Skip to content

Արեն Մալաքյան. կինո փողոցում, տանը, սրճարանում

Արեն, մի անգամ պատմեցիր, որ Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմը դիտելուց հետո ապշած էիր, մեջդ ինչ-որ բան էր արթնացել ու ցանկացել էիր կինո նկարել: Ի՞նչն էր քեզ այդպես ոգևորել:

Գոյություն ունի կինոյի կախարդանք ասվածը: Զվյագինցևի մոտ այդ կախարդանքը շատ ուժեղ էր: Այդ ֆիլմում նա ստեղծել էր իր աշխարհը, մթնոլորտը ու փոխանցել էկրանին, իսկ էկրանից դա փոխանցվում էր քեզ: Դա իմ առաջին հանդիպումն էր մեծ կինեմատոգրաֆի հետ: Զվյագինցևը կարողացավ մեջս փոթորկել: Մինչ այդ նվագում էի Վանաձորի փողային նվագախմբում ու պատմվածքներ գրում, բայց դրանք փոքր փոթորիկներ էին: Ու հասկացա՝ միակ բանը, որի միջոցով կարող եմ առավելագույնս ինքս ինձ քամել, կինոն է: Այդ ժամանակ 15 տարեկան էի:

Այդ հանդիպումից անցավ մի քանի տարի ու միանգամից որոշեցիր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտո՞ւտ:

Արեն, մի անգամ պատմեցիր, որ Անդրեյ Զվյագինցևի «Վերադարձ» ֆիլմը դիտելուց հետո ապշած էիր, մեջդ ինչ-որ բան էր արթնացել ու ցանկացել էիր կինո նկարել: Ի՞նչն էր քեզ այդպես ոգևորել:

Գոյություն ունի կինոյի կախարդանք ասվածը: Զվյագինցևի մոտ այդ կախարդանքը շատ ուժեղ էր: Այդ ֆիլմում նա ստեղծել էր իր աշխարհը, մթնոլորտը ու փոխանցել էկրանին, իսկ էկրանից դա փոխանցվում էր քեզ: Դա իմ առաջին հանդիպումն էր մեծ կինեմատոգրաֆի հետ: Զվյագինցևը կարողացավ մեջս փոթորկել: Մինչ այդ նվագում էի Վանաձորի փողային նվագախմբում ու պատմվածքներ գրում, բայց դրանք փոքր փոթորիկներ էին: Ու հասկացա՝ միակ բանը, որի միջոցով կարող եմ առավելագույնս ինքս ինձ քամել, կինոն է: Այդ ժամանակ 15 տարեկան էի:

Այդ հանդիպումից անցավ մի քանի տարի ու միանգամից որոշեցիր ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտո՞ւտ:

Իրականում ամեն ինչ այդպես ուղիղ չէր: Այո, այդ ֆիլմից հետո որոշեցի, որ պետք է զբաղվել կինոյով, չնայած չգիտեի՝ ով է ռեժիսորը, իսկ ով՝ օպերատորը: Գրականություն ուսումնասիրելուց հետո հասկացա: 2008-ին դիմեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի վավերագրական կինոյի ֆակուլտետ, բայց չընդունվեցի: Փոխարենն ինձ առաջարկեցին հեռակա սովորել հեռուստատեսային ռեժիսուրա: Մինչև երկրորդ կուրս մեզ թույլ չէին տալիս նկարահանել, մենք պատմվածքներ էինք գրում, ու ես դա չէի հասկանում: Ընդհարվեցի դասախոսների հետ, դուրս եկա ինստիտուտից, գնացի բանակ: «Մեր կինո» ամսագիրն էին ինձ միշտ ուղարկում, կարդում էի: Մի անգամ ամսագրում Էդգար Բաղդասարյանի հարցազրույցը կարդացի, ոգևորվեցի: Բանակից վերադառնալիս, մտածում էի ՎԳԻԿ ընդունվել, բայց, իմանալով, որ Էդգար Բաղդասարյանը կուրս է հավաքում, շատ հանգիստ մտափոխվեցի:

Ինչքանո՞վ նա բացեց ու զարգացրեց քո մեջ կինոռեժիսորին:

Ծնողներիս տված դաստիարակությունից հետո իմ մշակութային դաստիարակությունը ստացել եմ Էդգար Բաղդասարյանից: Նա ինձ ճիշտ ուղղություն էր տալիս՝ ցույց տալով, թե կինոն որտեղ է: Մոտեցրեց կինոյին, սովորեցրեց տարբերելլավ ու վատ կինոն:

Ի՞նչ հաճախականությամբ ես ֆիլմեր դիտում, որքա՞ն մեծ է կինոյի տեղը քո կյանքում:

Շատ մեծ է: Պարտադիր չի՝ կինո նայեմ, որ առնչվեմ կինոյին: Ամեն տեղ՝ փողոցում, տանը, սրճարանում, պետք է կինո լինի ինձ համար, ու անընդհատ կինոն պետք է ինձ հետ լինի: Այն ծնվում է ներսումդ, հետո ուղեղդ ձև է տալիս դրան, ու հետո փորձում ես այն իրականացնել: Առանց կինոյի հնարավոր չի, ի վերուստ տրված բան է, որն ուղղակի չես կարող փոխել:

Որո՞նք են սիրածդ ֆիլմերը, ռեժիսորները: Ո՞րն է քո սիրած կինոլեզուն:

Ես բազմապրոֆիլ կինո եմ սիրում: Պաշտում եմ Տարկովսկուն, Անտոնիոնիին, Բերգմանին, բայց կա նրանցից շատ տարբեր մի կինոլեզու, որը նույնպես սիրում եմ, օրինակ, Գոդարի ֆիլմերը: Ես սիրում եմ այն կինոն, որն իմ մեջ հարցեր է բարձրացնում ու նաև կինոլեզու է, այսինքն՝ պատկերների միջոցով միտք է արտահայտում: 

Ուսանողական տարիներին նկարահանել ես երեք ֆիլմ: Երկրորդ կուրսում արած «Սիրո խոստովանություն ճապոնական ոճով» կարճամետրաժ գեղարվեստականը Սոֆիայի «Նոր ալիք» ուսանողական ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին «Լավագույն մոնտաժ» անվանակարգում: Տարբեր երկրներում հաճախ լինելը և երիտասարդ կինոռեժիսորների հետ հանդիպումներն ի՞նչ ազդեցություն են ունենում քեզ վրա:

Ինձ դուր է գալիս մեկնել կինոփառատոների ոչ թե մրցանակներ ստանալու, այլ իմ տարիքի, բայց ուրիշ աշխարհայացք ունեցող կինոռեժիսորների հետ շփվելու համար: Հայաստանում գրեթե բոլորին ճանաչում եմ: Բայց ինձ նաև հետաքրքիր է, թե ինչպես է Անգլիայից կամ Ուգանդայից մի կինոռեժիսոր տեսնում աշխարհը, ինչպիսին են նրանց կինոն:

Կինոինստիտուտում սովորող շատ ուսանողներ կփաստեն, որ իրենց տրված տեխնիկական հնարավորությունները շատ դեպքերում զիջում են, օրինակ, ՎԳԻԿ-ի ուսանողներին տրված հնարավորություններին: Քո կարծիքով՝ արհեստավարժության առումով հայ երիտասարդ կինոռեժիսորները զիջո՞ւմ են այլազգի երիտասարդ կինոռեժիսորներին:

Խնդիրներն անհատական են և յուրաքանչյուրի մոտ՝ տարբեր: Ես ինձ պակաս չեմ զգում ՎԳԻԿ-ում կրթություն ստացած ուսանողից, Բուլղարիայում կամ Ալմաթայում ավարտած ռեժիսորների հետ համեմատության մեջ ոչ մի տարբերություն չեմ զգացել, որովհետև ես ինքս ինձ վրա շատ եմ աշխատում:

«Սիրո խոստովանություն ճապոնական ոճով»-ին հաջորդեց«Տատն ու պապը», որն Անջեյ Վայդայի կինոդպրոցի իրականացրած «Աշխարհը արևածագից մինչև մայրամուտ» լեհական վավերագրական նախագծի մի մասն էր: 2014-ին արդեն նկարահանեցիր «Աղջիկը լուսնի վրա»վավերագրականը, որն արժանացել է 5 մրցանակի՝ Ֆրեսկո, ղազախական «ԲԱՍՏԱՈՒ», WEBԾիրան, ArtFest և Նախագահի երիտասարդական մրցանակ: Այն նաև ցուցադրվել է «Ոսկեծիրանում»: Որո՞նք էին գլխավոր գործոնները, որոնք հաջողություն բերեցին ֆիլմին:

Այն հուզում է մարդկանց: Ես իմ առաջ խնդիր էի դրել, որ ֆիլմը նայելուց հետո դիտողը չպետք է խղճահարություն ունենա հաշմանդամություն ունեցող մարդու հանդեպ, այլ պետք է ունենա ինքն իր հանդեպ, որովհետև նա չի անում այն, ինչ անում է հաշմանդամը: Շատ մարդիկ մոտենում ու ասում էին, որ դիտելուց հետո ուզում են ֆիլմի հերոսների նման լինել: Ես փորձել եմ հաշմանդամներին ներկայացնել իրենց ուժեղ կողմերով: Ուզում էի մարդկանց ցույց տալ, որ հոգևոր բարձր արժեքները, աշխարհը փոխելու պատրաստակամությունն ավելի ուժեղ է, քան ֆիզիկական թուլությունը:  

Որպես կինոռեժիսոր ինչպե՞ս կարողացար սահմանափակ կարողությունների տեր մարդկանց հետ աշխատել ու հասնել փոխադարձ վստահության:

Նախագիծն սկսելուց առաջ գիտեի, որ նրանք շատ լուրջ բարդույթներ ունեն: Պետք էր նկարահանել նրանց վերելքներն ու անկումները այնպես, որպեսզի նրանք չնկատեն տեսախցիկի ներկայությունը: Պարզապես մերվեցինք նրանց հետ, սկզբում նրանք խաղում էին տեսախցիկի առաջ: Հետո մի օր ամեն ինչ փոխվեց, ու նրանք սկսեցին ոշադրություն չդարձնել ու կարևորություն չտալ տեսախցիկին: Մենք ինքներս էլ սկսեցինք չֆիքսվել դրա վրա: Վերջին նկարահանումների ժամանակ արդեն հերոսները պարզապես չէին նկատում մերտեսախցիկները:

Ինչպե՞ս ես վերաբերվում մրցանակներին:

Մեծ կարևորություն դրանց չեմ տալիս: Ինչ-որ զգայական բան ծնվում է մեջդ, երբ մի քանի ֆիլմից հաղթում է հենց քոնը: Բայց դա սուբյեկտիվ չափանիշ է, որովհետև չափանիշ որոշողներն էլ մարդիկ են: Այսօր փառատոների 90%-ը քաղաքականացված է: Բայց ես սիրում եմ մասնակցել կինոփառատոների ֆիլմեր դիտելու համար:

Ամենաթարմ աշխատանքդ «Հատուկ բաժին» խորագիրը կրող նոր ֆիլմաշարն է, որն արդեն ցուցադրվում է Հանրային հեռուստատեսությամբ: Նկարահանել ես վարպետիդ՝Էդգար Բաղդասարյանի հետ, արդեն որպես գործընկեր: Ինչպե՞ս էր:

Ֆենոմենալ հետաքրքիր և շատ պատասխանատու: Չէի պատկերացնում՝ ինչպես պետք է աշխատեմ, շատ դժվար էր կարծիք ասել կամ առաջարկներ անել մի մարդու, ով սովորեցրել է քեզ: Բայց ես ընդհանրապես ճնշված չէի զգում ինձ նրա հետ աշխատելիս: Շատ դեպքերում լսել եմ իր կարծիքը, որովհետև երկար տարիների փորձ ունեցող և արագ արձագանքող մարդ է: Ռեժիսորները սովորաբար էգոիստ են, բայց նա թույլ էր տալիս, որ ես նկարեմ այնպես, ինչպես ես եմ տեսնում: Շատ դեպքերում շտկումներ էր անում, բայց այնպես, որ ես չզգամ, որ թերացել եմ, որովհետև այդպես մեր ֆիլմը միայն շահում էր: Եթե նա չլիներ, ես  16 մասանոց ֆիլմ նկարելու առաջադրանքի տակից դուրս չէի գա:

Փաստորեն նկարահանել ես և´ խաղարկային, և´ վավերագրական կինո: Երկուսից ո՞ր մեկն է քո կինոձեռագրին և կինոնախապատվություններին ավելի համապատասխան:

Խաղարկային կինոյում, իմ կարծիքով, լարվածությունն ավելի մեծ է: Պետք է ստեղծես կյանքին մոտ իրավիճակ: Վավերագրական կինոյում էլ կա լարվածություն, որովհետև լարված սպասում ես մի իրավիճակի՝ այն չկորցնելու համար: Բայց ես երկու լարվածությունից էլ միշտ հաճույք եմ ստանում: Չեմ կարող ասել՝ որն է ավելի հոգեհարազատ ինձ: Եթե նկարում եմ ինչ-որ բան, ու այն կինո չի, ուրեմն ինձ հոգեհարազատ էլ չի:

Հե՞շտ է աշխատել հայկական կինոարտադրությունում:

Շատ դժվար է, որովհետև Հայաստանում կինոարտադրություն չկա: Ի՞նչ կինոարտադրություն, եթե տարեկան արտադրվում է մոտ տասը էժանագին կոմեդիա: Ոչ մի տեղ ֆինանսավորում չես գտնի, որպեսզի չնկարես թեթև և միայն կոմերցիոն նպատակներ հետապնդող ֆիլմ: Հիմա նաև շատ դժվար է դարձել ֆինանսավորում ստանալ եվրոպական շատ ֆոնդերից: Բայց ես կարծում եմ, որ եթե շատ ես ուզում, անպայման քո կինոն կնկարես: Ես իմ գաղափարով հետաքրքրել եմ շատ մարդկանց, ու նրանք պատրաստ են աշխատել ինձ հետ իմ հաջորդ ֆիլմի վրա:

Կուզեի՞ր ապրել ու ստեղծագործել ուրիշ երկրում, ուրիշ կինոիրականության մեջ:

Իրականում այս երկիրն ինձ շատ է սնուցում, բայց սնուցվելու հետ մեկտեղ ես չեմ կարողանում ռեալիզացնել: Այսինքն՝ կուտակվում է, սցենարի տեսք է ստանում, բայց դու չես կարողանում իրականացնել: Այդ տեսանկյունից կուզեի ապրել մի երկրում, որտեղ տարին մեկ-երկու անգամ կարողանայի իրականացնել գաղափարներս: Բայց հոգևոր տեսանկյունից՝ այս երկիրն է ինձ սնուցողը:

Ո՞րն է լավ կինոն:

Կարևոր է, որ այն, ինչ զգում ես, կարողանաս ճիշտ ձևի մեջ դնել:

Կինոյից առավել ի՞նչ կամ ո՞ւմ ես սիրում:

Կինոն լրիվ ուրիշ տեղում է: Բայց ինձ համար կարևոր է սիրել մարդկանց, հակառակ դեպքում ամեն ինչ անիմաստ է: Այսօր մարդիկ չարանում են: Կան մարդիկ, որոնք ավելի շատ են սիրում կենդանիներին, քան մարդկանց: Ես դա չեմ հասկանում ու չեմ կիսում նման տեսակետը: Մարդը պետք է մեծ սեր ունենա դեպի մարդ տեսակը, որովհետև միայն մարդն ունի գիտակցություն:

Ի՞նչ կփոխեիր Երևանում, Հայաստանում կամ մարդկանց մեջ:

Ես փոխելու համար եմ կինոյով զբաղվում, որովհետև կարծում եմ, որ արվեստն է մարդկանց մեջ ինչ-որ բաներ փոխում: Առաջին հերթին կփոխեի մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ: Դժվարանում եմ համոզված ասել, որ սիրում եմ Երևանը, բայց ես ուզում եմ ուրիշ քաղաք տեսնել: Ուզում եմ սոցիալական լուրջ խնդիրներից ազատված մարդկանց տեսնել, մարդիկ, որ չեն մտածում գոյության պայքարի մասին: Այսօր հարգված են այն մարդիկ, ովքեր ունեն շատ փող, բայց չունեն մտավոր հորիզոններ: Ինձ համար ամենալուրջ խնդիրը արժեքների տակնուվրա վիճակն է:

Կյանքդ խաղարկայի՞ն կինոյին է մոտ, թե՞ վավերագրական: 

Միանշանակ խաղարկային: Ես սիրում եմ հետևել իմ կյանքին ու հետևելու ընթացքում փոխել, բեմադրել:

Կինո նկարելու ես քե՞զ, կինոփառատոների՞, թե՞ լայն լսարանի համար:

Մարդ տեսակի համար: Իմաստ չկա 5000 դոլար ծախսել ու ասել՝ էդ ֆիլմը ես ինքս ինձ համար եմ նկարել: Նկարում ես, որ ինչ-որ քո մեջ է, ցույց տաս ուրիշին:

Լուսանկարը` Արեն Մալաքյանի ֆեյսբուքյան էջից

Սույն հարցազրույցը պատրաստվել է ԵՊԼՀ-ի «Լրագրության վարպետություն» առարկայի շրջանակներում