Skip to content

Օրվա լուսանկարների հետևում

Ֆոտոլրագրող դառնալը նրա մանկության երազանքը չէր, այժմ

Ֆոտոլրագրող դառնալը նրա մանկության երազանքը չէր, այժմ էլ հոգովսրտով լրագրող իրեն չի համարում, ավելին՝ լրագրողներին էլ չի սիրում ու մտերիմ ընկերների շրջանում լրագրողների չի ներառում. այսպիսինն է Նարեկը՝ «Հետքի» օրվա լուսանկարների հեղինակը:

Նարեկ Ալեքսանյանը տարիներ առաջ «պատահաբար» ընտրեց  լրագրողի մասնագիտությունն ու մինչ օրս աշխատում է «Հետք» լրատվական կայքում որպես ֆոտոլրագրող: «Ձանձրալի էր ռուսբանասիրականում, արդեն մագիստրատուրայի համար ուզում էի մի քիչ ավելի դռայվոտ մասնագիտություն: Դե, մոտիկ էր լրագրությունը՝ երկու հարկ վերև էր. թղթերը տանելը հեշտ էր…»,- ասում է Նարեկը:

Նարեկը պատմեց, որ իր լրագրողական  առաջին փորձառությունը հենց «Հետքում» եղավ. սկզբում դասական ձանձրալի ասուլիսներն էին, հարցազրույցները, իսկ հետո եկավ սպասված կադրերի ժամանակը: Մի քանի ֆոտո անելուց հետո զգաց, որ տեքստ գրելն իր համար չէ. կադրեր որսալն ավելի գրավիչ է: Մի խոսքով` լրագրողական «բեյջը» ստանալու ժամանակ Նարեկի անվան կողքին ֆոտոլրագրող գրվեց:

[[wysiwyg_imageupload:143:]]Դեռ մասնագիտության թեմայից չէինք շեղվել, Նարեկն ամփոփեց խոսքն ու հավատացրեց, որ չնայած ամեն ինչին՝ իր գործը հաճույքով է անում. «Բախտս բերել ա մասնագիտության առումով, հիմա հայտնվել եմ էնտեղ, որտեղ ինձ լավ եմ զգում ու ինչոր անում եմ, երևի, ստացվում ա: Ուղղակի կուզեի նոր ֆորմատներ ավելացնել, շատ մարզեր գնայի, մի քիչ դուրս գայի կենտրոնից…»:

Մասնագիտության թեմայից հասանք մայրաքաղաք՝ Նարեկի ամենօրյա լուսանկարներ որսելու տարածքը, ու մյուս հարցս հնչեց. «Սիրո՞ւմ ես Երևանը»: Հետևեց ֆոտոլրագրողի պատասխանը. «Երևանում զգում եմ ինձ ոնց որ իմ ափսեի մեջ: Անգամ էն տեղերը, որտեղով ամեն օր գնումգալիս եմ, իմ համար ամեն օր նոր են, ու զգում եմ էն ռիթմը փողոցների, որի մեջ նույն երաժշտությունն ա, բայց ամեն անգամ տարբեր կատարումներով…»:

Երևանն ու իր քաղաքացին Նարեկի տեսախցիկում միշտ են հայտնվում, իսկ նրանց շրջանում Նարեկն իրեն լավ քաղաքացի համարո՞ւմ է: «Հաստատ չէ, որովհետև ընկերներով քաղաքի սրբագույն պատերը մեկմեկ կեղտոտում ենք, ընկերներս street art-ով են զբաղվում (քաղաքի պատերին իրենց բողոքն են գրում), ես էլ էտ ամեն ինչը լուսաբանում եմ, ֆոտոներ եմ անում, ու եթե քաղաքային իշխանությունների աչքերով նայենք՝ շատ վատ քաղաքացի եմ՝ ընկերներս էլ հետս»:

[[wysiwyg_imageupload:144:]]Օրվա լուսանկարներ անելուց բացի ֆոտոլրագրողը նաև քաղաքի գրեթե բոլոր անցուդարձերին է ներկա. Նարեկի ձեռագիրն արդեն շատերին է ծանոթ, հատկապես Բաղրամյանի այս տարվա մեծ ցույցերի ժամանակ Նարեկի մի քանի ֆոտոները գրավել էին ամբողջ համացանցը: Ի դեպ, դրանցից ամենահայտնին՝ «միացրած ջրցան մեքենայի ու երիտասարդ տղայի» ֆոտոն, նույնիսկ համաշխարհային մամուլում տեղ գտավ. այն New Your Times-ի բլոգում որպես օրվա լուսանկար ճանաչվեց: Նարեկը միշտ փորձում է պրոֆեսիոնալ լինել՝ առանց աշխատանքի մեջ քաղաքական դիրքորոշումներ ներդնելու, իսկ եթե այդ քաղաքական հայացքները նշմարվում են, ապա, ըստ Նարեկի, դրանք շատ հազվադեպ են լինում ու տեղին: Երբ պետք է օգնության հասնել սիրելի քաղաքին՝ նա պատրաստ է շեղվել կանոններից, օրինակ, ընկերների գրաֆիտիները նկարել կամ ինչոր մի նկարում տողատակերով «խոսել» ու տեսախցիկն «անգիտակցաբար» ցանկալի ուղղությամբ շեղել:

«Քաղաքացի՞, թե՞ լրագրող. էտ տենց միշտ կռիվ ա տալիս մեջս, փորձում եմ պահել նեյտրալիտետը, երբ ինչոր ռեպորտաժ եմ անում: Իհարկե, ինձ հուզում են քաղաքին վերաբերող հարցերը ու մեկմեկ էտ մանիպուլատիվ բաները լավ կողմից օգտագործում եմ ու դա էլ ոնց որ իմ զենքն աՔաղաքացի եմ, որն ունի մասնագիտություն ու մեկմեկ չարաշահում ա, որպեսզի քաղաքը ավելի լավը լինի, զարգանա, տեղում չդոփի, կարծրատիպեր կոտրվեն…»:

Խոսեցինք լուրջ թեմաներից, հիմա հերթը «ազատ ժամանակինն» էր, պարզվեց՝ եթե ոչ տեսախցիկ, ուրեմն՝ ճամփորդություն: Նարեկն ազատ ժամանակ սիրում է ճամփորդել ընկերներով կամ նույնիսկ մենակԳնում է, ուր տանում են ոտքերն ու անծանոթների մեքենաները: Նման ուղևորություններն «ավտոստոպերով» են իրականացվում, երբ պատահած մեքենային կանգնեցնում ես ու այդպես, մի քանի մեքենա փոխելով, բացահայտում ես նոր երկրներ ու մշակույթներ: «Ճամփորդել երևի մի քիչ սխալ կլինի. նոր տեղեր գնալ, նոր բաներ բացահայտել՝ քիչ փողով, այսինքն՝ ճամփորդության նոր ձևեր: Ամենահեռուն Մինսկ եմ գնացել, մեծ մասը «ավտոստոպով», ու հետաքրքիր ա, որ էտ ժամանակ ոչ մի ֆոտո չէի արել (տենց սիմվոլիկ մի քանի բան). կլանված էի պրոցեսով` բացահայտում էր…»:

[[wysiwyg_imageupload:145:]]Ճանապարհորդել Նարեկը նաև գրքերի աշխարհում է սիրում. մյուս սիրած զբաղմունքը ընթերցանությունն է, բայց երբ հարցրի սիրած գրողի ու գրքի անվանումը, այդպես էլ պատասխան չստացա. ոչ մի անուն չառանձնացրեց, որպեսզի միայն մեկով չսահմանափակվենք: Փորձեցի խորամանկություն անել և վերջին կարդացած գրքի անունն իմանալ. վերջին, սակայն անավարտ մնացած գիրքը Ջորջ Օրվելի «1984» էր: Ի դեպ, այս գիրքը ֆոտոլրագրողի կյանքում հետաքրքիր պատմություն ունի. պատմեց, որ այն ոչ թե գնել կամ գրադարանից էր վերցրել, այլ գողացել էր (դե, չմոռանանք մեր պապերից եկած հայտնի ասացվածքը. «գրքի գողը գող չէ», այնպես որ մեծ հանցանք Նարեկի արածը չի համարվի): Իր սիրելի սրճարանգրախանութից վերցրել էր այն ու սեփականացրել, սակայն դեռ չի ավարտել: Պատմեց նաև, որ վերջին ճամփորդության ժամանակ բեռը ծանր էր ու թողել է գիրքը ծանոթի մոտ. ապագայում կժամանի Հայաստան:

«Ինչո՞ւ», «որտե՞ղ», «ե՞րբ»-ի պատասխանները բավարար չափով իմացա ու վերջում մեր զրույցը համեմելու համար «պոզներական» մի հարց տվեցի. «Ինչի՞ համար ես ափսոսում կամ զղջում»: Միայն մի պատասխան՝ փոշմանում է, որ անգլերեն չի սովորել, հիմա էլ չի սովորում, իսկ մնացածի համար երբեք չի զղջում. ապրում է այնպես, ինչպես ինքն է ուզում:

Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի անձնական արխիվից

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում

Օրվա լուսանկարներ անելուց բացի ֆոտոլրագրողը նաև քաղաքի գրեթե բոլոր անցուդարձերին է ներկա. Նարեկի ձեռագիրն արդեն շատերին է ծանոթ, հատկապես Բաղրամյանի այս տարվա մեծ ցույցերի ժամանակ Նարեկի մի քանի ֆոտոները գրավել էին ամբողջ համացանցը: Ի դեպ, դրանցից ամենահայտնին՝ «միացրած ջրցան մեքենայի ու երիտասարդ տղայի» ֆոտոն, նույնիսկ համաշխարհային մամուլում տեղ գտավ. այն New Your Times-ի բլոգում որպես օրվա լուսանկար ճանաչվեց: Նարեկը միշտ փորձում է պրոֆեսիոնալ լինել՝ առանց աշխատանքի մեջ քաղաքական դիրքորոշումներ ներդնելու, իսկ եթե այդ քաղաքական հայացքները նշմարվում են, ապա, ըստ Նարեկի, դրանք շատ հազվադեպ են լինում ու տեղին: Երբ պետք է օգնության հասնել սիրելի քաղաքին՝ նա պատրաստ է շեղվել կանոններից, օրինակ, ընկերների գրաֆիտիները նկարել կամ ինչոր մի նկարում տողատակերով «խոսել» ու տեսախցիկն «անգիտակցաբար» ցանկալի ուղղությամբ շեղել: