Skip to content

Եզրափակելով ամառը Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրում

Երևան, Արարատի մարզ, ևս մեկ ժամ և, վերջապես, Վայոց ձոր: Մարզ մուտք գործելուն պես զգում եմ ջերմություն և հարազատություն: Հայաստանի հարավային, լեռնային, քարքարոտ ու շոգ մարզերից մեկում` Վայոց ձորում է անցել իմ մանկությունը:

Հետաքրքիր է` մարդիկ հոգնում ու ձանձրանում են միևնույն վայրում երկար ժամանակ ապրելուց, բայց միայն հարազատ վայրերը լքելուց հետո են հասկանում, թե իրականում ինչքան կարևոր և թանկ են դրանք… Ես կանգնած եմ մի վայրում, որի յուրաքանչյուր քարը, ծառը, ճանապարհը, գյուղն ու քաղաքը մի կյանքի պատմություն են:

Մեր ընտանիքում արդեն վաղուց ավանդույթ է դարձել` որտեղ էլ հանգստանանք ու ինչպես էլ անցկացնենք մեր արձակուրդը, ամառը եզրափակում ենք Նորավանք այցելությամբ: Սա, թերևս, Վայոց ձորի ամենահրաշագեղ վայրն է: Այնքան հին է այս վանական համալիրը, որ կարծես բնության մի մասնիկը լինի:

Օրբելյան իշխանների բնակատեղին 13-րդ դարում կառուցել է Մոմիկ ճարտարապետը: Երևի սա է համալիրի արքայական դիրք ունենալու պատճառը. վանքերը թառած են բարձունքին, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել լեռները ճեղքած ոլորանները:

Նորավանք համալիրն իր մեջ ներառում է Սուրբ Աստվածածին, Սուրբ Կարապետ ու Սուրբ Գրիգոր վանքերը: Առաջինն ուշադրություն գրավողը Սուրբ Աստվածածին վանքն է: Այն առաձնանում է իր յուրահատուկ ճարտարապետությամբ: Սա բոլորին հայտնի երկհարկանի վանք է, որի ճակատային մասում՝ երկու կողմից, պատին ագուցված են նեղլիկ աստիճաններ, որոնք տանում են երկրորդ հարկ:

Աստիճանների լայնությունը հազիվ մեկ մետր է, ինչը երկրորդ հարկ բարձրանալը դարձնում է վտանգավոր: Սա ճարտարապետական մտքի պատահական փայլատակում չէ. վանք բարձրանալ ցանկացողները ստիպված են չորեքթաթ, խոնարհվելով բարձրանալ, քանի որ միայն այդպես է հնարավոր պահպանել հավասարակշռությունը: Սա էլ իր խորհուրդն ունի. Աստծո տուն հավատացյալները պետք է խոնարհվելով մտնեն:

Այսպիսով, լեռնային նեղ ոլորապտույտներն անցնելուց հետո, մենք Նորավանքում ենք: Պատմական վեպերն եմ վերհիշում… Ահա սենյակների ավերակները, լսարանները, որտեղ բազում սերունդներ են կրթվել, սրանք էլ հնագույն խաչքարերն են: Այս ամենը վկայությունն են այն բանի, որ Նորավանքը, բացի հայտնի վանական համալիր լինելուց, եղել է դպրության ու կրթության խոշոր կենտրոն: Հնի ու նորի մի հետաքրքիր խառնուրդ է այս տարածքը: Քայլում եմ` շուրջս զննելով: Արդեն չեմ հիշում, թե սա իմ որերորդ այցն է, բայց ամեն անգամ թվում է, թե առաջին անգամ եմ այստեղ:

Մտնում եմ Սուրբ Կարապետ վանք: Գավիթում հայտնի վանականների գերեզմանաքարեր են: Դրանք այնպես են դասավորված, որ անհնար է մուտք գործել՝ առանց դրանց վրայով անցնելու… Սա ևս իր խորհուրդն ունի. վանքի ներսում թաղվելով՝ վանականները ցույց են տվել իրենց խոնարհությունը, իրենց հավերժական նվիրումն Աստծուն ու ժողովրդին:

Հաջորդը Սուրբ Կարապետ եկեղեցին է: Մտնելուն պես խաչակնքում եմ, վառում մոմերս, աղոթում և երկար ժամանակ անթարթ նայում առաստաղի աջ մասի հայերեն Է տառի քանդակին՝ հույս ունենալով, որ այս անգամ բախտս կբերի: Ասում են, որ արևի լույսի տակ այնտեղ նշմարվում է Հիսուս Քրիստոսի պատկերը: Ինձանից բացի՝ ընտանիքիս բոլոր անդամները տեսել են այն:

-Դա նրանից է, որ անհավատ ես,- ասաց հայրս անցած անգամ:

Երևի հենց այս խոսքերն էին պատճառը, որ այս անգամ վանք մտա մեծ հավատով:

-Տեսնո՞ւմ ես: Էս ա, նորից երևաց,- գոռում է եղբայրս: Ես արդեն մի քանի րոպե անթարթ ու լարված նայում եմ, բայց ապարդյուն: Շրջվեցի, որ դուրս գամ` մի վերջին անգամ առաստաղին նայելով ու խաչակնքելով: Այ քեզ բան… Աչքերիս չէի հավատում`ես վերջապես տեսա Աստծո Որդու պատկերը: Ակամայից սկսեցի գոռալ՝ կանգնած վանքի մեջտեղում, որտեղ մի խումբ զբոսաշրջիկներ լուռ լսում էին զբոսավարին ու հարցեր տալիս: Ստիպված էի բացատրել, թե ինչ եմ տեսել: Ո՛չ զբոսավարը, ո՛չ էլ զբոսաշրջիկները չգիտեին, թե ինչի մասին է խոսքը: Ես մեծ հաճույքով ներկայացրի սուրբ պատկերի պատմությունը: Զբոսաշրջիկները ոգևորված վերև նայեցին ու երկար ժամանակ փորձում էին «մարսել» տեսածը: Նրանցից մեկն ասաց՝ սա իրոք սրբատեղի է:

Ինքս ինձանից գոհ ու բավարարված՝ դուրս վազեցի դեպի Սուրբ Աստվածածին: Սիրում եմ երկար նստել վանքի երկրորդ հարկ տանող աստիճաններին ու վայելել լեռնային բնության գեղեցկությունը, առավել ևս երեկոյան, երբ լեռների վրա երևում են բեզուարյան այծերն ու լսվում նրանց արձակած ձայները: Ի դեպ՝ այս կենդանատեսակը էնդեմիկ է՝ հանդիպում է միայն Վայոց ձորում:

Ցավոք, այս անգամ ոչ մի այծ չտեսա ու, բնության կարմրամոխրագույն քանդակներն ու դեղնավուն ձորերը երկար զննելուց հետո, որոշեցի ստուգել ինձ ու նեղլիկ աստիճաններով բարձրանալ վանքի երկրորդ հարկ: Այստեղ այցելողներից շատերի նպատակն է բարձրանալ վերև, սակայն մեծ մասը գերադասում է չվտանգել կյանքը: Մի քանի րոպե էլ չէր անցել, ու ես արդեն վերևում էի: Նստել էի դռան դիմաց` ոտքերս օդի մեջ կախած: Մինչ տարված էի բարձրից տեղանքը դիտելով՝ մարդիկ հավաքվել ու վերև էին նայում, փորձում էին բարձրանալ, մի քանիսը լուսանկարում էին, որոշները զարմանում. խառնաշփոթ էր:

Քանի որ երկրորդ հարկի սրբատեղին չափազանց նեղ է, իսկ բարձրանալ ցանկացողները՝ շատ, որոշեցի իջնել՝ տեղս զիջելով մյուսներին:

Արդեն համարյա գիշեր էր ու ես՝ ընտանիքիս հետ, լիցքավորված ու ինքնավստահ, քայլեցի դեպի համալիրի ելքը: Ես վերջին անգամ հետ նայեցի ու խաչակնքեցի՝ կհանդիպենք մյուս տարի, Նորավա՛նք:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում