JNews-ը շարունակում է հանրայնացնել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության` 2013 թ-ին հրատարակած «Լավագույնը ցանցում» ուղեցույցում առկա նյութերը: Այս անգամ ներկայացնում ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությունները համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության բացասական հետևանքների վերաբերյալ:
Արդյոք, համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության խստացումը խոչընդոտ չի լինի տեղեկատվության ազատ տարածման համար:
Առցանց լրատվամիջոցների պարագայում պատասխանը՝ ոչ, քանի որ միջազգային փորձն արդեն իսկ ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը բավականին հեշտ է լուծել: Սակայն, եթե հարցը դիտարկենք ոչ իրավական տեսանկյունից, ապա` այո, կան դեպքեր, երբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական գործընթացների վրա։ Օրինակ՝ Հայաստանում արդեն մի քանի առցանց լրատվամիջոցներ արգելում են իրենց նյութերի վերահրապարակումը` առանց նախօրոք ստացած գրավոր համաձայնության: Նման մոտեցումն ինքնին խոչընդոտում է տեղեկատվության ազատ հոսքը, առավել ևս, եթե խոսքը հանրության համար կարևոր տեղեկատվության մասին է:
JNews-ը շարունակում է հանրայնացնել «Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության` 2013 թ-ին հրատարակած «Լավագույնը ցանցում» ուղեցույցում առկա նյութերը: Այս անգամ ներկայացնում ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի մեկնաբանությունները համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության բացասական հետևանքների վերաբերյալ:
Արդյոք, համացանցում հեղինակային իրավունքի պաշտպանության խստացումը խոչընդոտ չի լինի տեղեկատվության ազատ տարածման համար:
Առցանց լրատվամիջոցների պարագայում պատասխանը՝ ոչ, քանի որ միջազգային փորձն արդեն իսկ ցույց է տալիս, որ հեղինակային իրավունքի պաշտպանության խնդիրը բավականին հեշտ է լուծել: Սակայն, եթե հարցը դիտարկենք ոչ իրավական տեսանկյունից, ապա` այո, կան դեպքեր, երբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակական գործընթացների վրա։ Օրինակ՝ Հայաստանում արդեն մի քանի առցանց լրատվամիջոցներ արգելում են իրենց նյութերի վերահրապարակումը` առանց նախօրոք ստացած գրավոր համաձայնության: Նման մոտեցումն ինքնին խոչընդոտում է տեղեկատվության ազատ հոսքը, առավել ևս, եթե խոսքը հանրության համար կարևոր տեղեկատվության մասին է:
Եթե հեղինակային իրավունքին առնչվող խնդիրները փորձենք խորութամբ դիտարկել, ապա կտեսնենք, որ դրանք ունեն նաև այլ կողմեր, որոնք միշտ չէ, որ բխում են հանրային շահից։ Եթե մի շարք արևելյան երկրներում (Իրան, Չինաստան, Հյուսիսային Կորեա) համացանցը վերահսկվում է, բազմաթիվ կայքեր արգելափակվում են ազգային անվտանգության և այլ նմանատիպ պատճառաբանություներով, ապա արևմտյան երկրներում (ԱՄՆ և ԵՄ անդամ երկրներ) նմանատիպ գործողությունները կատարվում են ոչ միայն ահաբեկչության դեմ պայքարի, այլև հեղինակային իրավունքի պաշտպանության հիմնավորմամբ։ Այսօր հեղինակային իրավունքի կոշտ կիրառումը բավականին լուրջ վեճեր է առաջացնում։ Հեղինակային իրավունքի պաշտպանության կողմնակիցները դեմ են տեղեկատվության ազատ տարածմանը համացանցով, քանի որ ցանկացած հեղինակային ստեղծագործություն հասանելի է դառնում անվճար, որն էլ անմիջական հարված է հասցնում երաժիշտների, կոմպոզիտորների, գրողների և այլ ստեղծագործ անձանց հիմնական եկամտի աղբյուրին։
Սակայն, կան նաև օրինակներ, երբ հեղինակային իրավունքի պաշտպանությունը հնարավորություն է տվել որոշ խոշոր կորպորացիաների մի շարք բնագավառներում ձեռք բերել գերիշխող դիրքեր, ինչը դրական երևույթ չէ: Օրինակ՝ կիրառական գիտության, ճարտարագիտության ոլորտների մի շարք ուղղություններով գիտնականները չեն կարող անհատապես կամ որևէ կազմակերպության անվան տակ իրենց հայտնագործությունները գրանցել, քանի որ դրա հեղինակային իրավունքը պատկանում է կոնկրետ կազմակերպության։ Ստացվում է, որ նման գյուտերը հնարավոր է գրանցել միայն տվյալ կորպորացիայի անունով։ Եվ արդյունքում հայտնագործությունների հեղինակ են համարվում ոչ թե անհատները, այլ խոշոր ձեռնարկությունները։
Ի՞նչ բացասական հետևանքներ դա կարող է ունենալ:
Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, երբ հեղինակային իրավունքի ծայրահեղ խիստ պաշտպանությունը բացասաբար է անդրադարձել սպառողների կամ հանրության շահի վրա: Օրինակ՝ Cisco ցանցային տեխնոլոգիաների խոշորագույն ընկերությունը գնել էր Pure Digital ձեռնարկությունը, որն արտադրում էր լայնորեն կիրառվող Flip տեսախցիկները։ Համաձայն մի շարք աղբյուրների՝ Cisco-ն այդ ընկերությունը գնեց, որպեսզի տնօրինի Pure Digital-֊ին պատկանող արտոնագրերը: Գործարքից երկու տարի անց Cisco-ն դադարեցրեց Flip-ի արտադրությունը, քանի որ նման արտադրանքը կազմակերպության հիմնական գործունեության շրջանակներից դուրս էր։
Ի՞նչ հիմքեր ունեք՝ ասելու, որ հեղինակային իրավունքը «ծայրահեղ» աստիճանի է խստացվում:
[[wysiwyg_imageupload:235:]]Դա ունի իր բացատրությունը: Գոյություն ունեն հզոր լոբբիստական խմբեր, որոնց ֆինանսավորում են, օրինակ, ձայնագրման կորպորացիաները, կինոարտադրողները, հրատարակչական ընկերությունները։ Լոբբիստական ճիգերն այնքան ուժեղ են, որ հեղինակային իրավունքի տրամաբանական պաշտպանությունը վեր է ածվում ֆունդամենտալ գործողությունների, որն էլ ժամանակի ընթացքում ստանում է օրենքի ուժ և ազդում աշխարհում հասարակական հարաբերությունների ձևավորման վրա։ ԱՄՆ-ում այդպիսի օրենսդրական նախաձեռնություններից էին SOPA-ն (Stop Online Piracy Act կամ հայերեն «Ցանցահենության դեմ պայքարի մասին օրենք») և PIPA-ն (Protect IP Act կամ հայերեն «Մտավոր սեփականության պաշտպանության մասին օրենք»): SOPA օրինագիծը, որը ներկայացվեց օրենսդիրներին 2011թ. հոկտեմբերին, կոչված էր ընդլայնելու ամերիկյան իրավապահ մարմինների իրավասությունները համացանցում` ոչ լեգալ բովանդակության, հեղինակային իրավունքով պաշտպանված ինտելեկտուալ սեփականության առևտրի դեմ պայքարում: Ըստ օրինագծի՝ պատիժ էր նախատեսված ոչ միայն այն անձի համար, ով ապօրինի տարածում է հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակություն, այլև միջնորդների, ինչպիսին, օրինակ, որոնման