Skip to content

Նունե Սարգսյան. «Չգիտեմ` ինչ ես դրանից սարքելու»

Երբ որոշեցի համալսարանում հանձնարարված ակնարկը գրել նրա մասին՝ մի քանի նախազգուշացում ստացա, որ դժվար է լինելու՝ բարդ կերպար եմ ընտրել:

Ինձ հետ զրուցելու համաձայնությունն ստանալը արդեն իսկ հաջողություն էր: Գիտեի, որ պետք է հնարավորինս լավ պատրատվել. հերոսս նաև լրագրող է: Համացանցում գտա մասնագիտությանը վերաբերող հարցազրույցներ նրա հետ, բայց իր մասին պատմող նյութեր գրեթե չկային: Որոշեցի ռիսկի դիմել: Որոնումներս շարունակեցի: Հարց ու փորձ արեցի նրա հետ աշխատող մարդկանց: Պարզեցի, որ իր պատմվածքները ներառող գրքույկ կա տպված: Ձեռք բերեցի: Հարցազրույցը մեկ անգամ հետաձգվեց, հետո մի քանի ժամ սպասեցի:

Երբ որոշեցի համալսարանում հանձնարարված ակնարկը գրել նրա մասին՝ մի քանի նախազգուշացում ստացա, որ դժվար է լինելու՝ բարդ կերպար եմ ընտրել:

Ինձ հետ զրուցելու համաձայնությունն ստանալը արդեն իսկ հաջողություն էր: Գիտեի, որ պետք է հնարավորինս լավ պատրատվել. հերոսս նաև լրագրող է: Համացանցում գտա մասնագիտությանը վերաբերող հարցազրույցներ նրա հետ, բայց իր մասին պատմող նյութեր գրեթե չկային: Որոշեցի ռիսկի դիմել: Որոնումներս շարունակեցի: Հարց ու փորձ արեցի նրա հետ աշխատող մարդկանց: Պարզեցի, որ իր պատմվածքները ներառող գրքույկ կա տպված: Ձեռք բերեցի: Հարցազրույցը մեկ անգամ հետաձգվեց, հետո մի քանի ժամ սպասեցի:

Նունե Սարգսյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրենն է: Արդեն քսան տարի գործող այս կենտրոնը զբաղվում է մեդիա գրագիտությամբ, լրագրողների համար դասընթացներ կազմակերպելով, տարբեր թիրախային խմբերի համար մեդիա արտադրանքներ պատրաստելով և այլն: 1996 թվականից մինչև 2013 գործել է որպես «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպություն: Գործունեության առաջին տարիները չեն ընդունվել գրկաբաց: Տարբեր էին ժամանակները, մարդիկ, մտածողությունը: Պատահել է նույնիսկ, որ բուհի դասախոսը ուսանողներին քննադատել է «Ինտերնյուսի» կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար: Այդ տարիներին «Ինտերնյուսը» լրագրողների համար կարծես հավաքատեղի էր, որտեղ կար սուրճ, թեյ, նոր տեխնիկա, նոր գաղափարներ, ձգտումներ: Լուրջ, նպատակաուղղված և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ «Ինտերնյուսը» մեծ հեղինակություն ձեռք բերեց ոլորտի մասնագետների, դասախոսների, ուսանողների, լրագրողների շրջանում:

Դեռ հարցազրույցի համար պայմանավորվելու ժամանակ Նունեն (նա չթողեց իրեն տիկին Նունե դիմել) ինձ առաջարկել էր ակնարկի համար ավելի լավ հերոս գտնել: Հետո պարզեցի, որ լրագրողական դիմանկարի ժանրն այնքան էլ չի սիրում. «Ես կարծում եմ, դիմանկարը հետաքրքիր է կամ շատ հետաքրքիր, կամ շատ սովորական մարդու դեպքում: Մարդ, որի մեջ հետաքրքիր բաներ իսկապես գտնված են կամ գտնվում են, և ինքը ինչոր բաներ ունի ասելու, կիսվելու մարդկանց հետ:  Ես իսկապես չեմ հասկանում  ինչ հետաքրքիր բան կարող են մարդիկ գտնել իմ մեջ, քանի որ ես դա չեմ հասկանում՝ ոչ մի ձևով ինձ հետաքրքիր չեմ դարձնում»:

Նունե Սարգսյանը կրթությամբ բանասեր է՝  ռուսաց լեզվի և գրականության մասնագետ: Որպես լրագրող, խմբագիր և պրոդյուսեր աշխատել է  «Հայաստանի ազգային հեռուստատեսություն»-ում, հետո  «Ա1» հեռուստաընկերությունում: Իր ուսումնառության տարիներին Հայաստանում լրագրողական դպրոցներ դեռևս չկային: Առաջին անգամ լրագրողական սեմինարի մասնակցել է Թբիլիսիում 1994-ին: Դասընթացը կազմակերպել էր «Ինտերնյուս» միջազգային հասարակական կազմակերպությունը, մասնակցում էին նաև Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ներկայացուցիչները:

Գրեթե մեկ տարի անց՝  «Ա1» հեռուստաընկերությունը, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Նունեն, իշխանությանների հետ առաջացած խնդիրների պատճառով հայտնվում է լուրջ ճգնաժամի մեջ, որը համընկնում է «Ինտերնյուսից» աշխատանքի առաջարկին: Նունեն համաձայնվում է, և ստեղծվում է «Ինտերնյուս»-ի հայաստանյան գրասենյակը: Ասում է, որ եթե այդ  իրավիճակը չլիներ, գուցե  չտեղափոխվեր, քանի որ այնքան էլ հստակ չէր պատկերացնում՝ ինչ է հասարակական սեկտորը, ադմինիստրատիվ աշխատանքը: «Երբեք մեծ հաճույք չեմ ստացել այս աշխատանքից: Հիմա ավելի մարդկանց հետ շփումից եմ հաճույք ստանում: Այն ժամանակ ինձ մխիթարում էր այն, որ այս նոր գործը լրագրության, պրոդյուսինգի հետ էր կապված»:

«Ինտերնյուսի» կազմակերպած սեմինարը, բացի նոր աշխատանքի հնարավորությունից, Նունեին թույլ է տալիս կատարել մասնագիտական բացահայտումներ և ստանալ շատ հարցերի պատասխանը: Ասում է, որ սովետական շրջանում՝ եթե գաղափարախոսությունը հանենք, լրագրության ոլորտում բավական պրոֆեսիոնալ մարդիկ են աշխատել, որոնք շատ  բաներ հասկացել են ավելի լավ: Խոստովանում է, որ 90-ականներին լրագրության ոլորտում ուսանելու կարիք կար: Պետք էր հասկանալ, թե ինչ ուղղությամբ են ցանկանում գնալ և ընդունել այդ ուղղության թելադրած չափանիշները: «90-ականներին նոր սերունդը եկավ, մտավ լրագրություն, որովհետև նոր էր, ազատ էր, հետաքրքիր էր: Ինչոր բաներ կարելի էր արդեն: Կարծում եմ՝ շատերս ընդհանրապես պատրաստ չենք եղել այդ ազատությանը: Բայց իրավիճակը, պայմաններն ուրիշ էին: Բազմաթիվ սխալներ ենք արել և այդ սխալների վրա սովորել»:

Նունեի լրագրողական գործունեությունը համընկել է 1980-90-ականների հասարակական-քաղաքական դեպքերին: Ասում է, որ արցախյան պատերազմն ինչ-որ իմաստով շոկ էր իր համար: Պատերազմի ընթացքում երբեմն եղել է ճակատում: Այդ շրջանում շատ հարցեր ուղղակի կյանքն էր դնում նրա առաջ, քանի որ մարդկանց ճակատագրերի հետ կապված իրավիճակներ էին ստեղծվում: «Պատերազմի ժամանակ սկսում էի լավն ու վատը հասկանալ: Մի կողմից շատ պարզ էր ամեն ինչ՝ սրանք սև են, սրանք ապիտակ, սա լավ է, սա՝ վատ: Սա էր մեր դիրքորոշումը: Հետո հասկանում էիր, որ մաքուր գույներ չեն լինում. դրանք շատ տարբեր են:Բազմաթիվ հարցեր անընդհատ կանգնում էին իմ առաջ: Երևի ինչոր չափով այդ էր պատճառը, որ հետո ակտիվ լրագրությունը թողեցի եւ սկսեցի աշխատել հենց այն ոլորտում, որը օգնում է լրագրողներին որոշ չափով հարցերի պատասխաններ գտել»:

Նունեն երկու մասնագիտություն է շատ կարևորում՝ ուսուցիչ և բժիշկ: Փոշմանում է, որ բժիշկ չի դարձել: Դասավանդում է, չնայած այն, ինչ անում է իր ղեկավարած կառույցը, մեծ հաշվով հենց դասավանդում է: Ամեն օր մտածում է գործը թողնելու մասին: Երբ հարցնում եմ՝ ինչով կզբաղվեր, ասում է կցանկանար, որ հիմնական գործը ոչ մի բան չանելը լիներ: Այլ իրավիճակում շատ լուրջ կզբաղվեր կոնֆլիկտաբանությամբ:

Նունեն չհիշեց ինչ-որ ավանդույթներ, որ գործունեության քսան տարվա ընթացքում պահպանում են գրասենյակում: Պահպանում են այն գաղափարները, ինչին ազնվորեն հավատացել են: Այս տարիների ընթացքում աշխատակազմը փոխվել է: Նունեն շատ է կարևորում նոր, երիտասարդ մարդկանց ներգրավումը: Կես կատակ, կես լուրջ ասում է, որ միայն կազմակերպությունը չի ծերանում, իրենք էլ են ծերանում: Բայց ուրախ է, որ կա մի խումբ, ում հետ սկսել է աշխատել կազմակարպության հիմնադրման սկզբնական շրջանից և այժմ էլ համագործակցությունը շարունակվում է:

Լինելով լրագրող և այժմ էլ մեծ կապ ունենալով այս ոլորտի հետ՝ Նունեն ունի յուրահատուկ վերաբերմունք այս մասնագիտության կրթության վերաբերյալ: Համարում է, որ լրագրողական ֆակուլտետների կարիք առանձնապես չկա, կարող է լինի մեկ կամ երկու տարի տևող դասընթաց: Մարդը լրագրողական հմտություններ ձեռք բերելուց առաջ պետք է ունենա մեկ այլ կրթություն, քանի որ լսարանը այժմ ավելի խորն ու բարդ  տեղեկության կարիք ունի: Բացի լրագրության հիմնական կանոններից՝ անաչառություն, ճշգրտություն, երկու կողմերի կարծիքների ներկայացում, նա կարևորում է ևս մի բան. «Լրագրողը ինչ որ անում է, մարդու համար է անում: Այն ինֆորմացիան, որ ստանում է, մարդկանցից է ստանում, և մինչև իր սերը չլինի, երևի թե այդ ամեն ինչը էֆեկտիվ չի դառնա: Վատը հիշվում է և այդ իմաստաով շատ վտանգավոր են լրագրագրության մեջ այդ օրինակները: Տասը, քսան տարի առաջ շատ քիչ լրատվամիջոցներ կային այս տարածքում, հատկապես հեռուստատեսության լրագրողներն Աստծուն մոտ մարդիկ էին համարվում: Այն՝ ինչ ասվում էր հեռուստացույցից, ընկալվում էր որպես իշխանության խոսք, ճշմարտության վերջին աստիճան: Այդ սովորությունը ինչոր չափով մնացել է, բայց նաև իրավիճակը շատ լուրջ փոխվել է: Լրագրությունը կարծես մանրացել է»:

Մասնագիտական հարցերին Նունեն մեծ սիրով էր պատասխանում, բայց երբ ցանկացա մի կողմ դնել մասնագետ եսն ու զրուցել մյուս եսերից, ես իրար հաջորդող մի քանի հարցերի պատասխաններ ուղղակի չստացա: Ասաց, որ չի ցանկանում  խոսել դրանց մասին, հիշեցրեց, որ նախապես զգուշացրել էր, որ ակնարկի համար այնքան էլ լավ հերոս չէ: Ընդհանուր առմամբ ես չիմացա ինչ է սիրում կարդալ, նայել, լսել, չիմացա իր սիրած երկրի, մշակույթի մասին: Իմացա, որ ունի սափորիկների հավաքածու, որը չունի ինչ-որ պատմություն:

Նունեն ասաց, որ բացարձակապես չի ստեղծագործում: Չցանկացավ խոսել իր չորս պատմվածքը ներառող գրքույկի մասին, որը 2014-ի իր ծննդյան նվերն էր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործընկերների կողմից: Չցանկացավ անգամ բովանդակային անդրադարձ կատարել պատմվածքներին, որոնք  ներկայացնում են իր ազգի պատմությանը՝ սկսած նախապապ վանեցի Եղիազար աղայից, ով գաղթ էր տեսել, մինչև Սիրարփի տատի պատմությունը: «Ես ուղղակի անհրաժեշտություն եմ ունեցել դա անել: Ինչոր չասված բաներ կային, որ ուզել եմ ասել: Ինձ թվում է՝ իմ անունից չի էդ ամեն ինչը…»:

Իրեն շատ է նմանեցնում տատին, ում հետ վիճել է ամբողջ կյանքում: Նունեն իրեն վանեցի չի համարում. Վանում չի ծնվել, ոչ մի կապ չի ունեցել այդ քաղաքի հետ: Ծնվել է Երևանում՝ ուրեմն երևանցի է: Եղել է Վանում: Ճանապարհորդությունը տատիկի համար է արել, բայց չի կարողացել մտնել իրենց տուն: Վանի Այգեստանում չեն պահպանվել տները, որոշ դեպքերում միայն հիմքերն են մնացել: Չէր պահպանվել նաև իրենց տունը: Հուզվել է այնտեղ, որը իր համար էլ է անակնկալ եղել:

Շատ կապված է եղբոր ընտանիքի հետ, որն այստեղ չի ապրում: Այժմ Հայաստանում չէ նաև դուստրը՝ Տաթևը:  Երբ իմացա այդ մասին՝ շատ տխուր արձագանքեցի, իսկ Նունեն՝ իրեն շատ հատուկ տոնով պատասխանեց, որ դա ողբերգական չէ, իրենք երջանիկ են, իր համար լավ է, որովհետեւ ինքն էլ է լավ լինում:

«…Ամեն մեկը իր կյանքի տարբեր ժամանակաշրջաններ է ունենում.մեկ ուզում է լռել, մեկ ուզում է կիսվել, մեկմեկ էլ ուզում է ինչոր բան ասել: Ես հիմա կիսվելու բան չունեմ: Տպավորություն ունեմ, որ ես իմ կյանքում ասել եմ ամեն ինչ, որ կարող էի ասել: Կարող է միառժամանակ հետո էլի ինչոր ասելիք ունենամ»:

Հ.Գ. Երբ արդեն ավարտել էինք մեր զրույցը՝ Նունեն ասաց. «Չգիտեմ, ինչ ես դրանից սարքելու…»:  Ես էլ չիմացա, դրանից ինչ ստացվեց:

Լուսանկարի հեղինակ` Հակոբ Հովհաննիսյան

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում