիչքների գովազդային հոլովակներով: Նյութս արդեն պատրաստ էր կայքում տեղադրելու համար, երբ տեղեկացա, որ «Գովազդի մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդը, Ազգային ժողովում ընդունվել է 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Ոչ իշխանական պատգամավորները չէին մասնակցել քվեարկությանը` բոյկոտելով այն: Նախկինում թունդ ալկոհոլային խմիչքներից նույն օրենքով թույլատրվում էր եթերով գովազդել միայն տեղական արտադրության կոնյակ:
Ինչևէ, այս ամիս ԱԺ-ի օրակարգում կային երկու օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ինձ մոտ զարմանք և մտահոգություն են առաջացրել: Դրանցից մեկը ոչ պաշտոնական անվանում ստացած այս «Օղու գովազդին կողմ» նախագիծն էր, իսկ մյուսը` ‹‹Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին›› ՀՀ օրենքի նախագիծը կամ ոչ պաշտոնական անվանում ստացած «Ֆեյքերի դեմ» նախագիծը:
Նախ զարմացած եմ` տեսնելով, որ երկու նախագծերի հեղինակների ցանկում հիմնականում այն երիտասարդ, բանիմաց պատգամավորների անուններն են, որոնցից մի քանիսին անձամբ ճանաչում եմ, մյուսների հետ առիթ եմ ունեցել շփվելու և դրական տպավորություն ունեմ: Ինչո՞ւ հանդես գալ նման օրինագծերով, հարգելի գործընկերներ: Ո׳չ առաջինը և ո׳չ էլ երկրորդը մեր հասարակությանը, Հայաստանին և առավել ևս ՀՀ քաղաքացուն պետք չեն:
Եթե «Ֆեյքերի դեմ» օրինագծի վերաբերյալ արդեն հնչել են բազմաթիվ կարծիքներ, և հիմնականում` բացասական (իմ կարծիքը նյութի վերջնամասում), ապա «Օղու գովազդին կողմ» օրինագծի նկատմամբ կարծես հանրությունն այդպես էլ անտարբեր մնաց` միգուցե չպատկերացնելով դրա վտանգն ու հետևանքները մեր հասարակության, երիտասարդության, պատանիների համար:
Ժամը 22:00-ից հնարավոր է և կան անչափահասներ, որոնք քնած են, բայց անչափահասների և երիտասարդության հիմնական մասը հենց այդ ժամից սկսած մինչև կեսգիշեր գամվում են հեռուստացույցին` դիտելու հումորային հաղորդումներ, ֆուտբոլ, սերիալներ և այլն: Հեռուստադիտողը կոճակի միջոցով հնարավորություն ունի ընտրելու իր սիրելի հաղորդումը, բայց գովազդի ընտրությունը ամենևին էլ իրեն չի պատկանում: Դա փաթաթվում է հեռուստադիտողի վզին: Այս դեպքում հրամցվում է մի բան, որը կարող է երիտասարդ ընտանիքների հիմքերի խարխլման և պատանիների` օղու նկատմամբ հետաքրքրության ակտիվացման պատճառ հանդիսանալ: Ալկոհոլը գովազդողների շարքում էլ, հավանաբար, կլինեն երիտասարդության կողմից սիրված Հովոն, Մկոն, Գարիկը կամ ֆուտբոլային հավաքականի տղաները…, բա էլ ո՞ւր մնաց «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» կարգախոսը:
Հիմա «Ֆեյքերի դեմ» օրինագծի հերթն է, որի ճակատագիրը ևս կախված է հասարակության արձագանքից: Մինչ այժմ հնչեցրած մտահոգությունների հետ հիմնականում համաձայն եմ (օրինագիծը կարդացել եմ, միջազգային փորձին ծանոթ եմ):
[[wysiwyg_imageupload::]]Հնչած կարծիքներին կավելացնեմ հետևյալը. համացանցը Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում այնպիսի տարածում է գտել, իսկ սոցցանցերն այնպիսի կիրառություն, որ այս վիրտուալ տարածքն այլևս հայկական իրականությունից ոչնչով չի տարբերվում` շփումների, բամբասանքների, հայհոյանքների, քծնանքների, հաճոյախոսության, ցուցամոլության, նախանձության, ձևականության և «իրար տակ փորողների» առումով: Այստեղ են ոստիկանները, լրտեսները, բժիշկները, մանկավարժները, ուսանողները, դասախոսները, աշակերտները, «մեծ քաղաքականությունը» և անգամ մեր բակի մտավորական 84-ամյա Ջուլյա տատին, ով նախորդ օրն ինձ հեռախոսով հարցնում էր, թե «պլանշետով» ինչպես գտնի քաղաքական գործիչներից մեկի վերջին ելույթը ռուսերեն լեզվով: Ասում էր` Գուգլում գրում է «доклад» ու էդ մարդու անունը, բայց չի բերում: Ես էլ ասացի, որ էդ սովետի ժամանակ էր կոչվում «доклад», հիմա արդյունավետ կլինի փնտրել «выступление» բառով:
Բոլորն են համացանցում և, ըստ էության, յուրաքանչյուրն էլի իր գործով ու հետաքրքրություններով:
Այս դեպքում, ասացեք խնդրեմ, կա՞ այնպիսի օրենք, որը կիրառելի է բակի այն հարևանի նկատմամբ (պայմանական` «բիբիսի» տատի), ով ամեն հանդիպելիս «անկեղծ» պատմում է, որ բակում «անհայտ» հարևաններն ինչ ասես, որ չեն ասում ձեր անձի վերաբերյալ, բայց աղբյուրներն այդպես էլ չի բացահայտում: Կարծում եմ` ոչ մի: Եթե դա ընդամենը հերյուրանք է` ջհանդամին թե չեն ասում: Մտրակով «բիբիսի» տատի բերանը չես փակի, բայց նաև կապը չես խզի նրա հետ, քանի որ չի բացառվում «բիբիսի» տատի ծառայությունները մի օր էլ ձեզ օգտակար լինեն:
Ինչ վերաբերում է համացանցին, ապա հավատացնում եմ ձեզ, որ այստեղ անհայտ օգտատերեր չկան: Բոլորն էլ հայտնի են, պարզապես կան համացանցից շատ ու քիչ գիտելիքներ ունեցող օգտատերեր: Փորձեք ինքներդ գնահատել ձեր համացանցային գիտելիքները 5 բալանոց սանդղակով: Ես, օրինակ` հանդիսանալով համացանցի վերաբերյալ երկու գրքերի համահեղինակ, երկու հետազոտության ղեկավար և համահեղինակ, «ՏՀՏ տեխնոլոգիաները ԶԼՄ-ում» առարկայի դասախոս, ինձ կգնահատեմ` առավելագույնը 2: Եվ որքան շատ եմ ուսումանսիրում այս ոլորտը, այնքան գնահատականս իմ գիտելիքների նկատմամբ նվազում է, քանի որ համացանցը զարգացման փուլում է և խիստ փոփոխական: «Պետք է»-ով համացանցում հարցեր չես լուծի:
Ես մնում եմ այն կարծիքին, որ նման օրինագծի անհրաժեշտություն չկա, և դա է պատճառը, որ անիմաստ եմ համարում ներկա գտնվել առաջիկայում ԱԺ-ում նախատեսվող օրինագծի բովանդակության վերաբերյալ քննարկումներին: Փոխարենը` կոչ եմ անում նախագծի հեղինակներին հանել օրինագիծը օրակարգից:
Ի դեպ, եթե մի օր որևէ պաշտոնյայի հասցեին հայհոյանք տարածող «անհայտ հեղինակի» հետքերով գնան ու պարզեն, որ հեղինակը մեր հարևան մտավորական 84-ամյա Ջուլյա տատն էր, ես չեմ զարմանա այդ փաստից, բայց խիստ կմտահոգվեմ նրա ապագա կարգավիճակով:
Աղբյուր` JNews.am
Լուսանկարների աղբյուր` Newstonight.net և Nettiesramblings.blogspot.com կայքերից