համակարգն է, սոցցանցերը, եթե վերջիններս տվյալ բովանդակությունը չհեռացնեն իրավապահ մարմինների պահանջով։ Ընդ որում, օրենքը ենթադրում էր քրեական խիստ պատասխանատվություն։ Այսպես՝ եթե պարզվեր, որ կես տարվա ընթացքում ինչ-որ մեկը համացանցում հեռարձակել է տասը տեսանյութ կամ երգ, նրան կարող էր սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում։ PIPA-ն թույլ կտա ամերիկյան իշխանություններին ոչ միայն անմիջապես արգելափակել այն կայքերը, որոնք տարածում են հեղինակային իրավունքը խախտող նյութեր։ Իշխանություններին լծակներ են տրվում ճնշելու, օրինակ, որոնման համակարգերը, որպեսզի վերջիններս հեռացնեն հղումները դեպի այդ կայքեր։ PIPA-ն տվյալ պահին սառեցված է դրա շուրջ բարձրացած բացասական աղմուկի պատճառով։
SOPA-ի և PIPA-ի դեմ դուրս եկան Google-ը, YouTube-ը, Wikipedia-ն, Mozilla-ն, Facebook-ը, Twitter-ը, Yahoo!-ն, Livejournal-ը, WordPress-ը և այլ ընկերություններ, որը մեծ աղմուկ ստեղծեց, և օրինագծերը տապալվեցին։ Սակայն, նմանատիպ օրինագծերը կյանք սողոսկելու այլ մեթոդներ են գտնում։ The Anti-Counterfeiting Trade Agreement-ը (ACTA) մի պայմանագիր է, որը մաքսային մարմիններին թույլ է տալիս նույնիսկ զննել անհատների համակարգիչները, հեռախոսները՝ հեղինակային իրավունքով չպաշտպանված բովանդակություն գտնելու պատրվակով։ 2012 թվականին այս պայմանագրին միացավ նաև Եվրամիությունը, որին մինչ այդ միացել էին ԱՄՆ-ն, Ճապոնիան և մի շարք այլ երկրներ: Մեկ այլ օրենք էլ ընդունել է Ռուսաստանի Դաշնությունը, որը փոփոխություններ է մտցնում հեղինակային իրավունքի հետ կապված այլ օրենքների մեջ: Այն հնարավորություն է տալիս արգելափակել կայքը մինչև դատարանի որոշումը։ Ընդ որում, վերահսկող մարմինը պարտավոր չէ կայքը համակարգողներին տեղեկացնել, թե կոնկրետ որ նյութում կա հեղինակային իրավունքի խախտում, սակայն 24 ժամվա ընթացքում չհեռացնելու դեպքում կայքը արգելափակվում է։
Ռուսաստանի ինտերնետ հանրության մտահոգությունն այն է, որ այս օրենքը կարող է կիրառվել նաև կայքերի դեմ անարդար գործողությունների համար։ Օրինակ՝ մեծածավալ բովանդակություն գեներացնող կայքերի դեպքում նման խստացումը լուրջ վտանգ է, քանի որ հնարավոր չէ վերահսկել օրվա ընթացքում անօրինական կամ գողացված նյութերի հոսքը։
Վերադառնալով ԱՄՆ՝ պետք է նշել, որ լոբբիստական խմբերն արդեն կարծիքներ են տարածում, թե հարկավոր է հատուկ վիրուսային ծրագրերի միջոցով շարքից հանել հեղինակային իրավունքը խախտող անձանց համակարգիչները։ Իսկ եվրոպական երկրների իրավապահ մարմիններն արդեն իսկ վերահսկում են անհատների գործունեությունը` հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակության ապօրինի սպառման դեպքերը բացահայտելու համար։
Փաստն այն է, որ քաղաքակիրթ աշխարհը մտնում է մի պատմական փուլ, երբ քաղաքացիական ազատությունները վտանգվում են հանուն հեղինակային իրավունքի և մի շարք ձեռնարկությունների գերշահույթի։
Կարդացեք նաև «Հեղինակային իրավունքի պաշտպանությունը հայկական լրատվամիջոցներում» այստեղ («Լավագույնը ցանցում» առցանց լրագրողների ուղեցույց, էջ. 95):
Աղբյուրը` JNews.am