Skip to content

Վեն Մաքելվին. պոպոքի ծառից մինչև Ամերիկա

«Երբ շատ փոքր էի, գյուղում էինք ապրում: Ես միշտ երազում էի Ամերիկա գնալու մասին: Վերցնում էի մեր հին ճամպրուկը, լցնում այն շորերով, գրքերով, թուղթ ու գրիչներով, տարբեր քարտեզներով ու գնում էի գյուղի պոպոքի ծառի մոտ. դա իմ Ամերիկան էր»… Վեն Մաքելվին:

Նա նստած է գիշերային լռության մեջ. գրելիս նրան խանգարում է երաժշտությունն ու, առհասարակ, որևէ մեկի առկայությունը: Լուսադեմին մի երկու ժամ է մնացել: Առջևում կոնյակի արդեն գրեթե դատարկ շիշն է (առանց դրա չի կարողանում գրել այն) մի շարք գրված, ջնջված, խզբզված ու ուղղված, կյանքից պոկված տողեր. միջնամասը գրելիս, ինչպես միշտ, փոքր-ինչ դժվարանում է: Գրում է՝ չիմանալով, թե ինչ է գրելու, գրում՝ բավական երկար դադարից հետո:

16 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը՝ «Մի օր ես կգամ»: Գրում է` ներշնչված սեփական կյանքից: Այստեղ ամեն ինչ իրական է: Այդ պատմվածքը նրան փոքր-ինչ փորձ է տալիս և ճանաչում, չնայած այն բանին, որ կարելի է գտնել միայն առցանց տարբերակը: Ասում է, որ պատմվածքը դատարկեց իրեն. դժվար էր վերապրել ապրածը: Նա մինչև օրս էլ չի հավատում, որ կարողացել է գրել դա.

«-Վան, վե՛րջ, Գայանեն կլռի, ինչպես լռեց նրա գիրքը, ես էլ չեմ խոսի, գուցե տարիներ հետո կատես իմ լռությունը… Բարձրացա ես՝ ձեռքդ դնելով քո կրծքին:

-Լսիր քո մեռնող սրտին ու մի բան խոստացիր ինձ:

-Ի՞նչ ես ուզում, որ խոստանամ:

-Այն, ինչ գիտես, որ անպայման կլինի:

«Երբ շատ փոքր էի, գյուղում էինք ապրում: Ես միշտ երազում էի Ամերիկա գնալու մասին: Վերցնում էի մեր հին ճամպրուկը, լցնում այն շորերով, գրքերով, թուղթ ու գրիչներով, տարբեր քարտեզներով ու գնում էի գյուղի պոպոքի ծառի մոտ. դա իմ Ամերիկան էր»… Վեն Մաքելվին:

Նա նստած է գիշերային լռության մեջ. գրելիս նրան խանգարում է երաժշտությունն ու, առհասարակ, որևէ մեկի առկայությունը: Լուսադեմին մի երկու ժամ է մնացել: Առջևում կոնյակի արդեն գրեթե դատարկ շիշն է (առանց դրա չի կարողանում գրել այն) մի շարք գրված, ջնջված, խզբզված ու ուղղված, կյանքից պոկված տողեր. միջնամասը գրելիս, ինչպես միշտ, փոքր-ինչ դժվարանում է: Գրում է՝ չիմանալով, թե ինչ է գրելու, գրում՝ բավական երկար դադարից հետո:

16 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը՝ «Մի օր ես կգամ»: Գրում է` ներշնչված սեփական կյանքից: Այստեղ ամեն ինչ իրական է: Այդ պատմվածքը նրան փոքր-ինչ փորձ է տալիս և ճանաչում, չնայած այն բանին, որ կարելի է գտնել միայն առցանց տարբերակը: Ասում է, որ պատմվածքը դատարկեց իրեն. դժվար էր վերապրել ապրածը: Նա մինչև օրս էլ չի հավատում, որ կարողացել է գրել դա.

«-Վան, վե՛րջ, Գայանեն կլռի, ինչպես լռեց նրա գիրքը, ես էլ չեմ խոսի, գուցե տարիներ հետո կատես իմ լռությունը… Բարձրացա ես՝ ձեռքդ դնելով քո կրծքին:

-Լսիր քո մեռնող սրտին ու մի բան խոստացիր ինձ:

-Ի՞նչ ես ուզում, որ խոստանամ:

-Այն, ինչ գիտես, որ անպայման կլինի:

-Ականջդ բեր,-նախ համբուրեցիր այտս, ապա շուրթերդ մեղմորեն հպվեցին ականջներիս,- «Մի օր ես կգամ», ուր էլ որ լինեմ»:

Չնայած այս պատմվածքը գեղարվեստական ոճով ու գրելաձևով զիջում է վերջին գրածներին, սակայն ամենաթանկ և դժվար գործերից մեկն է իր համար:

Վեն՝ նույն ինքը՝ Վանիկ Հովակիմյան, ում 20 տարին նոր է լրացել…

Մինչ գրելը Վանիկը նկարում էր: Նստում էր կեսգիշերային լռության մեջ ու ազատություն տալիս թե՛ մտքերին, թե՛ ձեռքերին: Նկարներն իր կարծիքով ստացվում էին, սակայն կար մի բան, որ նրան չէր հերիքում, մի բան պակասում էր: Կային բաներ, որոնք ի զորու չէր վրձնով ու ներկերով ասելու, իսկ թուղթն ու գրիչը լրացնում էին այդ բացը:

Տասնյոթ տարեկան էր, երբ գրեց իր առաջին էրոտիկ ստեղծագործությունը, 18-ում ավելի բուռն կերպով էր գրում: Ինչ-որ պատանեկան արկածախնդրություն էր: Նմանատիպ գործերի թիվն արդեն 50-ի էր հասնում… «Գրեցի, գրեցի ու դրանից էլ հոգնեցի: Եկավ մի շրջան, երբ հասկացա, որ դա իմը չէ. դա ինձ խանգարում է: Կարծում էի, թե ազատություն եմ անում, բայց, իրականում, անում էի այն, ինչը հարկադրված էի անելու, ինչի շնորհիվ լսարանս ավելի մեծացավ, սակայն դրանից ես ընդհանրապես ազատ չդարձա»,- ու նորից դադար մինչև «19-րդ տարվա վերջին լուսաբացը» պատմվածքը, որ գրում է 19 տարեկանում և հասկանում, որ հանգստություն է գտնում իր իսկ գրականության մեջ:

Լինում են պահեր, երբ ամեն ինչ խառնվում է, փնտրտուքի ու ճգնաժամի մեջ է հայտնվում, և, երբ գրում է մի բան, որն իր սրտից է գալիս, նորից վերագտնում է ինքն իրեն: Տարօրինակ է, բայց Վանիկը չի սիրում գրքեր կարդալ և երբեք չի թաքցնում այդ փաստը: Նա սիրում է գիրքը միայն տեսականորեն. կարող է ժամեր անցկացնել գրադարանում գրքեր դասավորելով. «Վերջերս նորից փորձեցի կարդալ, բայց, գրողը տանի, չի ստացվում: Շատերն են զարմանում, թե ինչպե՞ս եմ կարողանում գրել առանց ընթերցելու»:

Վանիկի ստեղծագործություններում հաճախ կարելի է տեսնել տարրական ուղղագրական սխալներ: Սյունե Սևադայի ֆեյսբուքյան գրառումներից մեկը, որտեղ նա բերել էր գրական չափանիշներ, բավական բարկացրել էր Վանիկին, որովհետև նրա համար գրականությունն ազատություն է՝ առանց չափանիշների ու օրենքների: Ըստ նրա՝ գրողին ոչ թե ասում են՝ դու պետք է շարժվես այս չափանիշներով, այլ տալիս են անսահմանափակ ազատություն անելու այնպես, ինչպես ինքն է սիրում:

«Հնարավոր է, որ Վանիկի ընթերցողները շատ են։ Եթե իմ անունից խոսեմ՝ ես տեքստային այլ նախասիրություններ ունեմ ու Վանիկի ձեռագիրն անձամբ ինձ հարազատ չէ։ Այնուամենայնիվ, ուրախ եմ, որ գրող մարդիկ կան ու բավական շատ են։ Դա հնարավորություն է տալիս որոշակի գրական տարածք ունենալ ու լայնացնել ընտրության հնարավորությունը»:

Առավոտ է: Պետք է շտապել աշխատանքի: «Blackberry-Yerevan»-ն իրեն է սպասում: Մատուցել սեղան համար 5-ին, հետո 7-ին, ապա մոտենալ կողքի սեղանին ու այսպես՝ մինչև աշխատանքային օրվա վերջը: Արդեն հոգնել է շատ. նստում է ու գլուխը հենում ձեռքին, իսկ առավոտյան թարմ նյութ է հայտնվում համացանցում՝ «Վանիկ Հովակիմյանը թողել է գրելը առողջական խնդիրների պատճառով», հետո մի ավելի «կատարելագործված» լուր է տարածվում՝ գրելը թողնելու պատճառը լուրջ հոգեկան խնդիրներն են: Է՜խ, մարդիկ, նա պարզապես հոգնած էր:

«Մարդկանց մեջ պակասում է սեփական ինքնության հանդեպ վստահությունը: Նրանք վախենում են ապրել սեփական կյանքով, լուրջ քայլեր կատարել, վախենում են նոր բան սկսել, ու հենց այդ վախից էլ սկսում են անտարբեր դառնալ ու չորանալ: Մարդիկ ապրում են կիսակյանքով, նրանք հաշվարկված են. անում են այն, ինչ հարկադրված են անել: Հաշվարկված է նրանց յուրաքանչյուր քայլն ու միմիկան, որովհետև նրանք չեն ասելու այն, ինչ ուզում են ասել, այլ ասելու են այն, ինչ պետք է ասել»:

Հետո Վանիկը քայլում է Երևանի փողոցներով: Հաճախ ծանոթ մարդիկ են հանդիպում ու տալիս այն հարցը, որ նա տանել չի կարողանում՝ ինչպե՞ս ես: Կարծես դիպչում են նրա թույլ տեղերին: Նա քալում է, նայում մարդկանց դեմքերին ու մի ցանկություն է ներսում վառվում՝ շրջվել ու բոլորին հերթով ասել՝ ցավակցում եմ. «Այսօր ոչ ոքի կյանքն էլ հեշտ չէ: Ես իմ կյանքում շատ դժվարությունների միջով եմ անցել և կարող էի այդպիսին դարձած լինել, սակայն ինչքան կյանքը դժվարանում է, դու այդքան պետք է հասունանաս ու հասունանալու հետ մեկտեղ մի քիչ էլ գիժ ու խելառ մնաս: Ու ես գիտեմ, որ խայտառակ գիժ եմ, բայց, գրողը տանի, ես ԱԶԱՏ եմ»:

Վանիկն ասում է, որ իր համար գլխավորը ազատությունն է. ազատությունն ամենուրեք՝ իր և դիմացինների մեջ, գրականության ու հարաբերությունների մեջ: Նրա կյանքում չկան պատահական մարդիկ, որովհետև նա միշտ ընտրում է այնպիսիններին, ում հետ կարող է պատմություններ ստեղծել ու լավ հիշողություններ, ովքեր ինչ-որ բան կարող են տալ իրեն և երբեք կախում չունենալ իրենից: Մարդիկ, ովքեր եղել են նրա կյանքում, սիրել են նրա ազատությունը:

«Հարաբերություններ շատ եմ ունեցել, սակայն դրանք երկար չեն տևել, որովհետև մարդիկ կարծում են, որ դու պարտականություններ ունես, բայց ես սիրո հարցում էլ ազատության կողմնակիցն եմ: Կյանքը շատ կարճ է յուրաքանչյուր հարաբերություն հարատևելու համար. մարդիկ կորցնում են հետաքրքրությունը, տարիքն ու խելառությունը ժամանակի ընթացքում»:

Ու Վենը կրկին գիշերային լռության մեջ է: Այսօր նրա ընկերը գինին է: Արդեն 20 տարբեր նախաբաններ է գրել նոր գրքի համար, բայց, թե ինչպես կսկսի՝ պարզ չէ, ու պարզ չէ, թե գիրքը երբ լույս կտեսնի: Գուցե տարիներ տևի մինչ գրախանութներում հնարավոր լինի գտնել «Սառը քամիներ»-ը, որը, հավանաբար, լույս կտեսնի հայերեն, ռուսերեն և անգլերեն: Գրքում լինելու է թե՛ սյուրռեալիզմ, թե՛ դրամա, թե՛ հակաքրիստոնեություն, թե՛ էրոտիկա: Հրատարակվելու է 3 տարբեր գիրք. առաջինում նկարագրվելու է, թե ինչպես գլխավոր հերոսը՝ Վեն Մաքելվինը (հենց իր հերոսի անունն էլ Վանիկ Հովակիմյանը վերցրել է որպես կեղծանուն), որը իռլանդական կերպար է, անցնելով մի շարք դժվարությունների միջով՝ հասնում է կատարելության: Երկրորդ գրքում մարդը, անցնելով նույն դժվարությունների միջով, չի հասնում կատարելության, այլ ՝ ընդհակառակը: Իսկ երրորդ գրքի փակագծերը չբացվեցին:

Շատ հարցերի մասին է անհանգստանում Վենը, օրինակ, որ չթափվեն իր գանգուր մազերը, իսկ, եթե ավելի լուրջ, նա միշտ անհանգստանում է ընտանիքի համար և, թե մինչև ուր է հասնելու իր գրական կյանքը մի երկրում, որտեղ հանրահայտորեն մեռնում ես:

«Որոշել եմ՝ պետք է վարվել այնպես, ինչպես փոքր ժամանակ: Կվերցնեմ ճամպրուկս ու կմեկնեմ, բայց այս անգամ ոչ թե գյուղի պոպոքի ծառի մոտ, այլ՝ իրական Ամերիկա»:

Սույն նյութը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում